Մեկնաբանություն

25.07.2020 00:40


Կա՛մ Նիկոլը կմնա իշխանության մեջ, կա՛մ կվերանանք որպես պետություն և ժողովուրդ

Կա՛մ Նիկոլը կմնա իշխանության մեջ, կա՛մ կվերանանք որպես պետություն և ժողովուրդ

Հուլիսի 10-ին Փաշինյանն «իր ձեռքի» անվտանգության խորհրդի նիստում ներկայացնելով Հայաստանի ազգային անվտանգության «նոփ-նոր»` թավշյա, ոչ բռնի ռազմավարությունը, երկարաշունչ մի ուղերձ հղեց «խեղափոխության» ներսուդրսի շահառուներին, որտեղ, մասնավորապես, ասում էր.

«Մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ, նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը, որովհետև՝ (բութը այստեղ բնականաբար լրիվ ավելորդ է.- Լ.Պ.) ազգային անվտանգությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական և բովանդակային սպառնալիքներից դրա պաշտպանության մասին է։ Բայց մյուս կողմից՝ ազգային ինքնությունը նույնը չի մնում։ Մեր ազգը, ժողովուրդն արդեն հազարամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ, նույն բանը չի նշանակել այդ հազարամյակների ողջ ընթացքում և հասկացության նշանակությունը փոխվել է ժամանակի հետ՝ տարբեր հանգամանքների, իրադարձությունների, գործոնների բերումով։

Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ։ Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով։ Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար։ Հենց միայն այս հանգամանքն ազգային ինքնության զարգացման էական գործոն է։

Եվ թերևս սա է այն շրջադարձային կետը, որտեղ ազգային գաղափարախոսությունը դառնում է կենսական անհրաժեշտություն, կիրառական նշանակության ինստիտուտ, երբ կա խնդիր՝ անցյալի ու ներկայի փորձի հիման վրա ոչ միայն այսօրվա անելիքը ձևակերպել, այլև ապագային միտված մեր ուղերձը, որը հազար տարի հետո ապրող հային պետք է կապի հազար տարի առաջ ապրած հայի հետ»։

Սա իրոք «շրջադարձային կետ» է Նիկոլի «նորհայաստանյան» մտասևեռումների «կենսագործման» ճանապարհին։ Եթե «թարգմանելու» լինենք, սա նշանակում է` «ազգային ինքնությունը կեղծ կատեգորիա է». հարափոփոխ, դյուրափոփոխ, ճկուն, առաձգական, ժամանակի մեջ «ըստ նպատակահարմարության»` պատվիրատուի ճաշակով, մոդիֆիկացվող, ձևափոխվող, «զարգացող» մի բան է, որից ինչ ուզես` կարելի է ստանալ։

Եթե հիշում եք, Նիկոլի «հոգևոր պապա, քաղաքական քավոր» Տեր-Պետրոսյանի համար էլ պատմությունը, ազգային գաղափարախոսությունն էր «կեղծ կատեգորիա»։ Ուղղակի Տեր-Պետրոսյանի ժամանակ հայի գենը` նույն այդ բազմաչարչար ազգային ինքնությունը, որ ոմանց հանգիստ չի տալիս, ներքին դիմադրողականության պաշարը, իմունիտետը դրսից ներդրվող օտար մարմինների նկատմամբ բավականաչափ ուժեղ էր`այդ արհեստածին, կեղծ հակաթեզը «մարսելու» համար։ Եվ հանրությունը, քաղաքական ուժերը, իշխանության առողջ հատվածը, «աղմուկով» ընդվզեցին դրա դեմ ու մերժեցին ժողովրդին բիոզանգվածի վերածող ապազգայնության քարոզիչներին։

Բայց Տեր-Պետրոսյանի ցանած սերմերը 20-25 տարի անց ծլարձակել են, մոլախոտի պես տարածվել, տարածել շոշափուկները «քաղաքացիական» կամ բաց հասարակության ինստիտուտների գործակալական ցանցերի միջոցով տասնամյակների ընթացքում խնամքով հերկված, սորոսական և այլ գրանտներով ոռոգված, փխրեցված հայոց աշխարհում։ Հիմա, երբ ապազգային և հակազգային օտարահպատակ տարրերը` ի դեմս Նիկոլի և իր խունվեյբինների, ուզուրպացրել են իշխանությունը, ժողովուրդը, հասարակությունը`իր մեծամասնության մեջ, այնքան է դեգրադացված, որ պատրաստ է «հուփ տալ-կուլ տալ» սրանց նետած կտերը, քափ-քրտինք մտած` փորձում են կյանքի կոչել ժողովրդին ամբոխ, անհայրենիք, անհիշողություն մանկուրտների հավաքածու դարձնելու «տեսլականը»։

Եվ շտապում են` շա՜տ են շտապում։ Կորոնավիրուսը պարարտ հող է ստեղծել հայկական ինքնությունը վերջնականապես ճնշելու, ազգային գաղափարախոսությունը հողին հավասարեցնելու կամ, ինչպես «երջանկահիշատակ» Բոլթոնը կասեր (ինքը չկա` հրաժարական է տվել, գնացել, բայց իր «հանձնարարականն» ուժի մեջ է` կենսունակ է, ինչպես երբեք), պատմական կարծրատիպերը քանդելու համար. ուրիշ էլ ե՞րբ, եթե ոչ այսօր` արտակարգ դրության պայմաններում, երբ ցանկացած բողոք կարելի է «բնում խեղդել»` չվախենալով բռնապետական նկրտումների մեջ մեղադրվելու սպառնալիքից։ Մարդա մեկը հո՛ իզուր չէր ոգևորությամբ շփում ձեռքերը և թռչկոտում ուրախությունից` ասելով, որ կորոնավիրուսը «հնարավորություն» է, որից պետք է քաղել առավելագույնը, ինչ հնարավոր է, և անում է` ինչպես կարողանում է։

Մի կողմ թողնենք հարահոսի ռեժիմով հապշտապ`հաշված ժամերի ընթացքում ընդունվող խայտառակ օրենքները, որոնց միակ նպատակը սեփական իշխանությունն ամրապնդելն է, մասնավորապես, դատական իշխանությունը «բուդկի պես սեփականաշնորհելը», պետական ռեկետը և սեփականության վերաբաշխման «գործընթացն» օրինականացնելը։ Ի մի բերենք այն քայլերը, որ «թավշյա մորեխակույտն» իրականացրել է մեր պատմությունը, մշակույթը, կրթահամակարգը, ընտանիքը, լեզուն, Եկեղեցին, Եկեղեցու պատմությունը ոչնչացնելու, մեր պաշտպանունակությունը խաթարելու, մեր երեխաների «խելքը ուտելու»` նրանց աշխարհընկալումը, գիտակցությունը, ինքնագիտակցությունը, բնական հակումները, բնազդները զրոյացնելու, հարամելու, խեղելու, մանկուրտացնելու ուղղությամբ։

Դպրոցական ծրագրերից հանել են ռազմագիտությունը և Հայ Եկեղեցու պատմություն առարկաները, ԲՈՒՀ-ական ծրագրերից` հայոց լեզուն։ ԱԺ-ի միջոցով վավերացրել են Լանզերոտի կոնվենցիան, ինչը նշանակում է, որ հանրակրթական դպրոցներում 2-րդ դասարանից երեխաներին «սեռական դաստիարակության» անվան տակ սկսելու են վարժեցնել սեռական շեղումներին, սեռական փոքրամասնությունների «իրավունքներին», անբնական ցանկություններին, միասեռական կապերին ու ամուսնություններին «ըմբռնումով մոտենալու», ինչո՞ւ չէ` ընդառաջ գնալու, սեփական մարմինն ազատորեն` ուզածի պես ու ուզածի չափ «տնօրինելու» մտքին։

Շրջանառության մեջ են դրել «կրթական նոր հայեցակարգը», որով, մասնավորապես, նախատեսվում է դպրոցներում «հայ գրականության» ուսուցումը փոխարինել «գրականության» դասավանդմամբ`«Բաց հասարակության ինստիտուտների» խոհանոցներում թխված դասագրքերով, որտեղ Հայ գրականության, հայ պատմագրության նշանավոր դեմքերը տեղ չունեն։ Փոխարենը` տեղ ու դադար չկա անհայրենիք «ժամանակակից գրականության» տիտանների ստեղծագործական ժայթքումներից` լեզվական աղտեղություններից։

Եթե այս «հնարքն» անցնի` ժողովուրդը մարսի այս «հեղափոխական» փոփոխությունները, հաջորդ զոհը կլինի Հայ ժողովրդի պատմությունը։ Ինչպես հայ-ն են հանում «հայ գրականությունից», այնպես էլ ՀԺ-ն կհանեն հայ ժողովրդի պատմությունից, տակը կմնա պատմությունը, որտեղ Հայ Եկեղեցու պատմության համար հաստատ տեղ չի գտնվի... Այդպիսով «մեխանիկորեն» կլուծվի Հայ եկեղեցու պատմությունը դպրոցից ընդհանրապես արմատախիլ անելու հարցը. եթե հիմա ասում են` Հայ եկեղեցու պատմությունը միացնում ենք Հայ ժողովրդի պատմությանը, ՀԺՊ-ն հանելուց հետո «միացնելու բան» չի լինի, և խնդիրն ինքնըստինքյան կլուծվի։

Սահմանադրությունը հո իզուր չեն փոխում, ինքնանպատակ չեն բարբաջում Հայ Առաքելական Եկեղեցուն Սահմանադրությամբ տրված «արտոնյալ» կարգավիճակից զրկելու և աղանդների հետ նույն հարթության վրա դնելու մասին։ Եթե հանդուրժենք հակազգայնության այս հաղթարշավը, թույլ տանք` շարունակեն իրենց սև գործը, այդպես էլ կլինի` կարող եք չկասկածել։

Հետգրության փոխարեն

Հուլիսի 10-ի «ուղերձում» Փաշինյանն, ի թիվս «հայ ժողովրդի ազգային արժեքների», նշել էր «հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները», «Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, Քրիստոնեությունը»։

Համեմատեք, և կտեսնեք` այն, ինչ ասում է և այն, ինչ իրականում անում է ու դեռ պատրաստվում է անել, եթե շաբաթն ուրբաթից շուտ չգա, տրամագծորեն հակասում է իր իսկ բարձրաձայնած «ազգային արժեքներին» և «ազգային նպատակներին»։ Այդ արժեքները, նպատակները, բուն հայկական պետությունը, հայ ժողովրդի ապագան, գոյատևումը վտանգված են` ավելի քան երբևէ կարող էինք պատկերացնել:

Ուրեմն` կա՛մ Նիկոլը կմնա իշխանության մեջ, կա՛մ Հայաստանը չի լինի որպես պետություն, հայ ժողովուրդը`որպես ժողովուրդ։ Եվ սա ամենևին էլ չափազանցություն չէ`դաժան իրականություն է, որ կա՛մ կփոխենք, կա՛մ կվերանանք աշխարհի քարտեզից։

Ընտրությունը մե՛րն է...

Եթե այսուհետ ևս հանդուրժենք ապազգայնության, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք, հակազգայնության այս հաղթարշավը, թույլ տանք` շարունակեն իրենց սև գործը, այդպես էլ կլինի` կարող եք չկասկածել։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը