Մեկնաբանություն

16.07.2020 12:21


Ինչո՞ւ հեռացվեց Մամեդյարովը և ի՞նչ հետևանքների դա կարող է բերել

Ինչո՞ւ հեռացվեց Մամեդյարովը և ի՞նչ հետևանքների դա կարող է բերել

Երբ ոմանք հորթային հրճվանքով նշում են, թե Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ պաշտոնից հեռացնել տվեց Ադրբեջանի արտգործնախարարին, դրա մեջ ճշմարտություն կա, բայց հրճվելու պատճառ չկա։

Բանն այն է, որ Մամեդյարովը մեր թշնամի երկրում համարվում է խաղաղության կուսակցության ու բանակցություններ վարելու վերջին մոհիկանը։ Նիկոլ Փաշինյանն իր դիվանագիտական ծամածռություններով, միջազգային մասշտաբի պոպուլիզմով և անմիտ քայլերով տապալեց բանակցային գործընթացը՝ գլուխ գովելով, թե բա ես իմ կետից եմ գործընթացները տանում։

Փակուղի մտած բանակցություններն ուղիղ ճանապարհ բացեցին պատերազմի համար։ Ադրբեջանի քաղաքական դաշտում պատերազմին դեմ են երկու մարդ՝ Ալիևն ու Մամեդյարովը։ Մեմադյարովն արդեն դուրս մնաց։

Ալիևը վախենում է իր միլիարդների կորստից ու չի ուզում ռիսկի դիմել, բայց փոխարենը Հայաստանից չի ստանում բանակցությունների գնալու պատրաստակամություն, գոնե հանուն բանակցությունների։ Արդյունքում՝ Նիկոլը թողնում է միայն պատերազմի տարբերակը։

Նավթի միջազգային գների անկումը, կորոնավիրուսային համաճարակը և սոցիալ–տնտեսական ճգնաժամն Ադրբեջանում ուժեղացրեցին պատերազմական տրամադրությունները։ Այդ տրամադրություններն ուժեղացրեց Նիկոլ Փաշինյանն՝ իր հանրահավաքային դիվանագիտությամբ։

Նիկոլի սիրտն Ադրբեջանում միտինգ էր ուզում, և նա ստացավ այդ միտինգը։ Բայց խնդիրն այն է, որ այդ միտինգի գլխավոր թիրախը Հայաստանն ու Արցախն են։

Նիկոլի ներքին ու արտաքին սխալ քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Ադրբեջանում Ալիևից պահանջում են պատերազմ՝ հակառակ դեպքում սպառնալով իշխանափոխությամբ։

Տավուշի մարզում տեղի ունեցածից հետո Ալիևին պատին են դեմ տվել ու պատերազմ են պահանջում։ Նա այժմ շատ ծանր վիճակում է։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Ալիևը որպես քավության նոխազ ընտրեց Մամեդյարովին, որպեսզի պահի իր աթոռը, բայց դա կես քայլ է։ Ալիևն այժմ հանուն աթոռի ստիպված է լինելու նաև պատերազմի գնալ։ Եթե նա դա չանի, ապա Ադրբեջանում անխուսափելի է դառնում իշխանափոխությունը։ Իսկ այդ դեպքում իշխանության կգա պատերազմի կուսակցությունը և կրկին անխուսափելի է դառնալու լայնամասշտաբ կռիվը։

Ահա թե ինչի հանգեցրեց Նիկոլի «խաղաղասիրությունը»։ Պողոսները նրան պատերազմ սկսելու մանդատ տվե՞լ էին։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը