Լրահոս

25.07.2020 18:24


Կդիմենք Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ. բուհ չընդունված դիմորդների խմբի ներկայացուցիչ

Կդիմենք Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ. բուհ չընդունված դիմորդների խմբի ներկայացուցիչ

Թեման շատ զգայուն է և շոշափում է բազմաթիվ շահեր, և, այս առումով, միանգամից շահարկումների տեղիք չտալու համար նշեմ, որ մենք քննարկել ենք իրավիճակի հանգուցալուծման բացառապես այնպիսի տարբերակներ, ըստ որի ՝ երաշխավորվում և պաշտպանվում է ինչպես արդեն իսկ ընդունված դիմորդների, այնպես էլ դեռևս ուսանողի կարգավիճակ չունեցող պահանջատեր դիմորդների շահերը։ Այս մասին այսօր` հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց իրավաբանական խմբի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը՝ խոսելով ընդունելության կարգի փոփոխության պատճառով բուհեր չընդունված դիմորդների շահերի պաշտպանության թեմայից:

«Մենք շատ մեծ անելիքներ ունենք, թեև ժամանակը բավականին կարճ է՝ մի քանի հնարավոր լուծումներ և մի քանի միաժամանակյա գործընթացներ ենք նախաձեռնել։ Նախ, արդեն իսկ արձանագրում եղավ, որ ծանուցման խնդիր է եղել, նորմատիվ իրավական ակտ է ընդունվել, որը պատշաճ չի ծանուցվել և այն փուլում, երբ սկսվել է ընդունելության փաստաթղթերի գործընթացը, դեռևս հարց է՝ այս նորմատիվ իրավական ակտը մայիսի 26-ին է ուժի մեջ մտե՞լ, թե՞ ոչ, որովհետև դեռևս ստուգման փուլում է։ Եթե ընդունենք, որ մայիսի 25-ին ընդունվել է որոշումը, առնվազն մայիսի 26-ին է այդ փաստաթուղթը ուժի մեջ մտել, ինչը նշանակում է՝ այն հետադարձության հետ կապված որոշակի խնդիրներ ունի»,-ասաց Կոչուբաևը։

Նա նշեց, որ իրենք արդեն ունենք հստակ դիրքորոշում՝ մյուս շաբաթվա մեջ կդիմենք Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ-ում. «Ընդ որում, մասնագետներ կան՝ մեզ փորձում են ապակողմնորոշել, սակայն ամեն ինչ առավել քան ակնհայտ է։ Մենք ներպետական ատյաններով անցնելու խնդիր չունենք։ Եթե մինչև օգոստոսի 31-ը ներառյալ դիմորդների կրթության սահմանադրական իրավունքը չվերականգնվեց, այլևս անարդյունավետ կլինեն Առաջին ատյան, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների քննության փուլերը։

Ընդհանուր առմամբ, որպես վերջին տարբերակ՝ Վարչական դատարանում կրկին մենք վիճարկելու ենք Կառավարության այս որոշումը՝ դիմորդների հետ կապված»։

Կոչուբաևը արձագանքեց ԿԳՄՍ նախարարությունը այն դիրքորոշմանը, որ 15000 դիմորդի չէինք կարող ծանուցել, նա ասաց, որ պարտավոր էին նույնիսկ 100 հազարի ծանուցել:

«Պետք է հիասթափեցնեմ՝ եթե լիներ 100000 դիմորդ՝ նրանք պարտավոր էին անհատապես ծանուցել․ սա իրավական քաղաքականություն է, և պետությունը պարտավոր է ծանուցել, որ դիմորդը ընկել է X կարգավորման գոտի։ Կա Կառավարության թերացում իրավական դաշտում, կա նախարարության և կա իրավակիրառ թերացում։ Այս և այլ հարցերով մենք արդեն իսկ նախաձեռնել ենք լիազորագրերի ստացման գործընթաց, մեզ են միացել բազմաթիվ դիմորդներ»,- եզրափակեց Կոչուբաևը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը