Լրահոս

10.07.2020 15:25


Երևանի 114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին

Երևանի 114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին

Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դեռ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր դպրոցների ավարտական քննություններին և, մասնավորապես, վերջին զանգի միջոցառումներին: Հարությունյանն ասել էր, որ համավարակով պայմանավորված՝ կհետաձգվեն այդ միջոցառումները, և երբ վարակը նահանջի՝ միասին կնշեն, անգամ պաշտոնյաներ կմասնակցեն միջոցառմանը:

Հունիսի 1-ին, երբ երեխաների պաշտպանության օրվա առթիվ Շենգավիթ վարչական շրջանում միջոցառում էր կազմակերպվել, որին մեծ թվով մարդիկ էին մասնակցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջոցառման տեսանյութը հրապարակել էր իր էջում, ապա դիմել ֆեյսբուքյան օգտատերերին՝ նշելով՝ նկարահանել ցանկացած խախտում և ուղարկել իրեն, ինքն էլ կտեղադրի իր էջում: Այդպես՝ հունիսի 4-ին Փաշինյանն իր էջում մի տեսանյութ հրապարակեց Երևանի Խաչիկ Դաշտենցի համար 114 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումից, որը վերնագրել էր. «Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Վերջին զանգից՝ վերջին պար: Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են: Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»։

Հրապարակումից հետո տնօրենը խիստ նկատողություն էր ստացել: Այնուհետև 114 դպրոցի շրջանավարտները բաց նամակով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո նախաձեռնեցին ստորագրահավաք՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի:

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը։ Այս մասին 168.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։

Տնօրենը պահանջում է, որպեսզի իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչեն։

168.am-ը փորձեց կապ հաստատել դպրոցի տնօրենի՝ Ռուզաննա Կոստանյանի հետ, սակայն հեռախոսին պատասխանող անձը փոխանցեց, որ Կոստանյանն իրեն լավ չի զգում և հիվանդանոցում է գտնվում:

Այս խորագրի վերջին նյութերը