Լսեք, իսկ գուցե Սահմանադրությա՞մբ ամրագրեք վարչապետի տիկնոջը «պատվի առնելը»
Մարտին Բրեստի «Կնոջ բույրը» հանրահռչակ ֆիլմում, որ առհասարակ հզոր ստեղծագործություն է, չնայած ռեմեյք է իտալական համանուն կինոնկարից, ի լրումն ամենի, մի տպավորիչ պահ կա՝ «պատվի առնելու» հետ կապված: Երբ կուրացած պաշտոնաթող գնդապետ Ֆրենկ Սլեյդի ասածին արձագանքելով՝ նրան 1-2 օր դայակություն անելու վարձված ուսանող Չարլզ Սիմսը աջ ձեռքը մոտեցնում է քունքին, զինվորական «պատվի առնելու» նման: Ալ Պաչինոյի հոյակապ մարմնավորած գնդապետը «նկատում է» այդ շարժումը, դա «պատվի առնելու» տնազ է համարում ու մասնավորապես ասում. «Հաջորդ անգամ դա արա ինչպես հա՛րկն է... Շատերը, որ քեզանից շատ ավելի արժանավոր մարդիկ են, ցուցաբերել են հարգանքի այդ նշանը: Եվ եթե դու խելացի տղա ես, ապա այլևս այդպես չես վարվի»...
Հոլիվուդյան զանգվածային կինոարտադրանքի հատուկենտ արժեքավոր ստեղծագործությունների շարքում է այդ ֆիլմը, դիտեք, եթե չեք նայել անցած 27 տարվա մեջ:
Հա, ինչու մտաբերեցի այդ դրվագը: Եթե դեռ չկռահած ընթերցողներ կան, նշեմ. վարչապետ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ սահմանամերձ Մովսես գյուղ այցելության և այդ ընթացքում ԱԻՆ ծառայության սպայի կողմից նրան պատվի առնելու կապակցությամբ, իհարկե: Լուսանկարը, որտեղ պատկերված էր զինվորական համազգեստով կամ ինչպես ասում են՝ «կոմուֆլյաժով» Աննա Հակոբյանը և նրան պատվի առնող ԱԻՆ ծառայողը, երեկ սոցցանցերի ու լրահոսի «հիթերից» էր դարձել:
Շատ էին վրդովված արձագանքները, գրառումները, դիտողությունները: Հատկապես խիստ զայրացած դիտողություններ արեցին զինվորական ճանապարհ անցած, բանակում ծառայած հայրենակիցները: Կոնկրետ հարցադրումներից բացի, անգամ հնչեց ծառայողական քննություն կատարելու պահանջ՝ այն նկատառմամբ, որպեսզի պարզվի, թե ինչի հիման վրա է ԱԻՆ ծառայողը պատվի առել վարչապետի տիկնոջը:
Չէ, ճիշտ հասկանանք միմյանց. շատ լավ է, որ Աննա Հակոբյանը՝ որպես պետության ղեկավարի տիկին, չնայած իր անպատեհ խաղաղասիրական կոչերին, գնացել է այնտեղ, ուր կրակում են, ուր խաղաղ բնակիչները, մեր հայրենակիցները, որքան էլ խիզախ ու տոկուն են, դժվար կացության մեջ են:Եթե ոչինչ չաներ էլ, միայն գնար սահմանամերձ գյուղեր, կարելի էր ողջունել, քանզի դա բարոյահոգեբանական աջակցություն է, ամեն պարագայում: Բայց հիմա դրա մասին չէ խոսքը, առավել ևս, որ հենց վերը նշված խնդրահարույց պատկերն ու դրա տարածումը ստվերեց բուն այցն ու դրա նշանակությունը:
Առհասարակ, «պատվի առնելը» զինվորական ողջույնի ընդունված հատուկ ձև է, որը խորհրդանշում է զինվորականների համերաշխություն, փոխադարձ հարգանք, քաղաքավարություն: Դա զուտ ձեռքի ափը՝ մատերը կից և ուղիղ դիրքով քունքին տանելու ժեստ չէ ու այդպիսին չպիտի լինի զինվորական կամ ծառայության մեջ գտնվողների համար: Եզակի դեպքերից, երբ ուսադիր կրող ու ծառայության մեջ գտնվողը «պատվի է առնում» քաղաքացիական անձի, այն է, երբ ճանապարհային ոստիկանը մոտենում է ենթադրյալ կարգազանց վարորդին, «պատվի առնում» ու ներկայանում:
Բնականաբար, հարց է ծագում, թե ինչո՞ւ է ԱԻՆ ծառայողը «պատվի առել» ու այդ դիրքով իրավիճակ զեկուցել Աննա Հակոբյանին:
Հնարավոր է, նա պարզապես իր ծառայողական հարգանքն է դրսևորել: Հնարավոր է, տեսնելով համազգեստավոր Աննա Հակոբյանին, ամեն դեպքում «պատվի է առել»՝ հարգելով համազգեստը (զինծառայությանը տեղյակ մարդիկ դա շատ լավ կհասկանան):
Բայց ամեն դեպքում, անհեթեթ վիճակ է. Աննա Հակոբյանը զինվորական չէ, որքան հայտնի է, զինվորական կոչում չունի, համենայն դեպս, նրա կենսագրականում չկա նշում, որ ենթադրենք, բուժծառայության պահեստի լեյտենանտ է կամ ասենք՝ սերժանտ: Քաղաքացիական անձ է Աննա Հակոբյանը: Այ, իր ամուսնուն՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, ով պատերազմական վիճակում օրենքով համարվում է պետության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, զինվորականները, ծառայողները պարտավո՛ր են «պատվի առնել»: Բայց դա չի նշանակում, որ նույն կանոնը գործում է նաև Փաշինյանի տիկնոջ և իրենց ընտանիքի անդամների, ազգականների դեպքում: Վարչապետի տիկինը, առնվազն օրենքով, չի համարվում գերագույն գլխավոր հրամանատարուհի:
Ամենից տխրեցնողը, անկեղծորեն, ոչ այնքան այն է, որ ԱԻՆ ծառայողը նման ժեստ է արել, այլ այն, որ Աննա Հակոբյանը դա ընդունել է, չի կանխել, չի ասել՝ դրա կարիքը չկա...
Բայց «լավատեսական նոտայով» ու կառուցողական առաջարկությամբ եզրափակենք: Այ, Փաշինյանի իշխանության Դանիել Իոաննիսյանը, որքան հայտնի է, Սահմանադրության «կարուձևի», կամ «շտոպկայի» գործին է լծված: Ասեք, թող մի հատուկ հոդված ավելացնեն իրենց երազանքի ապագա Սահմանադրության մեջ, որ այսպես ու այսպես. «Վարչապետ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ինքնաբերաբար համարվում է բարձրաստիճան սպայի կարգավիճակ ունեցող, հետևաբար, բոլոր զինվորականները պարտավոր են նրան «պատվի առնել»»:
Հա՛, հենց այդպես՝ անվանական կարելի է գրել, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը երազում է մինչև 2050 թվականը կառավարել կամ ժառանգաբար փոխանցել ներկայումս զբաղեցրած պաշտոնը: Չնայած, Հայաստանի բոլոր այն ղեկավարները, որոնք գնացել են Սահմանադրության փոփոխության, դրանից ուղիղ երեք տարի անց հեռացել կամ հեռացվել են իշխանությունից: Փաշինյանի դեպքում, ի դեպ, երեք տարին մեծ հաջողություն կհամարվի ու ըստ ամենայնի՝ քիչ հավանական։

Արմեն Հակոբյան