Մեկնաբանություն

24.07.2020 00:20


Եթե Փաշինյանը միայն «հիմա՛» կարող է վստահ ասել, ապա մեր բանակը մի՛շտ է վստահ ասել

Եթե Փաշինյանը միայն «հիմա՛» կարող է վստահ ասել, ապա մեր բանակը մի՛շտ է վստահ ասել

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրածհայտարարությունը, առանց շրջախոսության ու ամենայն լրջությամբ, լավն էր: Երկու և ավելի տարվա մեջ վերջապես պետության ղեկավարի պաշտոնում գտնվող գործչի հայտարարությունից պետական գործչի, կներեք, հոտ եկավ:

Խոսքը սահմանում վերջին մարտական զարգացումների և Արցախի խնդրի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնող հայտարարության մասին է: Թավշաիշխանափոխությունից հետո եզակի դեպքերից է, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոսք է ուղղել հասարակությանը, ժողովրդին ու ոչ մի վիրավորական արտահայտություն, ոչ մի թափոնային բառամթերք իրեն թույլ չի տվել: Դա գնահատելի է, թերևս:

Առանձնահատուկ սենսացիոն բան չկար: Հիմնականում ու ընդհանուր գծերով պարզապես ասվեց այն, ինչ կարելի էր ակնկալել պետության ղեկավարի խոսքից:

Հարց է, իհարկե, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը մի տեսակ լուռ անցած օրերին, հատկապես մարտական գործողությունների ընթացքում՝ չհաշված արարողակարգային ելույթները:

Ինչպե՞ս կարողացավ զսպել իրեն այն գործիչը, ով ամեն պատեհ ու հատկապես անպատեհ առիթով հայտարարություններ է անում, գրառում՝ գրառման վրա (ասենք, գիտեք բոլորդ էլ): Հնարավոր է, նա սպասում էր դեպքերի զարգացման ընթացքի՞ն՝ հանդես գալու առավել հարմար պահ որոշելու համար:

Բայց հետաքրքրական պահեր, իհարկե կան: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին: Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն»:

Այս հայտարարության մեջ «բանալի» բառը, կարծում եմ, «հիմա»-ն է: Այսինքն, հիմա՛ կարող ենք բանակի պահով վստահ ասել, իբր՝ տեսեք-տեսեք՝ առաջ չէինք կարող: Դա արմատականորեն այդպես չէ: Ու Փաշինյանը ներքուստ դա լավ գիտե, որքան էլ որ հանրության շատ ներկայացուցիչներ Փաշինյանի ու իր գլխավորած կառավարության մասին խոսելիս, այն հաճախ բնորոշում են որպես «բանակում չծառայածների» իշխանություն:

Բայց հարցն անգամ դա չէ: Հարցը բանակի՝ որպես կառույցի մասին ունեցած պատկերացումն է, ընկալումը և այն ճանաչելը, գնահատելը, արդեն կոնկրետ ի դեմս ռազմական գործիչների, սպաների, զինվորների:

Դեռ լավ է, հենց ինքն է նկատում խոսքի շարունակության մեջ, որ «Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը»:

Այո՛, եղել է և շարունակում է մեր բանակը մնալ համազգային հպարտության աղբյուր: Ու երբ շեշտվում է, թե՝ «հիմա կարող ենք վստահ ասել», կներեք, արժե հստակեցնել: Նախքան այս էլ, ու տարիներ առաջ էլ, ու 90-ականներին էլ, առավել քան վստա՛հ կարող էինք ասել, ասում էինք ու առանց ասելու էլ վստահ էինք, որ Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը բարձրակարգ մարտունակություն ունեն, աննկուն ոգի, հնարամտություն, խիզախություն և տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակն են:

Շուշիի ազատագրմամբ իր կայացման մեկնարկն ի լուր աշխարհի ազդարարած Հայոց բանակը հենց այդպիսին է, ու մի ամբողջ ժողովուրդ 30 տարի շարունակ, զրկանքների գնով արել է ամեն ու ամեն ինչ, որպեսզի իր բանակը լինի հենց այդպիսին:

Ինչ վերաբերում է պատկերացումներին, ապա պարոն վարչապետը կարող է թռուցիկ հայացք նետել իրեն ակտիվ սատարողներին, իր թիմի անդամներից շատերին՝ վերհիշելով, թե ինչեր ու ինչեր էին ասում, գրում, տարածում այդ բանակի ու իր հրամանատարների մասին: Նաև այն մարդու, ում որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, մերօրյա պատերազմական փորձության ամենից պատասխանատու և առանցքային դիրքում է՝ որպես Հայաստանի Տավուշ աշխարհի պաշտպանության համար պատասխանատու թիվ 1 զինվորական, որպես տվյալ պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատար:

Կարճ. նախկինում բանակի մասին այսօրվա կառավարիչներից շատերի պատկերացումը, կներեք, հանգում էին «տռուսիկ-մայկա»-ին, որ իբր թե չկային: Պետք չէ, ճիշտ չէ այդ պատկերացումը հիմա էլ հանգեցնել «կլուբնիկ-կատլետ»-ի:

Եվ ի դեպ, մի քիչ ավելի զուսպ: Այն իմաստով, որ ասում եք՝ «մեր հաղթանակը... մարդկության հաղթանական է»: Մի քիչ ավելի համեստ, եթե կարելի է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը