Մեկնաբանություն

14.07.2020 15:15


Ե՛վ անհասկանալի, և՛ խիստ վտանգավոր «խաղաղասիրություն»

Ե՛վ անհասկանալի, և՛ խիստ վտանգավոր «խաղաղասիրություն»

Բաքվի խան Իլհամ Ալիևի գլխավորած ադրբեջանական հայատյաց ռեժիմը շարունակում է նախահարձակ բնույթի սադրիչ գործողությունները: Եվ ինչպես փաստում են տարածվող պաշտոնական հաղորդագրությունները, ադրբեջանական զինուժը, պարզ ասած՝ թշնամին թիրախավորում է Հայաստանի, մասնավորապես՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը, ոչ ռազմական ենթակառուցվածքներ, ինչպես օրինակ՝ Բերդ քաղաքի վրա հարվածային անօդաչու թռչող սարքով գրոհի դեպքում: Ըստ տարածված պաշտոնական տաղակատվության, թշնամու կիրառած ԱԹՍ-ռումբի թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է եղել: Ի դեպ, որոշներին կարելի է հիշեցնել, որ թշնամին նման դեպքերում հիմնականում գործածում է իսրայելական արտադրության ԱԹՍ-ռումբեր:

Բայց ի՛նչն է ուշադրություն գրավում Տավուշի սահմանագծում արդեն երկու-երեք օր շարունակվող կրակային ակտիվության ու, գործնականում՝ մարտական գործողությունների պայմաններում:

«Թիկունքային» միջավայրում ամենից առաջ ուշադրություն է գրավում անմիջականորեն երկրի ղեկավար շրջանակից տարածվող «խաղաղասիրական քարոզը»:

Առաջին հերթին խոսքն, իհարկե, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչի մասին է: Թե ինչ համարժեք պատասխան հետևեց Ալիևի կնոջ կողմից, թերևս շատերը լսած կլինեն. երեկվա լրահոսը ողոված էր թե՛ Հայաստանի մայրաքաղաքից հնչած անհամահունչ կոչին, թե՛ թշնամու տված սպասելիորեն վայրագ ու արյունաբաղձ պատասխանին արված անդրադարձերով:

Բայց Աննա Հակոբյան-Մեհրիբան Աիլևա հեռակա «երկխոսությունը» բավականին հատկանշական է: Իրավիճակում, երբ Հայաստանի զինված ուժերը ինչպես հարկն է՝ հակահարված են տվել նախահարձակ թշնամուն, վերջինիս պատճառելով կորուստներ, Հայաստանի ղեկավարի տիկինը խաղաղասիրության կոչի անհասկանալի նախաձեռնություն է դրսևորում, իսկ թշնամու ղեկավարի տիկինը, ըստ էության, ասում է, որ իրենց նպատակը եղել է ու կմնա հայերիս կոտորելը:

Ուշադրություն գրավեց և այն, որ այդ պահին շարունակվող թշնամական հրետակոծության, նաև մեր կողմից տրվող համարժեք պատասխանի պայմաններում անմիջապես հայտնվեցին «դամքաշ» «խաղաղասիրական» քարոզչիները՝ հայկական անուններով ու ազգանուններով: Մի պահ թվաց, թե դրանք ադրբեջանական հատուկ ծառայությունների հենց այն ստորաբաժանումների ներկայացուցիչներն են, որ ֆեյսբուքյան «ջարդաված» հայկական պրոֆիլներով կամ ուղղակի հայկական անուն-ազգանուններով են հանդես գալիս, հասկանալի է՝ թե ինչ քարոզչադիվերսիոն նկատառումներով: Իրականությունը շատ ավելի վատն է:

Պարզվում է, որ թշնամու զոհված, տեղին է ասել՝ շանսատակ արված ելուզակների, նրանց երեխաների կամ մերձավորների համար ցուցադրաբար վաշ-վիշ անողները ո՛չ ֆեյք են, ո՛չ ադրբեջանական «կիբերզորքերից», այլ իսկապես գոյություն ունեցող հայեր են, ՀՀ քաղաքացիություն ունեցողներ: Ավելին, այդ «պացիֆիստները» կամ նրանցից շատերը ամենևին էլ անհայտ չեն, այլ տարիներ շարունակ զբաղվել են նույն «գործով»՝ պրոադրբեջանական ինչ-ինչ կոչերով, հայտարարություններով, «խաղաղասիրական» քարոզներով են հանդես եկել, միաժամանակ՝ ընդգծված թշնամական, վիրավորական, պախարակման բնույթի դրսևորումներով են հանդես եկել, օրինակ, Արցախի իշխանությունների, մեր բանակի, նաև՝ ավանդական ընկալումների դեմ:

Այսինքն, սրանք Ալիևի «5-րդ շարասյան» ենթադրյալ ներկայացուցիչներն են: Նրանք, որ լացում են թշնամու ելուզակի համար, «խաղաղասիրության» դատարկ քարոզներ են անում:

Ֆեյսբուքյան օգտատեր Զաքար Խոջաբաղյանը, ի դեպ, բավականին մանրամասն դիտարկումներ է ներկայացրել այդ ամբողջ «պացիֆիստական կոհորտայի» վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց ավելի վաղ դրսևորումներ (https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/3378829575469777):

Այլ հանգամանքներում գուցե իմաստ կունենար ներկայացված տվյալների վրա հրավիրել ԱԱԾ ուշադրությունը, բայց փաշինյանական իշխանության դեպքում դա միանգամայն անիմաստ է, որքան էլ որ սա ուղղակիորեն ազգային անվտանգության հրատապ խնդիր է:

Նաև բնութագրական է, որ այսօրինակ «խաղաղասերները» առանց բացառության, բոլորը թունդ «թավշյա» են, «հեղափոխական» են, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ կամ առնվազն 2018-ի իշխանափոխության շահառուներ: Ոմանք, ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունից են հիմա: Ու այստեղ ոչ մի պատահական կամ «հանկարծակի» պահ չկա: Ցավոք, միանգամայն օրինաչափ է: Ավելին, նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց այդ տրամադրությունները: Ու ի դեպ, իրենց ատելի «հանցավոր ռեժիմի» ժամանակ լավ էլ ծաղկել, բարգավաճել, ծավալվել ու իրենց շոշափուկները տարածել են:

Թե պատերազմական իրավիճակում ի՞նչ է նշանակում «խաղաղասիրական» քարոզը, առավել ևս՝ թշնամու կորուստների համար անթաքույց վաշ-վիշ անելը, թերևս հասկանալի է:

Եվ էլի, սրանց դրսևորած «խաղաղասիրությունը» ոչ միայն անտեղի է ու իրավիճակին բացարձակապես անհամապատասխան, այլև չափազանց վտանգավոր է:

Բանն այն է, որ այդ «խաղաղասիրական» բռնկումներն ու կոչերը թշնամու կողմից ընկալվում են այն տարբերակով, թե՝ տեսեք, հայերը խաղաղություն են աղերսում, ուրեմն, ավելացնենք ճնշումը, հարձակումները, հրետակոծումը...

Կարճ ասած, թշնամին դա գնահատում է որպես թուլության նշան ու թույլի, վախկոտի կեցվածք, ավելին՝ այդ անհեթեթ «խաղաղասիրական» կոչերը օգտագործում է իր ելուզակներին խթանելու համար:

Առհասարակ, խաղաղություն մուրացողը ոչ միայն խաղաղություն չի ստանում, այլև ստանում է թե՛ պատերազմ, թե՛ նվաստացում, իսկ մեր դեպքում նաև՝ կոտորած:

Կարծեմ Չերչիլն էր նման մի բան ասել՝ տեսնելով, թե Չեմբեռլենը ոնց էր Հիտլերից խաղաղություն մուրում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը