Կարծիք

17.07.2020 14:36


Հանգիստ նստի տեղդ` երգդ երգի, մեծերի գործերին մի խառնվի

Հանգիստ նստի տեղդ` երգդ երգի, մեծերի գործերին մի խառնվի

Սերժ Թանկյանի վրա «ղժժալը», իհարկե, Միհրան Հակոբյանի մենաշնորհն է, բայց դժվար է դիմանալ գայթակղությանը և մեկ-երկու խոսք չասել «խեղափոխության տրուբադուրի» մտքի վերջին փայլատակման մասին։

Հեռվից հայրենիքը սիրող սույն «պերսոնան» իր արևին գտել է ադրբեջանական ագրեսիայի դեմն առնելու դեղատոմսը` STOPALIYEV. իբր արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած իրադարձություններին, առաջարկել է մի «խաղաղ հեղափոխություն» էլ Ադրբեջանում անել։
Թե բա` «Սա Իլհամ Ալիեւն է. նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է։ Նա իշխանությունը վերցրել է իր հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից: Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն եւ խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, որպեսզի ունենան խելամիտ ղեկավարություն եւ հույս ունեմ, նաեւ խաղաղություն»:

Ափսոս` չի բացել փակագծերը. ո՞վ է անելու էդ «խաղաղ հեղափոխությունը»` ինքն ու Արսինե՞ն են «դեսանտ իջնելու» Բաքվի կենտրոնում, մեր «թավիշների՞ն» է դեսանտ իջեցնելու, թե՞ դիստանցիոն ռեժիմով է կազմակերպելու և ուղղորդելու Ալիևին «թախտից գցելու» գործընթացը։

Անշուշտ, մենք բոլորովին դեմ չենք, որ Ադրբեջանում էլ իշխանության գա Նիկոլի նման մեկը և սկսի քանդել պետական բոլոր ինստիտուտները, պառակտել, սև-սպիտակի բաժանել, ջլատել ադրբեջանական հասարակությունը, զրոյացնել Ադրբեջանի դիվանագիտությունը, կանաչ լույս վառել կորոնավարակի առաջ։ Կարճ ասած` պետության հերն անիծի։

Բայց ախր չգիտենք`ումո՞վ է Սերժը ուզում փոխարինել Ադրբեջանի «նավթային օլիգարխիկ նախագահին»։ Ո՞վ է, էլի, էն «խելամիտ» խաղաղության աղավնին, որի առաջին գործը` Ալիևի աթոռին նստելուց հետո, լինելու է Արցախի անկախությունը ճանաչելը և առանց նախապայմանների խաղաղության համաձայնագիր ստորագրելը։

Ճանաչո՞ւմ է Ադրբեջանի ընդդիմադիր դաշտում գոնե մեկին, ով Ալիևից ավելի կաթոլիկ հայատյաց չէ և պատրաստ է Հայաստանի «խելամիտ ղեկավարության»` Նիկոլի օրինակով բանակցություններն «իր կետից» սկսել, պարզել «պացիֆիզմի» դրոշն ու տեղի-անտեղի հայտարարություններ անել Ղարաբաղի հարցը «նաև Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների» համար ընդունելի տարբերակով լուծելու մասին։

Արի ու մի ասա` հանգի՛ստ վեր ընկի տեղդ, քիթդ մի խոթի քեզ չվերաբերվող գործերի մեջ, մեծերի խոսակցությանը մի խառնվի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը