Մեկնաբանություն

27.07.2020 22:35


«Դալլասիզմը»՝ Հայաստանում. երկրի ու հասարակության ոչնչացման «բանալիները»

«Դալլասիզմը»՝ Հայաստանում. երկրի ու հասարակության ոչնչացման «բանալիները»

Միացյալ Նահանգների հետախուզական վարչության ղեկավար Ալեն Դալլասի տխրահռչակ «դոկտրինի» մասին (ԽՍՀՄ կործանման երկարաժամկետ ծրագիր), հարկավ, շատերը լսած կլինեն: Զավեշտն այն է, որ Դալլասին վերագրվող «դոկտրինի» կամ հենց նման բովանդակության պաշտոնական ծրագրի որևէ փաստաթղթավորված ապացույցներ չկան: Դա չի հերքում, որ Դալլասը, ենթադրենք, չէր ցանկանում ԽՍՀՄ-ը կործանել կամ չէր աշխատում այդ ուղղությամբ: Մյուս զավեշտն այն է, որ այդ «դոկտրինը» ավելի շուտ գրական ծագում ունի և տարբեր վարկածներով հանդիպում է ռուս կամ խորհրդային գրողների ստեղծագործություններում, տարբեր գաղափարակիր կերպարների միջոցով բարձրաձայնվում: Ամեն դեպքում, այդ «դոկտրինը» և դրանում ամփոփված թեզերի ամբողջությունը պայմանականորեն անվանենք «դալլասիզմ»:

Հարցը տվյալ դեպքում այն է, որ կան (վաղուց կան, ի դեպ) ամենատարբեր ծրագրեր, մեթոդների հավաքածուներ, որոնք նախատեսված են որևէ հասարակության կամ պետության քայքայման, «ներսից պայթեցնելու» համար: Ամբողջ տեսություններ են մշակված: Իսկ նրանց, ովքեր դրա վրա ուշադրություն են հրավիրում, բնականաբար, ավտոմատ ռեժիմով պիտակում են որպես դավադրության տեսության կողմնակիցներ, բայց այն ընկալումային կաղապարով, թե անլուրջ մարդիկ են, հեքիաթների են հավատում և այլն:

Դե ինչ, հեքիաթնե՞ր, ասում եք: Եկեք թեթևակի դիտարկենք Ալեն Դալլասին վերագրվող «դոկտրինի», ինչպես ասվեց՝ «դալլասիզմի» մի շարք կետեր և... մեր իրականության ակնհայտ երևույթներ:

Օրինակ, սա՝ «սփռելով քաոս (խառնակություն)՝ իրական արժեքները փոխարինել կեղծ արժեքներով և ստիպել հավատալ դրանց»: Ոչինչ չի՞ հուշում:

Լավ, մի քիչ էլ բացենք «դալլասիզմի» դիվական բովանդակությունը: Խնդրեմ. «Գրականությունից, արվեստից, կինոյից դուրս մղել նրա հասարակական էությունը... գրականությունն ու կինոն պետք է պատկերեն և փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները»:

Ավելի ծանոթ է, չէ՞: Եվ այդ ծանոթ, ցավոք արդեն առօրեական դարձած պատկերը շատերդ տեսնում եք անընդհատ՝ հեռուստաէկրաններից, մոնիտոր-դիտարկիչներից, իսկ «նոր գրականություն» կարդացողները նաև, կներեք արտահայտության համար՝ գրքերից: Թե՞ կասեք այդպես չէ: Այս օրերին փառաբանվող տարբեր ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները բացեք, կտեսնեք այդ ամենը, գումարած՝ գռեհկախոսություն, անշնորհքություն, բռիություն: Բոլոր հեղինակների բոլոր գործերում չէ, որ այդ սրտխառնուքն է, լավ գրողներ ու գործեր ևս կան, բայց տվյալ դեպքում խոսքը այլ բանի մասին է:

