Մեկնաբանություն

28.07.2020 01:05


Ինչո՞ւ են հաբռգել թուրքերն ու ադրբեջանցիները

Ինչո՞ւ են հաբռգել թուրքերն ու ադրբեջանցիները

Ինչի՞ց է, որ, ի հեճուկս վարչահրամայապետ Փաշինյանի և իր տիկնոջ «խաղաղասիրության ցույցերի», Արցախի հարցը «նաև Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով լուծելու», Հեյդարի որդի Իլհամի, յուր «ճաճանչափայլ» փոխնախագահ կեսի և ադրբեջանական «ժողովրդի» հետ երկխոսելու, «չայ խմելու», մուղամ լսելու անզուսպ ցանկության, հակամարտությունը բուն հակամարտության գոտուց` արցախա-ադրբեջանական շփման գծից տեղափոխել են հայ-ադրբեջանական սահման։ Դեռ մի բան էլ «միջազգայնացրել» են` պատերազմ են հայտարարել համայն աշխարհի հայերին, լինեն նրանք Հայաստանո՞ւմ, Արցախո՞ւմ, Ռուսաստանո՞ւմ, Միացյալ Նահանգներո՞ւմ, Եվրոպայո՞ւմ, թե՞ այլուր։

Արդյոք խնդիրը միայն ա՞յն է, որ Փաշինյանն Ալիևի հետ վերելակային և այլ «ինտիմ շփումների» ժամանակ փափուկ բարձ էր դրել ադրբեջանցի «կիրթ և կառուցողական գործընկերոջ» գլխի տակ, հուսադրել, «օպտիմիզմ» ներշնչել, թե «փոքր քայլերով»` «մինի հեղափոխություններով», «թավշահեղափոխված» հասարակական կարծիքը նախապատրաստելով «խաղաղության», հատ-հատ շարքից հանելով «կոշտ գծի» ներկայացուցիչներին, որոնք կարող են խոչընդոտել Արցախի փուլային հանձնման ծրագրի իրականացմանը, նույն հասարակական կարծիքի ճնշման տակ ստիպված եղավ հետքայլ անել։

Ալիևը չի էլ փորձում թաքցնել, որ խորապես հիասթափված է բանակցություններից, որոնցից դեռ երկու-երեք ամիս առաջ «աննախադեպ» գոհ էր` «պարտք ու պահանջ» չուներ Մինսկի խմբի համանախագահներից, չէր փորձում խնդիրը տեղափոխել այլ ատյաններ` անընդհատ պոզուպոչ կպցնելով միջնորդների ջանքերին։ Խոփը քարին էր դեմ առել` հայկական կողմը, ճիշտ է, վախենում է «Արցախի (կամ Լեռնային Ղարաբաղի» հանրապետություն», «Արցախի հանրապետության իշխանություն» բառակապակցություններից, ինչպես ժանտախտից, անվտանգության «նոր» ռազմավարության մեջ էլ խուսափել է «Արցախի անկախություն» եզրից` բավարարվելով «Արցախի անվտանգություն» ամորֆ ձևակերպմամբ, բայց «չեմուչում» է անում` դեռ ձեռքերը վեր չի բարձրացրել ու չի հանձնվել։ Գոնե պատմական այս հանգրվանում։

Այ, հենց դրա համար էլ Ալիևը կատաղել է` ափերից դուրս է եկել, «վճռականորեն» խախտել 2 տարվա հարաբերական հրադադարը և վերադարձել տասնամյակների փորձություն անցած սադրիչ քաղաքականությանը, և օգնության կանչել «ավագ եղբորը»։

Հայկական բանակը ցույց տվեց, որ իր տեղում է, սարի պես կանգնած է Արցախի թիկունքին, պատրաստ` հետ շպրտելու և «համարժեքից» մի բան էլ ավելի հզոր հակահարված տալու թշնամուն, ինչը վերջնականապես հունից հանել է Ադրբեջանի սուլթանին, իր նազիր-վեզիրներին ու թուրք «եղբայրներին»։

Իհարկե, կա նաև արտաքին գործոնը։ Այն, որ Հայաստանը՝ ի դեմս Փաշինյանի, հիմնավորապես փչացրել է հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ` այն աստիճան, որ Պուտինի հետ հեռախոսազրույցին «կակա է ասում»։ Արևմուտքին էլ հետաքրքրում է բացառապես այնքանով, որքանով կարող է կամ չի կարող օգտագործվել որպես Ռուսաստանին խեղճացնելու, Հայաստանից, ապա` նաև տարածաշրջանից դուրս մղելու բութ գործիք։ Եվ դա, բնականաբար, գրգռում է Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը` ռազմական նոր արկածախնդրություն սանձազերծելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ։

Բայց հակառակորդը լկտիացել է` նախ և առաջ այն պատճառով, որ «արյան»` պետական ինստիտուտների փլուզման, թույլ, խոցելի, ինքնապահպանման բնազդը, կողմնորոշիչները կորցրած, սեփական ակունքներից հեռացած և գնալով ավելի ու ավելի դեգրադացվող ջլատված հասարակության հոտ է առել, ու արյունը գլխով է տվել։ Կույր չեն` տեսնում են, որ Հայաստանը, վախենանք` նաև Արցախը ներսից կրծող կործանարար մանրէն` նիկոլավիրուսը, վաղուց դուրս է եկել տարածաշրջանից, հասել Սփյուռք, ախտահարել հայկական համայնքները, ու ծվատում է հայության միասնականությունը։

Թրքաբոլշևիկյան 5-րդ շարասյունը, որ նախկինում «կողքից» էր անում իր սև գործը` այնքանով, որքանով թույլ էին տալիս օտարածին, օտարասուն ոչ կառավարական կամ, այսպես կոչված, քաղաքացիական սեկտորի` դոլարային սուտ իրավապաշտպանների, կանանց, ընտանիքի հարցերով «մասնագիտացած» և այդ քողի տակ ընտանիքը խլուրդի պես քանդող, հայ երեխաների «սեռավերամշակման» ծրագրեր մտմտացող, ԼԳՊՏ-իզմ պրոպագանդող, հովանավորող քաղակտիվիստների հնարավորությունները, հիմա Հայաստանի և Արցախի դեմ աշխատում է բացեիբաց` առանց թաքնվելու, մեկ առ մեկ խփում ազգային ինքնության հենասյուներին` արդեն օգտվելով իշխանական լծակներից։

Հակառակորդի «հարաճուն ագրեսիվությունը» սրանով է պայմանավորված առաջին հերթին։ Եթե Սերժի ժամանակ շեշտը դնում էին առավելապես արցախա-ադրբեջանական շփման գծի վրա` դիպուկահարների կրակոցներով, դիվերսիոն գործողություններով շանտաժի էին ենթարկում մեզ, իբր` մոռացե՛ք խաղաղության մասին, քանի «մեր հողերը հետ չեք տվել», հիմա նաև սփյուռքահայությանն են ներքաշել հակամարտության մեջ, նրա՛նց են շանտաժի ենթարկում։ «Միտք բանին» այն է, թե`քանի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» չի վերականգնվել, հանգիստ չեք ապրելու` ուր էլ լինեք, ձեռքներիցս չեք պրծնի։

Հաբռգել են, որովհետև չկա՛ ավելի հարմար, մատչելի թիրախ, քան բզկտված, արմատներից հեռացած, դեգրադացված, պետական մակարդակով խրախուսվող ներքին առճակատման, թշնամանքի, ատելության լիցքերից խարխլված հասարակությունն է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը