Մեկնաբանություն

10.07.2020 16:25


Դեպի Հայաստանի ուկրաինացում... Եվ ո՞րն է լինելու «հայկական Ղրիմը»

Դեպի Հայաստանի ուկրաինացում... Եվ ո՞րն է լինելու «հայկական Ղրիմը»

Կամաց-կամաց «տեղ ենք հասնում»: Թեպետ, ինչո՞ւ «կամաց-կամաց», լավ էլ սլանում ենք:

Օտար երկրից, կոնկրետ ԱՄՆ-ից Հայաստանի արդարադատության նախարարությունում խորհրդական են նշանակելու, եթե արդեն չեն նշանակել: ԱՄՆ պետդեպարտամենտը պայմանագիր է կնքել մի մասնագետի հետ, ով պետք է Հայաստանի, ավելի ճիշտ՝ Փաշինյանի իշխանությանն աջակցի «հակակոռուպցիոն նոր մարմինների ստեղծման և եղածի արդյունավետության բարձրացման հարցերում»: Այս մասին հաղորդում է «Russia Today»-ը` ընդգծելով, որ իրենց հաջողվել է ծանոթանալ կոնկրետ այդ պայմանագրին (մանրամասնությունները՝ հղումով https://russian.rt.com/world/news/762804-gosdep-ssha-armeniya-korrupciya?fbclid=IwAR0EqRyN3DxkoA-PK2iBlLgXaxVbAMj6cRSdbt91mOAhJfPET-9-g2Jm7Lk):

Սա, իհարկե դեռևս այն չէ, ինչ կոչվում է՝ ուղիղ արտաքին կառավարում, որը բնորոշ է օտարից անմիջական կախվածության մեջ հայտնված բանանային գոյացություներին: Բայց շատ մոտ է դրան:

Չէ, դուք միայն պատկերացրեք. Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ըստ էության արդարադատության նախարար է նշանակում «իր մարդուն»: Ճիշտ է, նա փաստաթղթերով կոչվում է խորհրդական, բայց բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ պետդեպի խորհրդականի մոտ երիտասարդ Բադասյանի նախարար աշխատելը զուտ խորհրդանշական բնույթ է կրելու՝ հետամնաց աբորիգենային հույզերը չբորբոքելու համար:

Նմանապես հասկանալի է, որ հակակոռուպցիոն մարմինների ձևավորման օֆիցիալ ձևակերպումը ընդամենը շղարշ է: Հնարավոր է, որ ԱՄՆ նշանակած դե ֆակտո արդարադատության նախարարը մնացած գործերից ազատ ժամանակ հոբբիի կարգով հակակոռուպցիոն խնդիրների էլ անդրադառնա, անգլերենով գեղեցիկ ճառեր արտասանի, բայց նրա հիմնական գործը և առաքելությունը կլինի ոչ թե դա, այլ օտարերկրյա կառավարում տեղում իրականացնելը, որպեսզի անհավասարակշիռ «թավշիստները» աջ ու ձախ շատ չշեղվեն:

Իհարկե, մեր հեռահաղորդակցվող ժամանակներում այդ ամենը կարելի էր անել և առանց նման էմիսարական նշանակումների, եթե միայն ժամանակը չափազանց սուղ չէ:

Այլ կերպ ասած, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ինքնիշխանությունն օրեցօր կորցնող Հայաստանի ուկրաինացում: Հիշեցնենք, որ «մայդանված» Ուկրաինան շատ արագ անցավ արտաքին կառավարման տակ և, որպես հետևանք, անխուսափելիորեն կորցրեց հիսունականների կեսերին կամայականորեն իրեն կցված Ղրիմը, բացի այդ՝ գերազանցապես ռուսախոս Դոնեցկն ու Լուգանսկը: Դեռ չենք խոսում արևելյան Եվրոպայի խոշոր թե՛ բնակչության, թե՛ տնտեսությամբ հզոր պետության՝ Ուկրաինայի խամաճիկացման և պետությունից զուտ տարածքի վերածվելու դրսևորումների մասին:

Աստված Ուկրաինայի հետ:

Մեզ այլ բան է հետաքրքիր. Հայաստանում ըստ էության արտաքին կառավարում մտցնելու, երկիրը ամերիկյան էմիսարների ոտքի տակ դնելու գինը ո՞րն է լինելու: Այլ կերպ ասած՝ ո՞րն է «հայկական Ղրիմը»:

Հարցն իհարկե հռետորական է, քանզի պատմական իրողությունների բերմամբ՝ Հայաստանը չունի կորցնելու այլ բան, Արցախից բացի, իսկ Արցախի կորուստը ուղղակիորեն նշանակում է Հայաստանի կորուստ կամ վերջնական ոչնչացում:

Չվիճենք, գուցե ամերիկյան պոպկորնը թեթև կերակուր է՝ համապատասխան դյուրամարս կինոներ դիտելիս, սակայն դրա դիմաց պահանջվող գինը, ոչ թե պարզապես ինքնիշխանության կորուստն է, այլ վերջնականորեն հայրենազրկումը ու այլևս միայն պատմության դասագրքերում հիշատակվելը, այն էլ՝ եթե հաջորդողները բարեհաճեն դա անել:

Իհարկե, կարող է թվալ, թե ինչ-որ տեղ խտացնում ենք գույները, վերջիվերջո ընդամենը մի խորհրդական են նշանակելու, մի՞թե այդպիսիք առաջներում չեն եղել:

Գուցե եղել են, թեպետ հայկական ազգանուններով, բայց իրավիճակ է փոխվել, ինչպես սիրում են ասել: Ներկա իրողությունների պայմաններում այս ամենը բոլորովին այլ հնչողություն է ստանում, մանավանդ, երբ համադրում ես մյուս գործընթացներն ու տեղեկությունները: Հատկապես իշխանական շրջանակներից բխող հակառուսական ընդգծված տրամադրություններն ու քարոզչությունը Հայաստանի ապագայի առումով ոչ մի լավ բան չեն հուշում:

Միաժամանակ, ծագող անխուսափելի հարցն այն է, թե հանուն ամերիկյան պոպկորնի կես ժամանոց հաճույքի՝ մենք որպես ազգ և հասարակություն պատրա՞ստ ենք խաչ քաշել մեր ու սերունդների հետագա ընթացքի վրա:

Ի դեպ, մի երկու խոսք էլ հակակոռուպցիոնի մասին: Եվրոպական կառույցներին անդամակցած Հայաստանը, անկախ այն բանից, թե ինչ բնորոշումներ են հնչում նախորդ իշխանությունների ու կառավարիչների հասցեին, իրականացրել է մի շարք քայլեր, այդ թվում, պետական գնումների մեխանիզմի ստեղծման, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման առումներով, նույնպես հակակոռուպցիոն մարմիններ է ձևավորել: Այսինքն, այնպես չէ, թե ոչինչ չի արվել և հիմա Ամերիկայից եկած ինչ-որ ձյաձյա կամ միգուցե ժպտադեմ ծյոծյա պիտի ասի, սովորեցնի, թե լվացքը ինչպես փռել կամ պատառաքաղից ինչպես օգտվել: Մյուս կողմից ձևականորեն հակակոռուպցիոն համարվող օրվա իշխանությունը, ընդամենը երկու տարվա ընթացքում ոչ միայն հասցրել է ընկղմվել կոռուպցիոն գործարքների ու պատմությունների մեջ, այլև դա արել է այնպես, որ ԱՄՆ պետդեպը ավելի լավ է ոչ թե խորհրդական ուղարկի, այլ Էֆ Բի Այ (FBI) ձերբակալող բրիգադ՝ յուրայիններին հավաքելու ու անվտանգ մի վայր, ասենք՝ Գուանտանամո տեղափոխելու համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը