Լրահոս

17.07.2020 23:04


Ամուսինները սովոր չեն միմյանց հետ տևական ժամանակ անցկացնել. ՀՀ-ում աճել է ամուսնալուծությունների թիվը. փաստաբան Ն. Աբելյան

Ամուսինները սովոր չեն միմյանց հետ տևական ժամանակ անցկացնել. ՀՀ-ում աճել է ամուսնալուծությունների թիվը. փաստաբան Ն. Աբելյան

Կորոնավիրուսի համաճարակն աշխարհը նոր մարտահրավերների առջև է կանգնեցրել։ Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել ոչ միայն տարբեր երկրների տնտեսություններում, այլ նաև, կարծես թե, կորոնավիրուսի համաճարակն անդրադարձել է նաև մարդկային հարաբերությունների վրա։ Մասնավորապես, փորձության են ենթարկվել ներընտանեկան հարաբերությունները, և շատ երկրներում աճել է ամուսնալուծությունների թիվը, ինչը, տարբեր մասնագետների կարծիքով՝ կապված է նրա հետ, որ մարդիկ սովոր չեն երկար ժամանակ անցկացնել միմյանց հետ։

Այնպես, օրինակ, ամուսնալուծությունների թվի աճ է գրանցվել Չինաստանում, ինչպես նաև մեզանից ոչ այնքան հեռու գտնվող Ռուսաստանում, Ղազախստանում և մի շարք այլ երկրներում։

Արդյոք այդ խնդիրն արդիակա՞ն է նաև Հայաստանում։ Այս հարցի շուրջ «Zham.am»-ը զրուցեց «Էրատո» փաստաբանական գրասենյակի փաստաբան Նարինե Աբելյանի հետ։

-Արդյոք կորոնավիրուսի համաճարակն ազդե՞լ է Հայաստանում ներընտանեկան հարաբերությունների վրա, և նկատվու՞մ է արդյոք ամուսնալուծությունների թվի աճ։ Եվ եթե այո, ապա, ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը։

-Ցավոք, համավարակի բացասական հետևանքներից անմասն չմնացին նաև ամուսնաընտանեկան հարաբերությունները: Վերջին մի քանի ամիսներին կտրուկ աճել են ամուսնալուծության վերաբերյալ խորհրդատվություն ստանալ ցանկացող անձանց թիվը: Հետաքրքրական է, որ մեծամասնությունը ցանկություն է հայտնում անհապաղ սկսել ամուսնալուծության պրոցեսը: Ամուսնալուծությունների պատճառը, որպես կանոն, ամուսինների՝ միմյանց «չհասկանալն է», հաճախակի դարձած վեճերը, միջանձնային լարվածությունը:

Հարցին, թե ինչն է այդ լարվածության և վեճերի պատճառը, որը բերում է ամուսնալուծությանը, կդժվարանամ միանշանակ պատասխանել, սակայն մեկ բան պարզ է. համավարակով պայմանավորված, ամուսիններն ավելի շատ ժամանակ են անցկացնում միմյանց հետ, ինչին, հավանաբար, սովոր չեն: Վերոնշյալին գումարվում է ֆինանսատնտեսական ծանր վիճակը և, ահա, ընտանեկան վեճերը պատրաստ են:

-Իսկ դատարանները քննու՞մ են այդ գործերը, թե՞ կորոնավիրուսով պայմանավորված դատական նիստերը հետազգվում են, և քաղաքացիները, փաստորեն, հնարավորություն ունեն ևս մեկ անգամ մտածել այդ ծայրահեղ քայլին դիմելուց։

-Նոր ներկայացված հայցադիմումներով դեռևս չեմ կարող կանխատեսումներ անել, սակայն նախկինում ներկայացված և հիմա դատաքննության նշանակված գործերով դատական նիստերը միայն ծայրահեղ դեպքերում չեն կայանում: Ընդհանուր առմամբ, այս իմաստով հետընթաց չի նկատվում:

Ինչ վերաբերում է ամուսիններին ևս մեկ անգամ մտածելու հանրավորություն ընձեռնելուն, ապա դատարանները, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավունք ունեն, և, որպես կանոն, իրացնում են այդ իրավունքը՝ միջոցներ ձեռնարկելով ամուսիններին հաշտեցնելու համար. այդ նպատակով գործի քննությունը կարող է հետաձգվել մինչև 3 ամիս: Նշեմ, որ այս կարգավորումը գործում է, եթե ամուսնալուծվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ամուսիններից մեկի կողմից:

-Իսկ ամուսնալուծություններին ավելի շատ դիմում են արդեն, այսպես ասած, կայացա՞ծ ընտանեկան զույգերը, ովքեր տարիներ շարունակ ապրել են միմյանց հետ, երեխաներ ունեն, թե՞ նորապսակները։

-Ցավոք, մեծամասամբ դիմում են երիտասարդ ընտանիքները, որոնց մի մասը կա՛մ չունեն երեխա/երեխաներ, կա՛մ ունեն մանկահասակ երեխաներ:

-Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց երեխաները բախվում են ծնողների ամուսնալուծության ընթացքում և, գուցե, դրանից հետո։

-Հիմնական խնդիրը, ըստ իս, հոգեբանական է, դրան հաջորդում են սոցիալականն ու ֆինանսականը: Ամուսնալուծվող զույգերի մեծամասնությունը թե՛ դատական նիստերի ընթացքում, թե՛ կատարողական վարույթի ընթացքում փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում, որոշ դեպքերում ֆիզիկական բռնություն գործադրում, ինչը, բնականաբար ծանր ազդեցություն է թողնում երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման վրա: Օգտվելով առիթից կոչ եմ անում ծնողներին անկախ ամեն ինչից դրսևորել առավելագույն զսպվածություն, քանի որ ծնողների փոխադարձ անհարգալից վերաբերմունքով պայմանավորված անբարենպաստ հետևանքներն առաջին հերթին անդրադառնում են երեխաների հոգեբանական վիճակի վրա:

Ինչպես հայտնի է, ընտանեկան գործեր քննելիս, եթե առկա են երեխայի շահերին վերաբերող հարցեր, դրանք պետք է քննվեն առաջնահերթության կարգով, իսկ ցանկացած հարցի լուծում բխի երեխայի լավագույն շահերից: Այս մասին բազմաթիվ նախադեպային դիրքորոշումներ է արտահայտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իսկ դրանց հետագա կիրառելիությունն ապահովվել է ներպետական դատարանների կողմից:

Ի վերջո, կարծում եմ, երեխաների իրավունքների առաջին պաշտպանները պետք է լինեն հենց նրանց ծնողները և հետո միայն պետությունն ի դեմս պետական մարմինների:

Այս խորագրի վերջին նյութերը