Մեկնաբանություն

20.07.2020 17:15


Թուրքիան ուզում է խառնվել «վատով», ՀՀ-ն ասում է՝ «մերսի քեզ, ՆԱՏՕ»

Թուրքիան ուզում է խառնվել «վատով», ՀՀ-ն ասում է՝ «մերսի քեզ, ՆԱՏՕ»

Լրահոսային ծիրանա-Մարգարիտա Սիմոնյան-«թուքումուր» թոհուբոհի մեջ մի տեսակ աննկատ մնաց, կարելի է ասել՝ ՀՀ գրեթե պաշտոնական շնորհակալությունն առ ՆԱՏՕ, ավելի ճիշտ՝ առ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Աթթիլա Մեսթերհազի:

Ասենք, ինչո՞ւ «գրեթե», եթե շնորհակալությունն արտահայտել է Հայաստանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով, ի լրումն, նաև ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարն է, ինչը նրա շնորհակալական ուղերձին լիովին պաշտոնականի կարգավիճակ է հաղորդում: Շնորհակալություն հայտնելու շարժառիթը այն է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նշված նախագահը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական գործողությունները դադարեցնելու խաղաղասիրական հայտարարություն է արել:

Եթե առհասարակ վերանանք մի շարք ակնհայտ իրողություններից, ապա Անդրանիկ Քոչարյանի շնորհակալությունը ՆԱՏՕ-ին կամ ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ուղղված սովորական քաղաքավարիության ժեստ է: Նաև տեղին նշումներով, թե՝ ադրբեջանական կողմը չի դադարեցնում ռազմական գործողությունները և այլն, և այդպես շարունակ:

Բայց:

Ակնարկված իրողությունները հենց նրա համար էլ բնորոշվում են ակնհայտ, որ դրանք չի կարելի շրջանցել, իսկ շրջանցման դեպքում, անընկալելի և կիսատ-պռատ մի բան է ստացվում, ինչպես պրն. Անդրանիկ Քոչարյանի ուղերձում:

Չէ, երևի իսկապես հատուկ տաղանդ է պետք ունենալ՝ խոսել ՆԱՏՕ-ի մասին կամ ՆԱՏՕ-ին ուղղված հայտարարությամբ հանդես գալ ու կես բառ անգամ չասել, նույնիսկ անուղղակի չակնարկել Թուրքիայի պարագան: Մինչդեռ Թուրքիան ոչ թե պարզապես ՆԱՏՕ-ի անդամ է, այլև այդ կազմակերպության հիմնական «հարվածային ուժը»՝ անմիջականորեն մեր տարածաշրջանում ու մեր սահմանին:

Ամենի՛ց կարևորը. սահմանագոտում ադրբեջանական կողմի հրահրած մարտական գործողությունների մեկնարկին պես Թուրքիան՝ պետական ամենաբարձր մակարդակով հանդես եկավ հայտարարություններով՝ առավել քան պարզորոշ արտահայտելով Ադրբեջանին համակողմանի, այդ թվում՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու պաշտոնական դիրքորոշումը, ավելին՝ սկսեց սպառնալիքներ տեղալ Հայաստանի ուղղությամբ: Ըստ էության, Թուրքիան Հայաստանի դեմ շարունակեց կատարել քայլեր և գործողություններ, որոնք բնութագրվում են որպես ագրեսիվ կամ պատերազմական բնույթ ունեցող:

Հարց է ծագում, թե քանի՞ քոռ ղուրուշ արժե ՀՀ պաշտոնական ներկայացուցչի շնորհակալական արձագանքի արժանացած ՆԱՏՕ-ի «խաղաղասիրական կոչը», եթե ՆԱՏՕ-ի ղեկավարությունը առաջնահերթ չի սաստում իր անդամ Թուրքիայի ղեկավարությանը, վերջինիս գոնե կոչ չի անում՝ դադարեցնել իրավիճակի լարվածության ավելացմանն ուղղված հրահրիչ հայտարարությունները և հակամարտող կողմերից մեկին անթաքույց համակողմանի աջակցության ցուցաբերումը:

Լավ, ՆԱՏՕ-ն, ասենք, չի հանդգնում սաստել իր անդամին: Բայց նմանապես հարց է ծագում, թե այդ ամենից անկասկած քաջատեղյակ Անդրանիկ Քոչարյա՞նն ինչու ոչ մի բառ չի ասում ՆԱՏՕ-ի թեկուզ ԽՎ նախագահին: Դա ասելու ավելի՞ հարմար առիթ պիտի լիներ:

Եվ մի բան էլ, որ լիովին համահունչ է այս օրերին տարածված հակառուսական հիստերիկ բռնկումներին: Եթե ոմանք դեռ հարցեր ունեն, թե ի՞նչ դրսևորումների հանրագումարում են ձևավորվել այն թեզերը, որոնք այդպես առճակատ արտահայտեց Ռուսաստանի պաշտոնական քարոզչության հայտնի ներկայացուցչուհին, ապա նրանց՝ նման «հարցեր ունեցողներին», կարելի է միայն նախանձել՝ նույնիսկ բացահայտ բաները չտեսնել կարողանալու ուրույն հատկության համար:

Այ, երբ վազեվազ շնորհակալություններ եք հայտնում ՆԱՏՕ-ին, ու «մոռանում», թե սահմանակից հատկապես որ երկիրն է Հյուսիս-Ատլանտյան այդ կազմակերպության անդամ, մի զարմացեք և հուզվեք, երբ խոժոռ ձայներ են լսվում Հյուսիսից:

Ճիշտ հասկանանք միմյանց. բուն հարցը ՆԱՏՕ-ն կամ ՀԱՊԿ-ը չեն սոսկ: Սկզբունքորեն, Հայաստանն անցած տասնամյակներում հրաշալի ցույց է տվել, թե ինչպես է կարողանում արդյունավետ համագործակցել թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ, որ միմյանց լիովին հակադրված միավորումներ են:

Բուն հարցը մեկի կամ մյուսի հետ աշխատելու Հայաստանի պաշտոնական շրջանակների ունակությունը, հեռատեսությունը, շրջահայացությունը կամ դրանց իսպառ բացակայությունն են, որոնք փոխարինված են առկա դիպվածայնությամբ, մակերեսայնությամբ և ամեն ինչ ճղճղան «ինքնա-փի-առ»-ի վերածելու մանիայով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը