Մեկնաբանություն

24.07.2020 22:30


Հայ գրականությունը «կույր աղիք» չէ՛՝ ի հակառակ ՈՄԱՆՑ ընկալման

Հայ գրականությունը «կույր աղիք» չէ՛՝ ի հակառակ ՈՄԱՆՑ ընկալման

Եթե ԿԳ և այլն նախարարությունը ցանկանում էր զայրացնել ու կառավարության, նաև՝ Փաշինյանի դեմ տրամադրել գրագետ հայությանը, ապա պետք է ասել, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած գեր-գերատեսչությունը լիովին հասավ իր նպատակին:

Բանն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է, ինչպես ասում են՝ հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծերը (ըստ առարկաների): Ու երեկվանից բազմաթիվ հայրենակիցներ, չենք խոսում արդեն հայոց լեզվի ու հայ գրականության մասնագետների, գիտնականների, պրոֆեսորների մասին, բավականին վրդովված արձագանքում են, օրինակ, «Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսումնառության հայեցակարգ»-ի նախագծին ու դրա զարմանահրաշ բովանդակությանը:

Թե՛ բանասիրական, գիտական շրջանակների ներկայացուցիչներին, թե՛ պարզապես գիր-գրականության սիրահարներին վրդովեցրել է (շատ մեղմ ասած) մասնավորապես այն, որ հայեցակարգի նախագծի «մշակները» ծրագրից դուրս են թողել հայ միջնադարյան գրականությունը, հեղինակներին, պատմիչներին, գրեթե ամբողջությամբ, սկսած Մաշտոցից, Կորյունից, Խորենացուց, վերջացրած Նարեկացիով ու Շնորհալիով, դեռ չենք խոսում Այգեկցու, Գոշի, Ֆրիկի մասին: Այդ խորապատկերում արդեն երևի այնքան էլ զարմանալի չի թվա, որ նախագիծ կազմողների «բա՜րձր» ու «ժամանակակից» չափորոշիչներին չեն համապատասխանել ու դպրոցից «հեռացվել» են, ասենք, Պատկանյանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Պռոշյանը ու առավել ևս՝ Երվանդ Օտյանը:

Չնայած, Երվանդ Օտյանին, պարզ է, որ սրանք կհանեին դպրոցական ծրագրերից: Եթե Օտյանը ապրեր մեր օրերում, արդեն մի 5 անգամ «բերման ենթարկած» էլ կլինեին և նույնիսկ՝ «պիցցայակեր», «ծախված դավաճան» էլ կհռչակեին ու կկալանավորեին: Դե, Երվանդ Օտյանը, ի լրումն ամենի, շատ սուր ու անխնա ծաղրել ու ձաղկել է հեղափոխական դատարկություններին, դատարկաբանողներին ու հեղափոխական ոչնչություններին: Զարմանալի է, որ Օտյանը դեռևս չի հռչակվել արգելված հեղինակ, իսկ նրա երկերի հատորյակներն էլ «թավշապետերի» կարգադրությամբ ցուցադրաբար խարույկը չեն նետվել, ԿԳՄՍ նախարարության կամ ԵՊՀ շենքի առջև:

Մյուս կողմից, խիստ զարմանալի է, որ գրականության դպրոցական ծրագրում չեն առաջարկել ներառել մեր ժամանակների մեծագույն հանճա՜ր, գրական ու բանաստեղծական մերօրյա քանքար Նիկոլ Փաշինյանի դարակազմիկ ստեղծագործությունները: Այ, նման վրիպման, գաղափարաքաղաքական անհեռատեսության համար Արայիկ Հարությունյանին կարելի էր և կուսակցահեղափոխական տույժի ենթարկել, առնվազն...

Իսկ եթե ավելի լուրջ, ապա որքան էլ դժվար է զսպել այս ամենի հարուցած հույզերը, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե սա ի՞նչ շորշոփ է:

Նախ, երբ մասնագետներն ահազանգեցին, որ նախագծով առաջարկվում է առարկան «Հայ գրականության» փոխարեն գործածել «գրականություն» տարբերակով, ամենևին չզարմացա: Այս իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ արդեն մեկ անգամ չեն պարզորոշ ցույց տվել, որ «հայ», «ազգային», «ավանդական», «Հայ Առաքելական եկեղեցի», «ազգային հերոս» և նման բառերից դիսկոմֆորտ են զգում: Փոխարենը շատ լավ են զգում այլ բառերից ու հապավումներից, ինքներդ էլ գիտեք, թե՝ ո՛ր:

Նույն պատճառով, չեմ զարմանա ու չեմ զարմանում, որ նախագծային տարբերակով, ասես մի բորբոքված «կույր աղիք», դպրոցական ծրագրից հեռացվել են վերը նշված հեղինակները, պատմիչները, քնարերգուներն ու առակագիրները: Չէ՞ որ նրանք բոլորը միասին ու իրենց մեծարժեք ստեղծագործություններով, հանրագումարում ձևավորում են այն, ինչը կազմում է ազգային ինքնության, ազգային ինքնագիտակցության և անհատի ազգային ինքնաճանաչման կարևոր հիմնասյուներից մեկը:

Շատ բան կարելի էր ասել, բայց ՈՄԱՆՑ ուղղակի պետք է կոշտ հակադարձել. Հայ գրականությունը «կույր աղիք» չէ, իսկ մեր գրական ու մշակութային ժառանգությունն էլ բալաստ չէ՛: Կա՛մ հավաքեք ձեզ, կա՛մ պարզապես «հավաքվեք»:

Տեսնելով, որ աղմուկը չի դադարում (ու չպիտի էլ դադարի, ավելին, վրդովմունքից այն բնականորեն կարող է վերաճել կազմակերպված դիմակայության), նախարարության նախագծակազմողները սկսեցին արձագանքել: Հիմնական թեզերից մեկը դեռ երեկվա արձագանքներում այն է, թե՝ սա ընդամենը նախագիծ է, որը կարելի է փոխել:

Բայց դա չի փրկում: Այո՛, նախագիծ է, որը ոչ թե կարելի է փոխել, այլ անհրաժեշտ է փոխել: Չնայած, ավելի լավ է, նստել ու նոր նախագիծ կազմել:
Բայց այն, ինչ ներկայացվել է որպես նախագիծ, նախ՝ ամոթ է: Անկախ այն բանից, թե այն որքան կարելի է փոխել, լրացնել և այլն, նման նախագիծը անթաքույց բացահայտում է, թե ի՛նչ գաղափարական, քաղաքական հանձնարարություն է տրվել «հայեցակարգ» կազմողներին, միանգամայն պարզորոշ ցույց է տալիս, թե ի՛նչ օտար, խորթ ու վտանգավոր ուղղվածություն է մտցվում դպրոց, ինչեր են ցանկանում ՈՄԱՆՔ ներարկել դպրոցահասակ երեխաներին: Նպատակներն էլ են պարզ: Ինչպես պարզ է և այն, որ նման բաներ նախագծող իշխանությունների հետ հայ ժողովուրդը անցնելու ճանապարհ չունի այլևս: Արդեն անցածն էլ շա՜տ մեծ ճոխություն էր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը