Մեկնաբանություն

09.07.2020 21:25


Հեռուստատեսությունն ու դիմակաՉտեսությունը

Հեռուստատեսությունն ու դիմակաՉտեսությունը

Հայրենի մոտ երկու տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների, հասկանալի է, նաև՝ աշխատակիցների, մեր գործընկերների համբերության բաժակը վերջիվերջո լցվեց և Հայաստանի ժուռնալիստների միության գլխավորությամբ դիմեցին «արտակարգ դրության» պայմանների գլխավորին, այն է՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին:

Հարցը, որ բարդ ու ծիծաղելի կացության մեջ է դրել հատկապես հեռուստաընկերություններին ու ցանցային տարբերակով տեսանյութեր և տեսալուրեր հեռարձակող լրատվամիջոցներին, իրականում չափազանց պարզ է: Հարցը, ինչպես կարելի է կռահել, վերաբերում է հեռուստահաղորդավարների դիմակ կրել-չկրելուն:

Օրվա իշխանությունը, վարակի դեմ դիմակ կրելու աղմուկով պայքարելու իր աննման «քաղաքականությանը» հավատարիմ, ըստ էության, ստիպում է, որ հեռուստատաղավարներում հաղորդավարները (նաև մյուս աշխատակիցները՝ օպերատոր, տեխ.անձնակազմ) դիմակ կրեն և այդ տեսքով ներկայանան լսարանին: Ստիպելն էլ, օրինակ, դրսևորվում է այն տարբերակով, որ օրերս ոստիկանական դեսանտ էր իջեցվել Փաշինյանի իշխանության վերահսկողության տակ չգտնվող «Արմնյուզ» և «TV-5» հեռուստաընկերություններ: Դե, տուգանեցին կամ տուգանքի արձանագրություններ կազմեցին՝ դիմակ չկրելու պատրվակով:

Չէ, հասկանալի է, իհարկե, որ դիմակ կրել-չկրելը մի՛միայն պատրվակ էր: Իրական նպատակը Փաշինյանին ու նրա կառավարության գործունեությունը քննադատող հառուստաընկերություններին եթե ոչ լռեցնելն է, այլ այսպես ասենք՝ նրանց հանդեպ վատություն անելը, ճնշում գործադրելը: Դե, օրվա իշխանությունը առիթը չի կորցնում՝ իր մանրախնդիր լինելն ի ցույց դնելու համար:

Բայց հեռուստատաղավարում դիմակավորվելն էլ նախ ինքնին անհեթեթ է նայվում, երկրորդը՝ անհասկանալի պահանջ է, մանավանդ, եթե համապատասխան հեռավորությունը պահպանվում է, իսկ հաղորդման տաղավարի տարածքն էլ ախտահանվում է: Համենայն դեպս, աշխարհում էլ ինչ-որ նման դիմակաՉտեսություն, մանավանդ՝ հեռուստաեթերում չի նկատվում:

Ու այստեղ մեր գործընկերների մոտ բնական ու տրամաբանական հարցեր են ծագում՝ ուղղված ՀՀ իշխանությանը, կոնկրետ՝ պարետին: Հարցերից մեկը այն է, թե որտեղի՞ց ծագեց, առհասարակ, հեռուստատաղավարում դիմակ կրելու պահանջը կամ պարտադրանքը: Ինչի՞ց, էլի, վերցրեցին:

Սա ամենևին հռետորական հարց չէ, քանի որ այդ դիմակը դրոշակ դարձրած՝ իշխանությունն ընկել է իրեն համար անհաճո լրատվամիջոցների ետևից: Ամեն ինչից բացի, լրատվամիջոցներն ավելորդ ու անհեթեթ ծախսերի անհրաժեշտության առաջ են հայտնվում՝ տուգանքների տեսքով: Ի վերջո, ի՞նչ հիմքով են մարդկանց տուգանել կամ տուգանում:

Առհասարակ, այս դիմակաՉտեսությունն արդեն ձանձրալի է դառնում: Ոստիկանները առիթը չեն փախցնում մարդկանց վրա հարձակվելու և քաշքշելու համար, երբեմն նման հոռի տեսարաններ պատկերող տեսանյութեր են հայտնվում ու շրջանառվում համացանցում: Վերջին աղմկոտ դեպքն Ստեփանավանում էր, ըստ որում, հարձակման թիրախում տարիքն առած մարդ էր, ում ոստիկանները հերոսաբար «փռեցին ասֆալտին»:

Նկատենք, ի դեպ, որ մի քանի ամսվա ծանր մտորումներից հետո, ՀՀ պարետը վերջապես գլխի ընկավ, որ որոշակի հիվանդություններ ունենալու դեպքում, քաղաքացիներին պետք չէ դիմակները պարտադրել: Այսինքն, եթե մարդը գրպանում բժշկական տեղեկանք ունի համապատասխան հիվանդության մասին, ապա կարող է և դիմակ չկրել: Չէ, բայց պատկերացնո՞ւմ եք՝ երեք ամիս դիմակ-դիմակ անելուց հետո միայն դա գլխի ընկան: Կարծես թե աներևակայելի բան էր, որ երբ դիմակների պարտադրման որոշում էին ընդունում, հանգիստ կարող էին դա առանձին կետով նշել:

Կարող են ասել, թե՝ ի՞նչ եք ուզում, տեսնո՞ւմ եք, մարդիկ լավ բան են մտածել, վերջապես գլխի են ընկել, որ կարելի է սրտանոթային և շնչառական խնդիրներ ունեցողներին դիմակ չպարտադրել, իսկ դուք էլի քննադատում և դժգոհում եք:

Հարց է ծագում, իսկ ո՞վ է վերադարձնելու այն քաղաքացիների փողերը, որոնց տուգանել են դիմակ չկրելու համար և որոնք, որոշակի հիվանդության պատճառով, չպիտի էլ կրեին այդ շնչահեղձող դիմակը:

Ավելին, վաղը, մյուս օրը միգուցե կկռահեն, որ հղիների դեպքում էլ դիմակ կրելը վտանգավոր հետևանքներով է հղի, թե՛ պտղի, թե՛ ծննդկանի կյանքի համար: Էլի քանի՞ ամիս պիտի անցնի, որ ՀՀ «թավշյա» կառավարության պանծալի ներկայացուցիչները կռահեն դա: Դա էլ, երևի «արտակարգ դրության» ավարտից (եթե երբևէ մեր կյանքի օրոք այն ավարտվի, իհարկե) հետո գլխի կընկնեն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը