Կարծիք

20.07.2020 12:48


Մարգարիտայի դեպքում իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի նրա դեմ զոմբիաֆեյքա «հայրենասիրական» արշավի կազմակերպմամբ ընդլայնի իր հակառուսական քաղաքականությանը աջակցողների շարքերը Հայաստանում

Մարգարիտայի դեպքում իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի նրա դեմ զոմբիաֆեյքա «հայրենասիրական» արշավի կազմակերպմամբ ընդլայնի իր հակառուսական քաղաքականությանը աջակցողների շարքերը Հայաստանում

ՀԱՅ ԵՄ ԵՍ, ՀԱՅ ԵՍ ԴՈՒ

Մարգարիտա Սիմոնյանի շուրջ բորբոքված կրքերի մասին 2 բառ էլ ես ասեմ (եթե դեմ չեք):

Ինձ թվում է խոսողների մեծ մասը լավ չեն պատկերացնում թեման։ Մեզ թվում է մենք «հարևանի հետ կոֆեի սեղանի շուրջ» բամբասանքում երրորդ հարևանին «անարգանքի սյունին գամելու», կամ էլ Արամ Ասատրյանի՝ «հայ եմ ես, հայ ես դու, վախ քու ցավդ տանեմ ես» երգի մակարդակի քննարկում ունենք։ Մինչդեռ մենք պետք է շատ լուրջ մտածենք, թե ինչպես կարող ենք մեր Ազգային ամբողջական ներուժը, որը սփռված է տարբեր պետություններում, ծառայեցնել մեր Պետական շահերին։ Սա հիմնական, եթե կուզեք, կենսական հարց է մեզ համար։ Մշակութային, կրթական, հասարակական, առողջապահական, մարզական և մեր կյանքի այլ ոլորտներում խնդիրը լուծելու հարցում մենք կարծես շատ պրոբլեմների չենք հանդիպում (չնայած այստեղ էլ անելիքների՝ անձանց ազգային արմատներին վերադարձնելու, Հայկականությանն ու Հայաստանին կապելու առումով հսկայական անելիքներ կան): Առնվազն այն անհատները, ովքեր ունեն ազգային պատկանելության գիտակցությունը, կարող են իրենց աջակցության համար հարմար խողովակներ այսօր գտնել։

Այլ է հարցը քաղաքական, քարոզչական և «մերձքաղաքական» ոլորտներում։ Մենք դժվարանում ենք հասկանալ և ընդունել, որ այլ պետություններում, այս ոլորտներում ներգրավված պաշտոնյաները և քաղաքական էլիտային մաս կազմող անհատները չեն կարող առաջնորդվել «զգացական», առավել ևս «ազգային պատկանելության» սկզբունքով։ Այդ անհատները առաջին հերթին իրենց քաղաքացիության և ապրած պետության պետական շահերով առաջնորդվող գործիչներ են, որոնք ուղղակի չեն կարող իրենց պետական քաղաքական ուղեգծին հակադրվել։ Այստեղ մեր մոտեցումը պետք է լինի ավելի քան իրատեսական։ Մենք իրավունք չունենք նույնիսկ ակնկալել, որ տարածաշրջանում կենսական շահեր ունեցող գերտերության կամ տարածաշրջանային պետության «քաղաքական էլիտայի» որևէ ներկայացուցիչ իր պետության շահերին տրամագծիրեն հակառակ կարծիք, կամ առավել ևս հրապարակային մոտեցում դրսևորել։ Այս անձինք իրենց երկրի պետական շահերը իրացնելու համար են այնտեղ, որտեղ այսօր են։ Սրա օրինակները պատմության մեջ շատ են՝ սկսած Բյուզանդական կայսրությունից, որի հայազգի կայսերական դինաստիան կործանեց Բագրատունիների թագավորությունը, վերջացրած Սովետական Ռուսաստանով, որի հայազգի քաղաքական գործիչները ամեն ինչ արեցին 1920-ին Հայաստանը սովետական կայսրության մաս դարձնելու համար։ Ուրեմն մենք չենք, որ պետք է դատենք այդ գործիչներին մեր ազգային դիտանկյունից, առավել ևս նրանց «ազգային պատկանելությանը» դավաճանելու «հոդվածով»։ Այստեղ կուզեի հիշել նաև Կալիֆորնիայի հայազգի նահանգապետ Ջորջ Դեոքմեճյանին, որը ժամանակին արգելափակեց Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատման հարցի ընթացքը։

Խելացի պետական ղեկավարության գոյության պարագայում, որն այսօր, ցավոք, իսպառ բացակայում է, մենք պետք է փորձեինք նպաստել բոլոր հայազգի գործիչների ազդեցության մեծացմանն իրենց երկրներում։ Այդ երկրների շահերը չեն կարող լինել նույնական Հայաստանի պետական շահերի հետ, ավելին, այդ երկրների պետական շահը կարող է ամբողջությամբ հակահայկական լինել, բայց մենք նույնիսկ այդ երկրի քաղաքական էլիտային մաս կազմող յուրաքանչյուր հայազգի գործչի պետք է վերաբերվենք մեծագույն խնամքով։ Սա այն է, ինչ տասնամյակներով արել է և այսօր էլ անում է ՀՅԴաշնակցությունը՝ իր բոլոր լոբբիստական կառույցներով։

Մարգարիտայի դեպքում մենք, ավելի շուտ այսօրվա իշխանությունը, արեց և անում է ամեն ինչ, որպեսզի նրա դեմ զոմբիաֆեյքա«հայրենասիրական» արշավի կազմակերպմամբ ընդլայնի իր հակառուսական քաղաքականությանը աջակցողների շարքերը Հայաստանում, որն ամենավտանգավորն է, որ կարող էր անել երկրի ղեկավարությունը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում։ Սա մեղմ ասած, մանկամտության ծայրահեղ դրսևորում է, եթե չասենք ավելին։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը