Լրահոս

17.07.2020 19:09


Մենք մեր զույգ պետությունների և մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մենք մեր զույգ պետությունների և մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Yerkir.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը

-Հերթական անգամ Ադրբեջանը ռազմական բախում սադրեց, այս դեպքում ուղղակիորեն Հայաստանի հետ: ՀՅԴ Բյուրոն հուլիսի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ, որն ուղղված էր ողջ հայությանը և հավաստում էր Դաշնակցության պատրաստակամության մասին բոլոր հնարավորություններով ծառայելու Հայրենիքի ու հայության անվտանգության և զարգացման գործին: Կարելի՞ է մի քիչ մանրամասնել:

-Նախ ՀՅԴ մեծ ընտանիքի անունից ես կրկին խոր ցավակցություն եմ հայտնում նահատակված հայորդիների հարազատներին, ինչպես եւ ողջ հայ ժողովրդին: Վիշտը բոլորինս է, ինչպես որ բոլորինս է զոհվածների եւ առհասարակ բոլոր մեր քաջարի զինվորների ու սպաների անձնազոհ խիզախումը՝ հանուն հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի պաշտպանության եւ հայ ժողովրդի խաղաղ գոյակցության: Մենք մեկ անգամ ևս հպարտացանք, որ մեր թշնամու հերթական արկածախնդրական փորձը բախվեց հայ մարտիկի ամուր եւ անսասան դիմակայությանը: Ու թշնամին էլ ևս մեկ անգամ ականատես եղավ ընդհանուր վտանգի շուրջ կրկին բռունցքվելու հայության հավաքական կամքին:

Գալով ձեր հաստատումին պետք է շեշտեմ, որ Դաշնակցությունն այն համահայկական կազմակերպությունն է, որը նման պատասխանատու պահերին միշտ արձագանքում է հայրենի կարիքների կանչին, մասնավորապես հավաստելով, որ պատրաստ է իր բոլոր հնարավորություններն ի սպաս դնելու հայրենիքի պաշտպանության եւ համակողմանի աջակցության գործին:

Մենք կապի մեջ ենք Հայաստանի ու Արցախի համապատասխան բարձրագույն ղեկավարության հետ՝ հունավորելու համար համահայկական նեցուկի դրսևորումները եւ համադրելու համար հայանպաստ քարոզչական աշխատանքն ու բանակին օժանդակության ծրագրերը:

Հայտնի է, որ երկար ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձել էր իր հին հռետորաբանությանը, թեժացնում էր մթնոլորտը եւ հավանական էր թվում, որ նման զարգացումները կարող են հանգեցնել նոր, վտանգավոր հետեւանքների: Պատահական չպետք է համարել քաղաքական ու քարոզչական այն ակտիվ քայլերը, որոնք ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ, ռազմական գործողություններին զուգահեռ, փորձեց նախաձեռնել հակառակորդ կողմը: Գոհունակությամբ անդրադառնում ենք նաև, որ թշնամու քարոզչական արշավը ծանր պարտություն կրեց, Հայաստանի ու հայության հակահարվածը եղավ ազդու: Ադրբեջանում պաշտոնանկ եղավ արտգործնախարարը և այս հարցով թե՛ Ադրբեջանում և թե՛ Թուրքիայում այժմ տիրում է խուճապի մթնոլորտ: Այս խուճապի անընդունելի դրսևորումներից է Հայաստանի ատոմակայանը ռմբակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը, որը, ընդհանրապես, միջազգային հանրությունը մարդկության դեմ իրականացվող մեծագույն ոճիր է համարում:

-Այսինքն, ըստ ձեզ, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին լուրջ ծրագրե՞ր էր հետապնդում հրահրելով այս նոր ընդհարումը: Այս պարագայում քաղաքական-քարոզչական եւ ընդհանրապես ի՞նչ անելիք ունի հայկական կողմը:

-Ես չեմ կարող հստակորեն ասել թե ինչ մտադրություն ուներ Ադրբեջանը սանձազերծելով եւ ընդլայնելով այս սահմանային միջադեպը, սակայն որոշ ենթադրություններ կարելի է անել մեկնելով ակնհայտ փաստերից: Օրինակ արձանագրենք, որ վերջին շրջանում ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան հետեւողականորեն փորձում էր արտաքին լսարանի համար զարգացնել այն թեզը, թե իրականում չկա արցախահայության եւ նրա մարդկային ու ազգային իրավունքների հարց, այլ հակամարտության առարկան Հայաստանի հարձակողապաշտ մոտեցումն է Ադրբեջանի նկատմամբ և նրանից տարածքի, այսպես ասած, բռնազավթումը: Պատահական չէ, որ սահմանային այս համեմատաբար խոշոր բախումը ձեռնարկվեց ոչ թե Արցախի, այլ Հայաստանի նկատմամբ: Եւ սրան նախորդող ժամանակահատվածում էլ, նույն սահմանագծում, ժամանակ առ ժամանակ կրկնվեցին նման սադրիչ ձեռնարկումները:

Եւ իհարկե հայկական կողմն ունի անելիքներ: Անհրաժեշտ է նույն ակտիվ ու համարձակ հակադարձումը, որ տեղի ունեցավ ռազմական բեմում, կազմակերպել նաեւ քաղաքական-դիվանագիտական ճակատում: Ադրբեջանի անպատասխանատու ղեկավարությունը պատերազմական հանցավոր գործողություն է իրականացրել անկախ գերիշխան երկրի դեմ, ինչն ի դեպ ոչ մի կապ չունի Արցախյան խնդրի եւ նրա հանգուցալուծմանը միտող ուղիների հետ: Մյուս կողմից, հերթական անգամ Ադրբեջանը քամահրական վերաբերմունք է դրսեւորում Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ տարիներ ի վեր գործադրվող ջանքերի եւ այս գործում ներգրավված միջնորդ կողմերի հանդեպ, երբ բազմիցս բանակցության մասնակիցները հայտարարել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:

Ճիշտ պահն է մերկացնելու ադրբեջանական ղեկավարության այս անպատասխանատու գործելակերպը եւ պահանջելու միջազգային արձագանք:

Ճիշտ առիթն է բացահայտելու նաեւ Թուրքիայի միանշանակ ադրբեջանամետ կողմնորոշումը, Հայաստանի նկատմամբ սպառնալիք հանդիսանալու հանգամանքը և նրա հավակնոտ ծրագրերը, այս տարածաշրջանում ևս ծավալուն հակամարտություններ հրահրելու և դրանցում, որպես փայատեր, մասնակից դառնալու փափագով: Պետք է բոլորի համար պարզ դարձնել, որ նման դերակատարը չի կարող հավակնել անաչառ միջնորդի դերի:

Այս բոլոր հարցերում պետական պաշտոնական, կուսակցական ու այլ մակարդակներով հայկական կողմի անելիքները իրապես շատ են:

Իսկ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը մեր արդեն իսկ ընթացք առած գործնական քայլերի մասին էր վկայում: Դաշնակցությունն իր շրջանային մարմիններով, Հայ Դատի գրասենյակներով ու հանձնախմբերով, ինչպես եւ ուղեկից միություններով ու համակիրներով ռազմական գործողությունների լուրն առնելուն պես աշխատանքի է անցել տարբեր ասպարեզներում: Այդ աշխատանքն իր որոշակի պտուղները սկսել է, ու պիտի շարունակի տալ՝ տարբեր մակարդակներում:

-ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ խոսվում էր նաեւ հայկական զույգ պետությունների եւ հայկական բանակի կողքին լինելու մասին

Այդպես է. անշուշտ, մեր գործունեության ասպարեզը միայն արտաքին ճակատը չէ: Մենք մեր զույգ պետությունների եւ մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես: Այսօրէլ պատրաստ ենք հանձնառություններ ստանձնելու, կազմակերպելու, կոչ անելու համակիր շրջանակներին ու ողջ հայությանը համախմբվելու մեր անընկճելի եւ հերոսական բանակին աջակցութիւն ապահովելու գաղափարի շուրջ: Այն ինչի մասին հիմա խոսում եմ, պարզապես հայտարարություն չէ, մենք նման գաղափարի միս ու արյուն ենք հաղորդել եւ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, երբ կարողացանք բավականին շոշափելի գումար հավաքել եւ տրամադրել մեր բանակի կարիքներին:

Եւ հիմա էլ տվյալ գաղափարը վերջին իրադարձությունների ազդեցությամբ չէ որ օրակարգ է բերվել. բավական ժամանակ այս աշխատանքը նախապատրաստելու ընթացքի մեջ ենք եղել, իսկ այժմ անհրաժեշտ է այն տեղափոխել իրագործման հուն:

Հայոց պետությունն ու բանակը մեր բարձրագույն արժեքներն են, որոնց նկատմամբ սիրո ու գուրգուրանքի մենաշնորհ չի կարող լինել, կա համըմդհանուր պատասխանատվություն եւ մենք մեր բաժին պատասխանատվության տերն ենք:

Այս խորագրի վերջին նյութերը