Այն մասին, որ դեռ վրդովվողներ ու հարցնողնե՞ր կան, թե ինչու է «Հայ գրականության» դպրոցական դասընթացն այս իշխանությունն ուզում դարձնել պարզապես «Գրականություն» (ի՜նչ հայ, հայերն ովքե՞ր են, որ մի հատ էլ առանձին գրականություն ունենան): Դեռ զարմանո՞ւմ եք, թե ինչու են ուզում դպրոցական ծրագրից հանել պատմիչներին, միջնադարյան քնարերգուներին կամ դասական գրողներին:

Շարունակենք դիտարկել «դալլասիզմի» դրույթները: Ավելի հետաքրքիր. «Խարխլել հարգանքը սրբությունների նկատմամբ, հեղինակավոր, հարգանք վայելող անձանց մասին հորինել ստոր և գռեհիկ պատմություններ»:

Դե՞, ոչինչ չհիշեցրեց: Այսինքն, հիշեցնելը ո՞րն է, եթե տարիներ շարունակ, իսկ «իշխանափոխությանը» հաջորդած այս երկու տարում առանձնակի ակտիվությամբ ու վայրագությամբ հենց դա է արվում, պետական ամենաբարձր մակարդակով, կարելի է ասել: Լինի դա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումը, թե վաստակ ունեցող գործիչների վարկաբեկումը:

«Դալլասիզմի», օրինակ, այնպիսի դրույթ, ինչպիսին է «խարխլել ընտանեկան կյանքը», անսպասելի չէ: Ընտանիքը պետության մանրակերտն է: Եթե ուզում ես մեծ հեռանկարում քայքայել, կործանել պետությունը, պետք է այդ ընթացքում նախ ընտանիքի ավանդական ընկալումը քանդես, խարխլես, ինչը և արվում է, ի դեպ:

Խնդրեմ, մի կետ էլ. «Պետք է օգնել և բարձրացնել այնպիսիներին, ովքեր կսկսեն սերմանել ու ներարկել մարդկային գիտակցության մեջ սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք»:

Դա ևս իրականության մեջ լիարժեք կատարված է և կատարվում է: Նայեք, թե ովքեր, ինչ «կերպարներ» են քարոզվում, «առաջ տարվում», պատանիներին, երիտասարդներին հրամցվում որպես ընդօրինակելի: Իսկ այն, ինչ առաջարկվում էր սերմանել, արդեն լիուբոլ սերմանված է, նաև՝ «պտուղներ» է տալիս:

Հա, պատանիների և երիտասարդության մասին:

«Դալլասիզմի» ևս մեկ կետ. «Մարդկանց մեր ազդեցության տակ կվերցնենք մանկահասակ, պատանեկան տարիքից՝ հիմնական շեշտը դնելով երիտասարդության վրա, կսկսենք քայքայել, այլասերել, պղծել նրանց: Մենք նրանցից կպատրաստենք ցինիկներ, գռեհկախոսներ, կոսմոպոլիտներ»:

Հարցեր կա՞ն: Այսինքն, դեռ կա՞ն հարցնողներ, թե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող և սորոսական դրամաշնորհներով «ծլած-ծաղկած» շրջանակները ինչո՞ւ են, օրինակ, ամեն գնով ուզում 6-7 տարեկան երեխաներին «սեռական դաստիարակության» ենթարկել:

Հարց: Միջին վիճակագրական «պողոսին»: Դա՞ էր քո կյանքի վարդագույն երազանքը: Այսինքն, այն որ դժգոհ էիր, դրա՞ համար էիր դժգոհ, օրինակ, որ թոռնիկդ սեռական դաստիարակություն չի ստանում, տղադ լգբտ չէ, հարսդ՝ աղանդավոր... Երևի դրա համար, որովհետև տուգանքները ավելացել են, ապրուստը վատացել է, բայց ում հարցնում ես՝ երանություն է կեղծում, իսկ ոմանք նաև անառողջ գաստրոնոմիական հակումներ են դրսևորում կառավարության ղեկավարի ինտիմ մարմնամասերի հանդեպ:

Ինչպե՞ս են ոչնչանում հասարակությունն ու պետությունը: Այսպես:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը