Մեկնաբանություն

15.07.2020 01:05


Ինչպես «կրվել» դիվանագիտական ճակատում

Ինչպես «կրվել» դիվանագիտական ճակատում

Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների և, ի հեճուկս հայկական ազգանունով որոշ քայլականների, այդ թվում` վարչահրամայապետ Փաշինյանի և իր տիկնոջ կեղծ պացիֆիստական նկրտումների, մեր զինուժի՝ հակառակորդին ցույց տված համարժեք հակահարվածին հաջորդած միջազգային արձագանքներն արտաքուստ «հավասարակշիռ» էին (չհաշված Թուրքիայի հիստերիկ հակազդեցությունը), բայց դա միայն առաջին հայացքից։

Ոչ միայն այն պատճառով, որ հերթական անգամ հավասարության նշան դրվեց կողմերի միջև` ադրբեջանցիների սադրիչ գործողությունները հավասարեցվեցին սեփական դիրքերը և խաղաղ բնակավայրերը թշնամու հրետակոծությունից պաշտպանող Հայաստանի գործողություններին, ինչը ինքնին արդեն մտահոգիչ է։ Դա այն է, ինչին Ադրբեջանը հասել է տարիների երկարատև, համառ և քրտնաջան դիվանագիտական, քարոզչական աշխատանքների «արդյունքում», վերջին երկու տարում`հասցրել որակապես նոր «մակարդակի», Փաշինյանի հետ «ոտքի վրա վերելակային պայմանավորվածությամբ» ջրելով շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու Վիեննայի պայմանավորվածությունը։

Կրեմլից, մասնավորապես, հայտնեցին, որ «մտահոգված են փոխհրաձգություններով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին» և «կողմերին զսպվածության կոչ են անում»։

ՄԱԿ-ը՝ ի դեմս Գլխավոր քարտուղարի, խորապես անհանգստացած է «սահմանային լարվածությամբ, որի ընթացքում տեղի է ունեցել հրաձգություն` ներառյալ նաեւ ծանր սպառազինությունների կիրառմամբ», և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, «առանց դանդաղելու ձեռնարկել քայլեր` իրադրության լիցքաթափման համար», «զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից» և այլն։ Կարծես հայկական կողմից որևէ այլ բան է լսել, բացի հարցը նաև Ադրբեջանին ցանկալի ձևով լուծելու մասին «սուպերխաղաղասիրական» հայտարարություններից։

ՀԱՊԿ-ն իր հերթին «լուրջ անհանգստություն» է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ և հորդորում է «անհապաղ դադարեցնել կրակը»։

Եվրամիությունը «երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված առճակատումը, ձեռնպահ մնալ լարվածություն առաջացնող հռետորաբանությունից և գործողություններից, անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի սրացումը կանխելու համար», և հիշեցնում Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող խաղաղ բանակցությունների շրջանակում մնալու, «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» անհրաժեշտության մասին։

Վրաստանի նախագահը մտահոգ է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի միակողմանի ադրբեջանամետ հայտարարությունների մասին համեստորեն լռում ենք։

Հայտարարություններից ոչ մեկում խոսք անգամ չկա այն մասին, թե ով է նախահարձակ եղել, ոչ մի ակնարկ, որ ադրբեջանական զինուժը, հայկական դիրքերին խփելը քիչ համարելով` կրակում է նաև խաղաղ բնակավայրերի վրա։ Այս դեպքո՛ւմ էլ գործ ունենք նույն երևույթի անհասցե «պարիտետային» մոտեցման հետ, որով, ըստ էության, «օրինականացվում» է Ադրբեջանի շանտաժի մարտավարությունը. այն, ինչի մասին «հստակ» հայտարարեց դեսպան Բյուլբյուլօղլին, ասելով`կարևոր չէ, ով է նախահարձակ եղել, խաղաղություն չի՛ լինի, քանի դեռ «հայկական օկուպացիան» դադարեցված չէ։

Ամենամտահոգիչը սակայն Արցախյան հակամարտության հարցում «մասնագիտացած» կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Միացյալ Նահանգների արձագանքն է։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նախ, արձանագրում են. «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել։ Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ օգտագործել են տարբեր տրամաչափի հրետանի»։

Հետո «ցավում են մարդկանց մահվան համար», իրենց ցավակցությունը հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին, նշում, որ կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ, դատապարտում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները, հորդորում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար։ Եվ ամենակարևորը` «կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները»։

Միացյալ Նահանգներն էլ՝ ի դեմս Պետդեպարտամենտի խոսնակի, խստորեն դատապարտելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը՝ կոչ անելով կողմերին` անմիջապես դադարեցնել ուժի գործադրումը, «օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը», կնիքը դնում է, թե բա`«միանում ենք առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին»։

Ի՞նչ ասել է «առարկայական բանակցություններ»` ըստ Ադրբեջանի, թերևս պետք չէ բացատրել։ Ինչի մասին են այդ «առարկայական բանակցությունները»` բարձրաձայնել է Ռուսաստանի արտգործնախարարը, ահազանգելով, որ սեղանին դրված է «Արցախի փուլային հանձնման» տարբերակը` դրանից բխող աղետալի հետևանքներով։

Սա է «հաղթողական» այն իրավիճակը, որին հանգել է Փաշինյանը` բանակցություններն սկսելով «իր կետից», «ընտանյոք» խաղաղություն մուրալով «կիրթ և կառուցողական» Ալիևից, պատեհ-անպատեհ հայտարարելով, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի «նաև» Ադրբեջանի համար...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը