Մեկնաբանություն

16.07.2020 02:35


Հայ հոգևորականը՝ մարտիկներին ու սահմանակյաց հայրենակիցներին հզոր նեցուկ

Հայ հոգևորականը՝ մարտիկներին ու սահմանակյաց հայրենակիցներին հզոր նեցուկ

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և սրբազանի առաջնորդությամբ՝ իր գլխավորած թեմի քահանաների, հոգևորականների այս օրերի գործունեությունն ու վարքը ոչ միայն պարզապես օրինակելի ու խրախուսելի են, այլև անասելի ոգևորիչ: Թե՛ իրենց ներկայությամբ, թե՛ իրենց խոսքով ու պահվածքով նրանք վճռականություն ու ոգեղեն լիցք են հաղորդում սահմանակյաց մեր հայրենակիցներին և ճակատը պահող Հայոց բանակի մարտիկներին: Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները խոսքով ու գործով, իրենց անմիջական ու ակտիվ ներկայությամբ հզո՛ր նեցուկ են: Եվ անհատապես, պետք է անկասկած նշել նաև Մովսես գյուղի քահանա Տեր Աբելին:

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն, առհասարակ, այս 4-5 տարիների ընթացքում միշտ էլ ակտիվ է եղել, պարբերաբար այցելել է դիրքապահ մարտիկներին, զինվորներին, առհասարակ, սահմանամերձ կամ ավելի ճիշտ՝ սահմանապահ գյուղեր, զրուցել ու քաջալերել, օժանդակել մարդկանց: Եվ միանգամայն բնական է, որ հերթական փորձության այս օրերին նա մի օր Չինարիում է, մյուս օրը՝ Մովսեսում, հետո՝ Բերդում, ապա առաջնագծում՝ թշնամուն դիմադարձող զինվորների ու սպաների կողքին:

Բավականին դիպուկ ու, անկասկած, շատերիս սրտից բխող է նրա ձևակերպումը, որ արտահայտել է Yerkir.am-ի հետ զրույցում՝ ի մասնավորի, նշելով. «Մեր միակ ուղերձը միջազգային հանրությանը՝ այս պահին և ընդհանրապես, պետք է լինի մեր բանակի պատժիչ գործողությունները, ուրիշ ոչինչ»:

Ակամայից մտաբերում ես Ամենայն Հայոց Գևորգ Ե կաթողիկոսին, որ հրաժարվեց հեռանալ Սուրբ Էջմիածնից, երբ Սարդարապատի ճակատամարտից առաջ զինվորական հրամանատարները նրան խնդրեցին ավելի անվտանգ վայր տեղափոխվել: Ըստ վկայության, Գևորգ Ե կաթողիկոսն այն ժամանակ ասել է, որ եթե հայ զինվորականությունն ի վիճակի չէ պաշտպանել իր սրբավայրը, ապա ինքը կգերադասի սուրը ձեռքին կռվել ու զոհվել հազարամյա Մայր տաճարի գավիթում...

Իսկ որոշ դրսևորումներ մտաբերելու կարիք չկա, որովհետև բառացիորեն օրերս են դրսևորվել: Ու, թեպետ կարող է թվալ, թե դրանք հիշեցնելու հարկ էլ չկա, բայց այնուամենայնիվ, արժե և՛ հիշեցնել, և՛ առնվազն մեկ-երկու դիտարկում անել:

Ընդամենը մի քանի օր առաջ որոշակի շրջանակներ, որոնք բոլորին էլ հայտնի են (ուստի անվանապես չնշենք), վերստին «արշավանքի էին ելել» Հայ Առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների դեմ: Ոմանք իրենց թույլ տվեցին նաև որոշ անպատկառ ու կեղտոտ ակնարկներ և արտահայտություններ: Կհիշեք: Մանավանդ, որ դա ոչ մոռանալու բան է, ոչ էլ՝ ներելու, անկախ այն բանից՝ միտումնավոր անվանարկվող հոգևորականները քրիստոնեաբար կներե՞ն «մոլորյալներին», թե՞ ոչ:

Բայց այ թե ի՛նչն է հատկանշական: Տավուշի սահամանագոտի-առաջնագծում այս օրերին ծավալված մարտական գործողությունների ընթացքում բնականաբար ու անխուսափելիորեն հենց Հայ Առաքելական եկեղեցին է՝ իր Հովվապետ կաթողիկոսի ու իր թեմակալ առաջնորդների, քահանաների գլխավորությամբ կանգնած սեփական ժողովրդի ու հայրենի բանակի, զինվորականության կողքին: Ինչպես կանգնել է ու կանգնելու է բոլոր փորձությունների ժամանակ՝ ներքին, թե արտաքին մարտահրավերների դեպքում:

Ա՛յն եկեղեցին, որի 1719 տարվա պատմությունը դպրոցներում հայ մանուկներին առանձին առարկայով դասավանդելը որոշները ավելորդություն են համարում: Ա՛յն եկեղեցին, որի հասցեին որոշները զազրախոսում են, որոշներն էլ «տակից» ու նաև անթաքույց հարվածում՝ իրենց աղանդավորական նեղ ու նեղմիտ նախանձախնդրություններից ելնելով:

Եթե դեռ հարցեր են մնացել, եթե իսկապես ուզում եք հասկանալ, թե ի՞նչն է պատճառը որ ահա արդեն մի տևական շրջան ինչ-ինչ անձանց ու հանձնառուների միջոցով փորձում են անկյուն մղել Հայ Առաքելական եկեղեցուն, հայ հոգևորականներին, ապա նայեք այս լուսանկարին, որտեղ պատկերված է Բագրատ սրբազանը՝ հայ զինվորականների հետ: Ու չնայած լուսանկարն արված է այլ վայրում և այլ ժամանակ, դա տվյալ դիտարկման կամ հարցադրման տեսանկյունից էական չէ:

Հասկացողը հրաշալի կհասկանա, թե կոնկրետ ովքե՛ր, ում ջրաղացին ջուր լցնողնե՛րն են հարվածում Հայ Առաքելական եկեղեցուն և ինչո՛ւ են հարվածում:

Իսկ ով չի հասկանա, նրան դա բացատրելն էլ անիմաստ է ու ժամանակի անտեղի կորուստ:

Աստված պահապան և օգնական մեր զինվորներին, մեր սահմանակյաց հայրենակիցներին և մեր հոգևորականներին, բնականաբար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը