Աշխարհ

20.07.2020 18:50


Համակարգչային տոմոգրաֆիան բացահայտել է «ճչացող կնոջ մումիայի» գաղտնիքը

Համակարգչային տոմոգրաֆիան բացահայտել է «ճչացող կնոջ մումիայի» գաղտնիքը

Կահիրեի համալսարանից հայտնի եգիպտաբան Զախի Հավասի և ռադիոլոգիայի պրոֆեսոր Սահար Սալիմի անցկացրած հետազոտությունը բացահայտել է Դեյր էլ Բախրի թագավորական համալիրից «ճչացող կնոջ մումիայի» գաղտնիքը։ Ինչպես ցույց են տվել սքանները, եգիպտացի արքայադստեր մահվան պատճառը սրտի կաթվածն էր, գրում է Planet Today-ը։

Ավելի ստույգ ասած՝ սրտի կաթվածը առաջացել էր կորոնար զարկերակների ծանր աթերոսկլերոզի հետևանքով։ Ընդ որում՝ զմռսման հինեգիպտական գործընթացը երկար դարեր ի վեր պահպանել է արքայադստեր դեմքը հանկարծամահ լինելու պահին։

Մումիայի ժամանակակից պատմությունը սկսվել էր 1881 թվականին, երբ Լուքսորում հայտնաբերվել էր դամբարանային համալիր, որը հայտնի էր որպես Դեյր էլ Բախրի։ Այն իրենից ներկայացնում էր վայր, որտեղ 21-րդ և 22-րդ դինաստիաների հոգեվորականները թաքցնում էին նախկին դինաստիաների թագավորական ընտանիքներին, որպեսզի պաշտպանեին կողոպտիչներից։

Հայտնաբերված մումիաներից առանձնապես տարբերվում էին երկու մումիաներ։ Առաջինն անվանվել էր «ճչացող տղամարդու մումիա»։ ԴՆԹ-ի և համակարգչային տոմոգրաֆիայի կիրառմամբ հետազոտությունները վերջերս ապացուցել են, որ մումիան թագավոր Ռամզես II-ի որդու՝ Պենտուարինն է, որն ինքնասպան էր եղել կախվելու միջոցով, երբ մեղադրվել էր այսպես կոչված «Հարեմի դավադրության» մեջ, որն ուղղված էր նրա հորը սպանելուն։ Որպես պատիժ՝ նա չէր սմռսվել ու նրան պարզապես փաթաթել էին ոչքարի կաշվի մեջ, ինչը վկայում է այն, որ նա «մաքուր» չէր և պատժվելու էր մահից հետո։

Մնացած մումիաները զգուշորեն փաթաթած էին սպիտակ սավանի մեջ և մանրակրկիտ կերպով զմռսված։

Հատուկ ուշադրության արժանացած մյուս մումիան պատկանում է կնոջը, որը մահվան պահին շուրջ 60 տարեկան էր։ Նրա մոտ ևս նկատելի էին սարսափի, ցավի նշաններ և բաց բերան, կարծես նա գոռում էր․ այդ մումիան ևս հայտնի է որպես «ճչացող կնոջ մումիա»։ Բացի այդ, նրա գլուխը հենված էր աջ կողմի վրա, իսկ ոտքերը ծալված էին, մինչդեռ մնացած բոլոր մումիաները բակ բերանով էին և ուղիղ դիրքով։

Մումիային կից հին եգիպտերենով արված գրառումները վկայել են․ «Թագավորի դուստր, թագավորի քույր Մերեթ Ամոն»։ Սակայն մումիան համարվում է անհայտ և այդպես էլ կոչվել է՝ «Անհայտ կնոջ մումիա»։ Դա կապված է հանգամանքի հետ, որ Հին Եգիպտոսում այդ անունը կրող շատ արքայադուստրեր են եղել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը