Կարծիք

12.07.2020 17:41


Արցախի հարցում Փաշինյանի հետընթացն ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ

Արցախի հարցում Փաշինյանի հետընթացն ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ

Մի քանի նախնական դիտարկում օրերս ընդունված ռազմավարական նշանակության փաստաթղթի վերաբերյալ.

1. 2007–ին ընդունված ռազմավարության մեջ կար առանձին գլուխ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» վերնագրով։

Փաշինյանական իշխանության ընդունած ռազմավարության մեջ ոչ միայն առանձնացված նման գլուխ չկա, այլ նաև կա հետընթաց հայկական կողմի նպատակների ու ռազմավարության մեջ։

2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը՝ Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»,–մասնավորապես նշված էր 2007–ի փաստաթղթում։

Փաշինյանի մոտ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակը հետևյալն է. «Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման»։

Ուշադրությո՛ւն դարձրեք, եթե նախկինում գերակայություն էր համարվում ԼՂՀ անկախացումն ու միջազգային ճանաչումը՝ Ադրբեջանի կազմից դուրս, ապա այժմ չկա նման նպատակ։

«Ինքնորոշման իրավունքի իրացում և անվտանգության ապահովում» Ադրբեջանն էլ է խոստանում, բայց իր տարածքային ամբողջականության շրջանակներում։

3. Եթե նախկին փաստաթղթում Արցախի հետ պարտադիր օգտագործվում էին «Հանրապետություն» և «ԼՂՀ ժողովուրդ» ձևակերպումները, այսինքն՝ ընդգծվում էր միջազգային սուբյեկտայնության ձգտման պահը, ապա նոր փաստաթղթում իսպառ բացակայում են «Արցախի Հանրապետություն, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, Արցախի Հանրապետության ժողովուրդ» ձևակերպումները։ Փոխարենը հանդիպում ենք՝ «Արցախ, Արցախի բնակչություն» ձևակերպումներին։

Միայն մեկ տեղ է օգտագործվել «Արցախի ժողովուրդ» ձևակերպումը (առանց Հանրապետության)՝ այն էլ, անորոշություն պարունակող «ինքնորոշման իրավունքի իրացման» բանաձևի շրջանակներում։

Առայժմ այսքանը։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի՝ լիրիկական զեղումներով լեցուն նախաբանով առկա փաստաթղթում դրականն Արցախի մասով այն է, որ զերծ են մնացել «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին» միջազգային մասշտաբի պոպուլիզմ պարունակող ձևակերպումից։

Չկար նաև «ռազմահայրենասիրություն»՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» նախադասության տեսքով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը