Մեկնաբանություն

16.07.2020 17:10


Ադրբեջանական ագրեսիան կանխատեսելի էր. այն կարող է դեռ զարգացումներ ունենալ

Ադրբեջանական ագրեսիան կանխատեսելի էր. այն կարող է դեռ զարգացումներ ունենալ

Հուլիսի լույս 16-ի գիշերը թշնամու կողմից Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտի-ռազմաճակատի հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձը, ապա դրան հաջորդած՝ Այգեպար և Մովսես գյուղերի խաղաղ բնակչության դեմ հրետակոծությունը կանխատեսելի էին: Տվյալ դեպքում խոսքը առաջնագծի մեր մարտիկների զգոնության ու թշնամու քիթումռութին հերթական անգամ ինչպես հարկն է՝ հարվածելու մասին չէ միայն:

Կանխատեսելի էր, որ ինչպես իր նախահարձակ գործողություններին մի քանի օր առաջ ստացած լուրջ հարվածներից, այնպես էլ Բաքվում հակահայկական ցույցերից ու նաև այդ ընթացքում դիտարկված հետաքրքիր հակաիշխանական «շեղումներից» հետո, Ալիևի ռեժիմը ավելի է ագրեսիվանալու՝ ձգտելով հնարավորինս մեծացնել լարվածությունը սահմանագոտում, դիմելու է նոր արկածախնդիր ու սադրիչ գործողությունների:

Դա, իհարկե, պարզ էր, ինչպես երկու անգամ երկուսը: Որքան էլ որ դա թշնամու գլխացավանքն է, արժե, թեկուզ հպանցիկ, դիտարկել, քանի որ դրա հետևանքներն ուղղակիորեն մեզ էլ են առնչվում:

Առհասարակ, տասնամյակներ շարունակ վարած հայատյաց, ռասիստական քաղաքականությամբ ու քարոզչությամբ ալիևյան ռեժիմն ինքն է իրեն փակուղի մղել: Ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գուցե նաև կարծելով, թե ներքին մարտահրավերների, առողջապահական և այլ խնդիրներով պայմանավորված, կարող է ագրեսիայի փորձ անել (նաև տրամադրությունները գործնականում ստուգել), ադրբեջանական կողմը դիմեց արկածախնդրության: Այն, որ Հայաստանի զինուժը կհակադարձի, նրանք, իհարկե, նկատի ունեցել են: Բայց հաշվի չէին առել, որ մեր բանակը նման ցավոտ ու շոշափելի հակահարված կհասցնի:

Հաջորդ արարում Ալիևը թերևս չուներ այլ տարբերակ, քան հակահայկական զանգվածային ցույցեր կազմակերպելը: Բայց իր սրած բիզը հենց իրեն ծակեց, հասկանալի է, թե՝ ո՛ր կողմից: Բաքվի այդ, կներեք, նկարագրական ցույցերը, ինչ-որ պահից սկսած հակաիշխանական, հակաալիևյան հնչերանգ ստացան: Եվ Բաքվի բռնապետը երևի զգաց, որ պետք չէ կրակի հետ խաղալ:

Բնականաբար, արդեն նախապես պատրաստված քավության նոխազներ կային, օրինակ, հենց նույն Մամեդյարովը, որն էլ հընթացս զոհաբերվեց:

Ի դեպ, փոքր-ինչ թեմայից շեղվելով, նկատենք, որ ինչ-որ տեղ անհասկանալի է հայրենի տարբեր շրջանակների, հանրության առանձին ներկայացուցիչների ոգևորությունը կամ ուրախությունը՝ Մամեդյարովի պաշտոնանկության հետ կապված: «Բանակցային» ԱԳ նախարարին կարող է փոխարինել «պատերազմող» մեկը, ու ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի: Ինչևէ:

Ստեղծած իրավիճակից ելնելու, իր իսկ հրահրած ներքին լարվածությունն ինչ-որ տեղ թոթափելու Ալիևի առաջին քալը միանգամայն տեսանելի էր. ավելի սրել իրավիճակը սահմանագոտում, դիմել նոր արկածախնդրության:

Թե է՛լ ինչ հաշվարկներ է արել Ալիևը, դժվար է ասել, բայց իր կանխատեսելի ռազմական արկածախնդրությանը նույնքան կանխատեսելի հակահարված ստացավ նաև հուլիսի լույս 16-ի գիշերը: Հավանական է, որ այդ «գիծը» Բաքուն դեռևս կփորձի շարունակել, առնվազն մինչև այն պահը, երբ կա՛մ շոշափելի ու խիստ ցավոտ պատասխան պատժիչ հարված կստանա, կա՛մ կզգա, որ նման հարվածն անխուսափելի է (իր սանձազերծած «ապրիլյան պատերազմի» տարբերակով, երբ հասկանալով Հայոց բանակի հակահարվածի անխուսափելիությունը, առաջինը վազեց կրակի դադարեցման միջնորդության ետևից):

Ի դեպ, հընթացս հանդիպեց «փխրուն հրադադար» կամ պարզապես հրադադար բառը՝ վերջին իրադարձությունների հետ կապված: Կրակի կամ գործողությունների մի քանի ժամանոց ընդհատումը հրադադար չէ, դա ուղղակի դադար է՝ այս կամ այն մարտավարական խնդրով պայմանավորված:

Պարզ է մեկ բան՝ թշնամին դեռ էլի ու էլի փորձելու է ավելի լարել իրավիճակը: Այս դեպքում մեզ համար կարևորն այն է, որ մեր հավաքական դիրքորոշումը անսասան է. մենք պաշտպանում ենք մեր Հայրենիքի վերջին կտորը ու վճռական և միասնական ենք թշնամուն խաղաղություն պարտադրելու մեր որոշման մեջ, ինչպես վճռական ու անհողդողդ է Հայոց բանակը, ինչպես ապառաժյա է սահմանակյաց մեր հայրենակիցների կամքը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը