Մեկնաբանություն

19.07.2020 14:47


Մարգարիտա Սիմոնյանի ուղիղ խոսքը Նիկոլ Փաշինյանին

Մարգարիտա Սիմոնյանի ուղիղ խոսքը Նիկոլ Փաշինյանին

Ուղիղ խոսքն էշին են ասում։

Ժողովրդական խոսք

Օրերս Մարգարիտա Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին էր դիմել ուղիղ խոսքով։ Նա, ըստ էության, նոր բան չէր ասել։

ՌԴ քաղաքացի հայազգի հայտնի գործիչը, եթե մի կողմ թողնենք ասվածի հուզական կողմն ու «մատը», արձանագրել էր այն, ինչը մենք գիտենք ավելի քան երկու տարի։ Այն է՝ ՀՀ և ՌԴ առաջին դեմքերի միջև կա «դասակարգային» տարբերություն, տեսակային անտոգոնիզմ և քաղաքական լուրջ խնդիր։

Սիմոնյանն արձանագրել է, որ հայ–ռուսական հարաբերությունները փչացել են Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Ի՞նչ է, սա նորությո՞ւն է որևէ ողջամիտ մարդու համար։

Կրեմլյան քարոզչության ծանր հրետանիներից հանդիսացող Սիմոնյանը ասել է այն, ինչ մտածում են ռուսական քաղաքական իստեբլիշմենտում Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության մասին։ Քաղաքականություն, որը հակասում է ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ռուսաստանի ռազմավարական շահերին։ Սա նորությո՞ւն էր, որ ոմանք շտապեցին հայրենասեր խաղալ՝ հաստատելով, որ մասնագիտությամբ հայրենասեր խաղալը սրիկաների վերջին հանգրվանն է։

Սիմոնյանն իր գրառմամբ բացահայտեց Նիկոլ Փաշինյանի՝ վաղուց բացահայտված ստերից մեկը, թե բա հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։ Հայազգի լրագրողը նո՞ր բան է ասել։ Առանց իր ասելու էլ մենք գիտենք, որ Նիկոլը ստախոս է և հայ–ռուսական հարաբերությունները փայլուն չեն։ ՌԴ–ն հիմա ՀՀ–ի հետ աշխատում է երկու խողովակով՝ բանակ և ԱԳՆ։ Փաշինյանին Պուտինը չի համարում արժանի, կոմպետենտ և վստահելի գործընկեր։

Ո՞ւմ համար պարզ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսած հետապնդումը քաղաքական է, նաև՝ աշխարհաքաղաքական։ Քոչարյանի դեմ արշավ սանձազերծելով՝ Նիկոլը բավարարում է սորոսաթուրքական իր փայատերերի պահանջները և միաժամանակ հաղթահարում սեփական կոմպլեքսները։ Դա փոքր մարդու մեծ վրեժն էր՝ սեփական չկայացած մանկության, չբավարարված քաղաքական արկածախնդրության ու լրագրողական տարիներին Քոչարյանից չշորթված գումարների համար։

Սիմոնյանի գլխավոր մեսիջը, սակայն, Փաշինյանին չէր ուղղված։ «Կո՛ւժ քեզ ասում եմ, կո՛ւլա, դու լսիր» տարբերակով Մ. Սիմոնյանը խոսքը նախատեսված էր ՀՀ քաղաքացիների համար՝ սկսած նորմալներից մինչև «հպարտ»։ Նրա ասածն այն էր, որ ՀՀ իշխանության առաջին դեմքի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը հակասում է ՀՀ քաղաքացիների շահերին, քանզի Հայաստանը թողել է առանց դաշնակից՝ թուրք–ադրբեջանական զույգի դեմ։ Մնացածն արդեն զուտ ձևակերպումների հարց է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը