Մեկնաբանություն

24.07.2020 01:05


Փաշինյանի «վերելակը» ո՞ւր կորավ... Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի միջակայքում

Փաշինյանի «վերելակը» ո՞ւր կորավ... Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի միջակայքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում արած շեշտադրումները Նիկոլ Փաշինյանը ավելի մանրամասն, որպես «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշում» ներկայացրեց նաև կառավարույթան այսօրվա նիստում: Իհարկե, եթե մի պահ վերանանք անձերից, ապա հիմնականում ընկալելի շեշտադրումներ են: Սակայն սա հնչած հայտարարության ընդգրկուն վերլուծություն չէ, ուստի միանգամից կենտրոնանանք ուղղակիորեն ուշադրություն գրավող շեշտադրման վրա:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում, ի մասնավորի, ընդգծել է. «Ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը և տվյալ հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացումը»:

Արդեն կառավարության նիստում ներկայացված ՀՀ դիրքորոշման 6-րդ կետում շեշտել է. «Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը»:

Հրաշալի է: Ուղղակի փայլո՛ւն: Շքե՛ղ: Աննմա՛ն: Անզուգակա՛ն:

Բայց, այ այստեղ արդեն չենք կարող չկենտրոնանալ անձերի, կներեք, կոնկրետ անձի վրա, և այդ անձը, ինչպես կռահեցիք, Նիկոլ Փաշինյանն է:

Ո՞վ է խոսում հայ-ադրբեջանական շփման գծում, սահմանագոտում մշտական, ստուգողական մեխանիզմներով «արդյունավետ միջազգային մոնիթորինգ» իրականացնելու անհրաժեշտության ու դրա ներդրման մասին: Նիկոլ Փաշինյա՞նը:

Այո՛, դա հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ Դուշանբեում, վերելակի մեջ (շի՛կ), իր ասած՝ կիրթ Ալիևի հետ հրադադարային ինչ-որ բաներ էր պայմանավորվել: Ու դա փաշինյանական քարոզչաբրիգադիրները ներկայացնում էին մի չտեսնվա՜ծ, մի զարմանահրա՜շ դիվանագիտական ձեռքբերում:

Ողջ հարցն այն է, սակայն, որ «վերելակային պայմանավորվածությամբ» և դա հրապարակայնացնելով Նիկոլ Փաշինյանը իր իսկ ձեռքով ջուրը, օրինակ մեր հարազատ Աղստևը նետեց 2016-ի «ապրիլյան պատերազմից» հետո, նախ՝ Վիեննայի, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ հայկական դիվանագիտության ունեցած կարևոր ձեռքբերումը՝ նո՛ւյն այդ մոնիթորինգի մեխանիզմների ներդրման վերաբերյալ Ալիևից կորզված պայմանավորվածությունը:

Հատուկ ընդգծել է պետք, որ այդ դիվանագիտական ձեռքբերումը խարսխված «ապրիլյան պատերազմում» մեր լուսավոր տղաների կյանքի ու արյան վրա, որոնց գնով նրանք խափանեցին թշնամու ծրագրերը՝ գործնականում պարտադրելով հետագայում արձանագրված այդ պայմանավորվածությունը:

Բայց «թավշյա» նորիշխանությունը ջուրը նետեց: Հետո էլ, մի տևական շրջան Հայաստանի ԱԳ նախարարն էլ ներառյալ, «մոռացան», որ նման բան է եղել, իբր՝ ի՜նչ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, ի՞նչ բան:

Այստեղ կանխատեսելի և անխուսափելի հարց է ծագում՝ որ «վերելակներում» ինչ-որ պայմանավորվածությունների էիք հանգում, այդ ժամանակ գոնե մտքներովդ անցնո՞ւմ էր, որ սխալ, ավելին՝ կոպտագո՛ւյն սխալ եք կատարում, է՛լ ավելին՝ վնասարարությո՛ւն, նույնիսկ, եթե համարենք, որ դա կանխամտածված չէր:

Հապա հիմա, որ հանկարծ «հիշեցիք» մոնիթորինգի վերաբերյալ քառամյա վաղեմության պայմանավորվածությունները, որոնք ջրել եք, գոնե ընդունո՞ւմ եք ձեր այդ կոպիտ սխալը: Չնայած, ընդունի, թե չընդունի Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ չափազանց ակնհայտ է, հենց թեկուզ իր արած հայտարարությունից, որպեսզի դա աննկատ մնա:

Լավ, գուցե կասեն մեր որոշ հայրենակիցներ, մարդ է, սխալվել է, ո՞վ չի սխալվում:

Չնայած դա նման հարցերում արդարացում չէ: Ձեռքիդ տակ ունենալով կոնկրետ փաստաթուղթ, որոշակի գործիք, դու այն նետում ես դեն, փոխարենը հիմնվում... ինչի՞ վրա: Երևանը զավթելու, ատոմակայանը հրթիռահարելու հայտարարություններ անող, մեր զոհված զինվորների մարմինները բորենուց վատթար հոշոտող «կիրթ» թշնամո՞ւ:

Ու հիմա էլ թե՝ վա՜յ, բա էն գործիքը հետ բերեք...

Դուք, առհասարակ, «բարև-բարլուս» ունե՞ք գիտակցության հետ:

Չէ, լավ է, որ մոնիթորինգի մեխանիզմների մասին վերջապես հիշեցին: Վատը այլ բան է: Այն է, որ եթե 2016-ին Հայաստանը լուրջ դիվանագիտական ջանքեր գործադրեց նման պայմանավորվածություն ֆիքսելու համար, ապա հիմա Հայաստանից դրա հնգապատիկ արտաքին-քաղաքական ջանքերը պիտի պահանջվեն՝ Դուշանբեի վերելակի հորանում կամ դռան տակ թողնված նույն պայմանավորվածությունները վերակենդանացնելու, գզրոցից բանակցային սեղանին վերադարձնելու համար, ու դեռ հարց է, թե՝ ինչ կստացվի: Մանավանդ, երբ նայում ես արտաքին-քաղաքական ջանքեր գործադրողներին՝ ԱԳ նախարար Մնացականյանից սկսած, նրա ղեկավարով վերջացրած:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը