Կարծիք

17.07.2020 14:10


Մեր բանակի հաջողությունների, Ալիևի հիստերիկ հայտարարությունների, Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման սպառնալիքի և մեր անելիքների մասին

Մեր բանակի հաջողությունների, Ալիևի հիստերիկ հայտարարությունների, Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման սպառնալիքի և մեր անելիքների մասին

Հայ–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում հաջողություն է գրանցել հայկական կողմը՝ խմբագրելով և սրբագրելով արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում պաշտոնական Երևանի սխալներն ու ձախողումները։

Ադրբեջանական կողմի անհաջողության մասին են վկայում ինչպես արտգործնախարարի պաշտոնանկությունը, այնպես էլ Բաքվում տեղի ունեցած բողոքի երթն ու Ալիևի անհավասարակշիռ, ես կասեի՝ հիստերիկ ու ծիծաղելի պահվածքը։

Իշխանական աթոռը կորցնելու վախից ու ադրբեջանական ժողովրդի մոտ միավորներ հավաքելու ձգտումից ելնելով Ալիևն Ադրբեջանի ՊՆ–ի միջոցով սպառնացել է խոցել Մեծամորի ատոմակայանը։ Սա նշանակում է, որ հանուն սեփական աթոռի՝ Ադրբեջանի սուլթանը պատրաստ է հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնել ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը, ներառյալ՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Ատոմակայանին հարվածելու ալիևյան հայտարարությունը «թարգմանաբար» նշանակում է «Կա՛մ ես կլինեմ Ադրբեջանի նախագահ, կա՛մ Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը կոչնչացնեմ»։

Ատոմակայանի վրա հրթիռ ուղարկելու պաշտոնական Բաքվի հայտարարությանը պետք է հետևեն մի շարք գործողություններ, և մենք պետք է օգտվենք այս հոխորտանք–նվերից։

1. Հայաստանը առիթ է ստանում ՀՕՊ համակարգերը համալրելու և ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու համար։

ՌԴ–ի հետ պետք է ինտենսիվ բանակցություններ վարել այս ուղղությամբ։ «Триумф» և «Панцирь-С1» զինատեսակների ձեռք բերման առումով լուրջ աշխատանքներ է պետք տանել։

Սա, իհարկե, այսօրվա հարց չէ, բայց վաղը մենք պետք է մտածենք ատոմային զենք ունենալու մասին։ Դրա լեգիտիմ իրավունքը մենք ունենք նաև Ալիևի սպառնալիքների արդյունքում։

ՀԱՊԿ–ը, հայ–ռուսական հարաբերություններն այս պահին զսպող գործիք են և թույլ չեն տալիս թուրք–ադրբեջանական զույգին գրոհել Հայաստանի վրա։ Երկարաժամկետ հեռանկարում, սակայն, հնարավոր են տարատեսակ գործընթացներ։ Ու որպեսզի մենք մեր անվտանգությունը ապահովենք նախևառաջ մեր ուժերով, մեզ միջուկային մարտագլխիկներ են պետք։ Միայն ատոմային զենքի օգնությամբ մենք երկարաժամկետ հեռանկարում կկարողանանք սառեցնել մեր ոխերիմ հարևանների տաք գլուխները։

3 միլիոնանոց Հայաստանը մոտ 90 միլիոնանոց թուրք–ադրբեջանական հարևանության պայմաններում միայն ատոմային զենքի առկայությամբ կկարողանա շտկել ասիմետրիան և երկարատև խաղաղություն ապահովել։

2. Դիվանագիտական դաշտում մենք պետք է ինտենսիվ աշխատանքներ իրականցնենք՝ Ալիևի հիստերիկան իր դեմ օգտագործելու նպատակով։

Ադրբեջանն ատոմակայնին սպառնալով դառնում է մարդկությանը սպառնացող չարիք, ու դա մեր ձեռքում հաղթաթուղթ է Արցախի հարցում։

Եթե Ալիևը ցանկություն ունի թիրախավորել ատոմակայանը, ապա դա նշանակում է՝ նրա խնդիրը հայության բնաջնջումն է՝ թեկուզև հարևան ժողովուրդների բնաջնջման գնով։ Սա մեր ձեռքում լրացուցիչ փաստարկ է՝ Արցախի Հանրապետության դե ֆակտո կարգավիճակը դե յուրե դարձնելու և միջազգային ճանաչման գիծն առաջ տանելու համար։

Հայերին ֆիզիկական բնաջնջմամբ սպառնացող Բաքուն ինչպե՞ս կարող է իր կազմի մեջ ներառել Արցախն ու ապահովել արցախահայության անվտանգությունը։ Սա՛ պետք է լինի միջազգային ասպարեզում մեր գլխավոր կոդերից մեկը։

3. Պետք է առիթն օգտագործել և ուղղել պաշտոնական Երևանի կոպիտ սխալները՝ հրաժարվելով «վերելակային» դիվանագիտությունից և վերադառնալով Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի համաձայնագրերի կյանքի կոչմանը։ Եթե, իհարկե, ներկա իրողությունները հաշվի առնելով հնարավոր է հայ–ադրբեջանական բանակցային գործընթաց վերսկսել (Ալիևը շատ լուրջ հարված է ստացել մեր բանակից ու հիմա պատրաստ չի լինի բանակցել)։

4. Ակնհայտ է, որ Ադրբեջանում վեկտորը պատերազմի օգտին է։ Ալիևը կամ նրան փոխարինողը փորձելու են ռազմական ճանապարհով լուծել խնդիրը։ Դա նշանակում է, որ մենք պետք է պատրաստվենք այնպես, որ զսպենք հակառակորդի ախորժակը և վիժեցնենք ռազմական արկածախնդրությունը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքին կյանքում լուրջ փոփոխություն։

Ունա՞կ է արդյոք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համախմբել հանրությանը, վերանայել ներքաղաքական առաջնահերթությունները, փոխել տնտեսական քաղաքականությունը, ամրացնել բանակի թիկունքը և լրջորեն շտկել արտաքին քաղաքական քայլերը (հատկապես փսորված հայ–ռուսական հարաբերությունների մասով), որպեսզի մենք կարողանանք դիմագրավել թշնամուն և ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Հարցս հռետորական է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը