Մեկնաբանություն

16.07.2020 02:30


Սրանք իրո՞ք անմեղսունակ են, թե՞ ընդամենը ձևացնում են

Սրանք իրո՞ք անմեղսունակ են, թե՞ ընդամենը ձևացնում են

Ինչքան ասում ես չմեկնաբանես քայլ արած «օդիոզ» դեմքերի բլթոցները, չի ստացվում։

Հատկապես` սահմանային վերջին սրացումներից հետո, երբ սրանք, նույնիսկ ադրբեջանական սպառնալիքը հաշվի չառնելով, շարունակում են ժողովրդին սևերի և սպիտակների, յուրայինների և օտարների բաժանել։ Արտաքին թշնամուն թողած՝ ինքնահաստատվում են «ներքին թշնամու» վրա, պոզուպոչ կպցնում, անուն դնում, պախարակում, փորձում քողածածկույթ ստեղծել, թե ընդդիմությունն այնքան վատն է, այնքան է կուրացած «Նիկոլ ամենափրկչի» և իր կառավարության հանդեպ ատելությամբ, որ անգամ այս օրհասական օրերին, երբ թշնամին «չոքել է մեր դռանը», հանգիստ տեղը չի նստում` քննադատում է, թիկունքից հարվածում ադրբեջանական ագրեսիային «հերոսաբար դիմակայող» թավիշներին և չարախնդում իշխանության անհաջողություններով։

Գտնվեցին մարդիկ` նիկոլահպատակ ֆեյսբուքչիներ, որոնք չխորշեցին անգամ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունները «սաղացնել» ընդդիմության` «նախկինների և նրանց հետ հավասարեցված ուժերի» վրա, թե բա չեք ասի, «նախկիններն» են պատվիրել այդ հարձակումը. Ալիևին փող են տվել, որ հրետակոծեն մեր դիրքերն ու խաղաղ բնակավայրերը, որ Նիկոլի համար վատ լինի։

Այդ «թեման» առաջիններից մեկը զարգացրեց Հանրային խորհրդի ոչ բարով նախագահ ՍԾյոպիկ Սաֆարյանը` մի «գրառում» խզբզեց ու խփեց իր ֆեյսբուքյան աղբանոցի ճակատին, որտեղ հերթական անգամ զազրախոսում էր «նախկինների» հասցեին։ Թե բա` «ծանր են տարել», որ մեր զինուժը դաս տվեց թշնամուն` հսկայական մարդկային և ռազմատեխնիկական կորուստներ պատճառեց, հետ շպրտեց «ելման դիրքերից» անդին։ Ու «մանթրաժից» դուրս գալու համար Նիկոլի «անմիջական հրամանատարության» ներքո ձեռք բերված փայլուն գործողությունը փորձում են վերագրել նույն Նիկոլի գործուն ջանքերով դատարանի առաջ կանգնած գեներալ Յուրի Խաչատուրովի գեներալ որդուն։

Պակասը լրացրեց «Նիկոլի քայլի» օդիոզ դեմքերից մեկը` Նիկոլի թույլտվությամբ խորհրդարան սողոսկած Անդրանիկ Քոչարյանը, որ ճակատագրի հեգնանքով գլխավորում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, ու մի տարուց ավելի «հանուն ոչնչի» քչփորում էր Ապրիլյան պատերազմի «թաքուն էջերը», փորձում ձվի մեջ մազ գտնել։ Վերջում էլ հայտարարեց, թե ինչ «բստրում» էինք ու փութաջանորեն տարածում, այդ թվում Նիկոլի ընտանեկան թերթի միջոցով` որ մեր զինվորները փամփուշտ չունեին, հաց չունեին, ջուր չունեին, բահերով էին կռիվ տալիս մինչև ատամները զինված թշնամու դեմ, «սաղ» սուտ էր։

«Նախկին իշխանությունը չի ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել, այն է` որ ի տարբերություն իրենց պաշտոնավարման տարիների պաշտպանության համակարգի թուլությունների, այսօր ունենք առավելություններ և դրանով պետք է ոգևորվել, ուրախանալ, որովհետև դա բոլորինս է և չի կարելի թեկուզ հոգու խորքում ուրախանալ հակառակորդի ինչ-որ հաջողություններով»,-հայտարարեց նախկինից էլ նախկին, հնից էլ հին, կարելի է ասել` հինավուրց, բայց միայն իրեն ու Նիկոլին հայտնի հանգամանքների բերումով «նորհեղափոխական» վերնախավի կարկառուն ներկայացուցիչ դարձած, նոփ-նոր, «յուղը վրան» երեսփոխանը, որի կենսագրության մութ էջերի մասին բոլորը գիտեն։ Գոնե` նրանք, ովքեր երեկ չեն ծնվել ու հիշում են հհշական ցուրտ ու մութ տարիների ալան-թալանն ու դրանում Քոչարյան «Անդոյի» մասնակցությունը` նախ ՊՆ փոխնախարարի, հետո` Աղետի գոտում կառավարության լիազոր-ներկայացուցչի կարգավիճակում։

Որտե՞ղ է տեսել կամ ումի՞ց է լսել, որ ընդդիմությունը «թեկուզ հոգու խորքում ուրախանում է հակառակորդի հաջողություններով» և տխրում` «չի ոգևորվում» մեր զինուժի ձեռքբերումներով, Սատանան գիտի։ Մեկ էլ ինքն ու իր նմանները, որ կա՛մ իրենք են թռել, կա՛մ իրենց զավակներին են «թռցրել» պարտադիր զինծառայությունից` ամենատարբեր հնարքներով, իսկ այսօր դուխով «դուխ են հավաքում» բանակի ակունքներում կանգնած, բանակը կայացրած ռազմական գործիչների, հրամանատարների, Արցախն ազատագրած պետական այրերի վրա։

Ամոթ չլինի հարցնել, էլի` եթե «հին պաշտպանական համակարգն» այդքան հին էր և անհուսալի, կիլոմետրերով հեռու էր այսօրվա «առավելություններից», որոնց պսակը, որքան հասկանում եմ, Փաշինյանի ընտանիքին մոտ բիզնես-շրջանակների գործուն ջանքերով զինվորների ճաշացանկում հայտնված «դուխով» ելակն է, ո՞նց է տասնամյակներ շարունակ անառիկ պահել մեր սահմանները։ Ինչպե՞ս է եղել, որ իր նախկին շեֆի` Տեր-Պետրոսյանի չարագուշակ կանխատեսումներին հակառակ, չի ընկրկել «ահեղ թշնամու» առաջ, չի զիջել դիրքերը, չի երկնչել, չի հանձնվել, տարածքներ չի հանձնել. ատամները սեղմած` դիմակայել է բոլոր փորձություններին, առանց «ռազմավարական կորուստների» դուրս եկել 2016թ. ապրիլին մեզ պարտադրված քառօրյա պատերազմից։

Ուրեմն` «նորհեղափոխական» ակտիվիստները, իրենց մերձավորները, գործող և նախկին օգնականները, տարբեր «ռանգի» սորոսականները, ֆեյքերը լացուկոծ անեն, պոկեն մազերը, սուգուշիվան կապեն սեփական նախահարձակ գործողությունների զոհ դարձած ադրբեջանցի «ասկյարների» ու նրանց «որբուկների» համար, ընկնավորվեն ադրբեջանցիների ռազմավարական դիրքերը գրավելու առթիվ առաջացած «անտեղի» ոգևորությունից` որակելով դա «ռազմահայրենասիրական աղբ», մինչ ընդդիմությունը կոչ էր անում համախմբվել և համատեղ ուժերով թշնամու «պորտը տեղը դնել», այդքանից հետո անդրանիկքոչարյանները մե՞զ մեղադրեն հակառակորդի հաջողություններով ուրախանալու մեջ։

Սրանք իրո՞ք ապուշ են, անմեղսունա՞կ են, թե՞ ընդամենը ձևացնում են...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը