Մեկնաբանություն

15.07.2020 13:35


Պատերազմական վիճակը, ոմանց անզուսպ զազրախոսանքն ու անհեթեթ վաշ-վիշը

Պատերազմական վիճակը, ոմանց անզուսպ զազրախոսանքն ու անհեթեթ վաշ-վիշը

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում թշնամու նախահարձակ բնույթի գործողություններից վերստին լարված իրավիճակն ու մարտական զարգացումները նաև ի ցույց դրեցին մի շարք լուրջ խնդիրներ այսպես ասենք՝ մեդիա դաշտում և սոցցանցային հարթակներում:

Հընթացս կարելի է դիտարկել մի քանի առավել աչքի ընկած դրսևորում:

Առաջինը. սոցցանցային հարթակներից օգտվող հայրենակիցների, առհասարակ, հասարակության մեդիա գրագիտության աստիճանը տակավին բարելավման տեղ ունի: Դա շարունակական բարելավման տեղ ունի միշտ, բայց կոնկրետ դեպքում խնդիրները և հետագա աշխատանքային ուղղությունները ավելի պարզորոշ են դրսևորվում:

Կան պարզ կանոններ, որոնք ուղղակի պետք է պահել, հատկապես՝ նման լարված իրավիճակներում, ինչպես ասենք, վարակիչ հիվանդության տարածման դեպքում են որոշակի սանիտարահիգիենիկ կանոններ պարտադիր: Մասնավորապես, չի կարելի «կիսել», տարածել, հղում տալ թշնամական քարոզչական ռեսուրսների, կասկածելի կայքերի «նյութերը», վերարտադրել դրանց բովանդակությունը, չի կարելի տարածել «բա իմացաք, էսինչ բարեկամս ասում է, թե էսինչ տեղը զորք է շարժվում...» և այդօրինակ բովանդակությամբ «տեղեկություններ»: Չի կարելի զուտ վիրտուալ դաշտում ծանոթ, թեկուզ վաղուց ծանոթ կամ «ընկեր» մեկի ինչ-որ «վկայություն» հալած յուղի տեղ ընդունել, առավել ևս՝ տարածել: Նույնիսկ եթե մարդուն անձամբ ճանաչում եք, դժվար չէ մի հատ հեռախոսակապով հավաստիանալ, լրացուցիչ ճշտել: Ի դերջո, դուք «բի-բի-սի»-ն չեք, շտապ ու առաջինը հաղորդելու բարդույթը թողեք: Աշխարհը մի կերպ կդիմանա:

Առհասարակ, պետք է հիմնվել միմիայն իրավասու պետական կառույցների, այս դեպքում՝ պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկատվության վրա, անկախ այն բանից, թե դուք հոգու խորքում ինչ եք կարծում դրա մասին կամ չգիտես որտեղից չգիտես ինչ եք լսել:

Պատերազմն ունի իր կանոնները, տեղեկատվական պատերազմը՝ ևս: Ու կարողանում է հաղթել նա, ով հետևում է այդ կանոններին: Էլի շատ բաներ կարելի է նշել, բայց դա ավելի շուտ սովորեցնելու խնդիր է:

Օրինակ, չի կարելի հատկապես սահմանամերձ բնակավայրից ֆեյսբուքյան «ուղիղ միացում» անել և ցուցադրել շրջակայքում տեղի ունեցողը, մարդկանց ու տեխնիկայի շարժը, առավել ևս՝ մարտական գործողության կամ դրա դադարների ընթացքում: Նման բան անելը նույնն է, թե թշնամուն «տեսահետախուզական ծառայություն մատուցես»: Չի կարելի, որ ամեն պատահած անձնավորություն հաղորդագրություն տվող դառնա: Այդ հարցն էլ շատ խիստ պետք է վերահսկեն պետական օղակները:

Թվում էր, թե գոնե վերջին տասնամյակում, թշնամու շարունակական ելուզակությունների, դիվերսիոն ու պատերազմական գործողությունների և դրանց հակահարվածելու ընթացքին զուգահեռ այս պարզ կանոններն արդեն պիտի լիարժեք արմատավորված լինեին մեր հասարակության մեջ: Առաջխաղացում կա, իհարկե, բայց դեռ շատ և շատ հեռու ենք ցանկալի մակարդակից:

Հաջորդը. սոցցանցային դրսևորումների անգամ հպանցիկ դիտարկումը թույլ է տալիս ասել, որ զանազան «աշխուժակներ», որ նախկինում նման գործողությունների պայմաններում որոշակիորեն նպաստում էին թշնամական քարոզչությանը կամ հակազդում մեր քարոզչությանը, հիմա հանկարծ թունդ հայրենասիրական դիմակներ դրած խրատներ էին տալիս, թե հատկապես ընդդիմադիր շրջանակները կամ պարզապես հանրային ակտիվություն դրսևորող անհատներն ինչ անեն: Իսկ ավելի շուտ, նրանք առիթն օգտագործեցին՝ մինչ այժմ օրվա իշխանության քննադատությամբ հանդես եկած անձանց և շրջանակների հասցեին զազրախոսելու, իրենց դուր չեկող ու ոչ յուրային լրատվամիջացների հասցեին բարբաջանքային մեղադրանքներ կամ հատկանիշներ վերագրելու նպատակով: Հենց միայն Հանրային խորհրդի նախագահի կարգավիճակով հանդես եկողի ֆեյսբուքյան «ժայթքումները» ինչ ասես արժեն և ասվածի առավել նկատելի վկայությունն են:

Մյուս կողմից, բնութագրական է, որ նման «ժայթքումներով» հանդես եկող մեկ ուրիշն էլ, իր անվանն առնչվող կայքի միջոցով առաջնահերթ հակառակորդի կողմում խաղաղ բնակչի զոհվելու մասին տեղեկույթն էր նետել դաշտ: Նույն, ի դեպ, գերազանցապես իշխանամետ կամ նաև իշխանականին առնչվող շրջանակները չխորշեցին նաև տարբեր մեկնաբանների ասածները խեղաթյուրելու, նենգափոխելու իրենց սովորական գործելակերպից: Պարզ ասած, նրանց համար սահմանին ընթացող մարտական գործողությունները ընդամենը ընդդիմադիրների նկատմամբ ատելություն սերմանելու, ներքին պառատկողական բնույթի ազդակներ գեներացնելու, հնարավոր հաշվեհարդարների կամ ռեպրեսիաների համար քարոզչական հող նախապատրաստելու առիթ դարձան:

Թեպետ արդեն առանձին այդ երևույթին անդրադարձել ենք, բայց չի կարելի շրջանցել հանրային տրամադրությունների վրա ազդող այն դրսևորումը ևս, երբ որոշակի շրջանակներ, ի դեպ, կրկին իշխանական ճամբարից կամ աջակցության «թավշյա» վրաններից, սկսեցին ցուցադրաբար վաշ-վիշ անել թշնամու կորուստների, նրանց զոհերի համար՝ դա զուգորդելով խաղաղասիրական շինծու ու բացարձակապես անպատեհ քարոզներով: Առհասարակ, մարտական գործողությունների պայմաններում, պատերազմական վիճակում խաղաղասիրական կոչերն ու քարոզները, բացի անպատեհ լինելուց, նաև ակնհայտ թեթևամտություն են: Մանավանդ, երբ գիտես, թե ով է թշնամիդ ու, որ այդ թշնամին նման կոչերդ ընկալում է որպես «գնանք, հայերին մորթելու» հրավեր:

Եվ մի ցավալի դիտարկում էլ: Ծավալված մարտական գործողությունների օրերին, կոնկրետ՝ երեկ «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքով կամ ինչպես իշխանական քարոզչությունն է նշում՝ «մարտի 1-ի գործով» հերթական դատական նիստն էր: Նայում ես՝ մեղադրյալի կարգավիճակով դատարանում են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի խաչատուրովը, Սեյրան Օհանյանը: Մարդիկ, պետական ու զինվորական գործիչներ, որոնք ոչ միայն կանգնած են Հայոց բանակի ձևավորման, կայացման ու հաղթանակների ակունքում, այլև անուրանալի ծառայություններ են մատուցել սեփական ազգին, ժողովրդին, պետությանը՝ նույն այդ թշնամուն դիմակայելով, ճնշելով, խաղաղություն պարտադրելով: Ու օրվա իշխանությունն ակնհայտորեն մտացածին մեղադրանքներով այդ գործիչներին տարել է դատարան:

Տարել է՝ փորձելով արդարացնել տասնամյակներ շարունակ այդ գործիչների մասին հորինած քարոզչական միֆերն ու պարզապես ստերը:

Ու երբ այսօր իշխանավորները կամ նրանց քարոզչական մունետիկները ճոռոմախոսում են վտանգի պահին միասնականության, համախմբման, միավորվելու մասին, միանգամից դատարանի դահլիճի այդ պատկերն է ուրվագծվում:

Մեր ժողովուրդն՝ իր առողջ կորիզով, կարողանում է վտանգի պահին միավորվել ու համխմբվել, երբեմն նաև՝ ի հակառակ որոշ իշխանիկների ակնկալիքների կամ ցանկության: Բայց հատկապես օրվա իշխանության ներկայացուցիչները, նման վեհ մատերիաներից խոսելուց առաջ, լավ կլինի գոնե ընկալեն, որ միասնականությունն ու համախմբումը խոսքեր չեն, գործե՛ր են, որոնք չեն անում՝ օրնիբուն ատելություն տարածելով: Չնայած, անհավանական է, որ նրանք դա կընկալեն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը