Քաղաքական

04.04.2011 13:59


Տաշիրի Սամոն «համբալների՞ն» է կերակրում

Տաշիրի Սամոն «համբալների՞ն» է կերակրում

2010 նոյեմբերի 12–ին, երբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները ցույց էին անում նախագահական նստավայրի դիմաց և պահանջում իրենց վաստակած 3 ամսվա աշխատավարձը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ–ական Կարեն Կարապետյանը, վրդովված ցուցարարներից մեկի վրա բորբոքված բղավեց. «Ես փող չեմ ուտում։ Բերում եմ, քո նման համբալներին եմ կերակրում»:

2011թ. ապրիլի 3–ին, սակայն, Մոսկվայի Կրեմլի պետական պալատում տեղի ունեցած  «Տաշիր–2011» մրցանակաբաշխությունից պարզ դարձավ, որ նույն այդ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Սամվել Կարապետյանը կամ ինչպես ընդուված է նրան ասել՝ Տաշիրի Սամոն, բնակարաններ և թանկարժեք մեքենաներ է շռայլում մեր երկրի շոու բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներին։ Երևանում բնակարան ստանալուց անմասն չմնաց անգամ ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը։

ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, սակայն, այստեղ վատ բան չի տեսնում։

–Կարապետյանների ընտանիքը Հայաստանի տնտեսության վերաբաշխաման խառը, մութ հարցերի մեջ որևէ անգամ չի մտել կամ գոնե չի ընկալվել այդ կիզակետում կամ այդ մութ գործերի մեջ։ Եթե մարդիկ դրսում վաստակած իրենց փողը բերում են նաև երկիր՝ տարբեր ծրագրերի մեջ՝ սոցիալական, տնտեսական, հասարակական, մշտապես ժողովրդի կողիքն են և ՀՀ–ի մեջ ծրագրերն ավելի մեծ գումար են կազմում, վստահեցնում եմ ձեզ, քան թե նույն «Տաշիր» մրցանակաբաշխությունը, թույլ տվեք ձեր գնահատականները մի փոքր ոչ կոռեկտ համարել, որովհետև այդ մարդն իր գրպանի գումարը ոնց ուզում, այնպես էլ ծախսում է։ Ո՞ւմ խնդիրն է դա,–այսօր «Հայելի» ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ մեր հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ–ական այդ պատգամավորը։

Նույն ակումբում հրավիրված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ նշեց, որ երբ նման միջոցառումները դառնում են հայ ազգին ներկայացնելու ձև, այլ ոչ թե զուտ մրցանակաբաշխություն, իսկ ներկայացման տեսքն էլ ի վերջո դառնում է այնպիսին, որ երբ Գարիկ Մարտիրոսյանը Սերժ Սագսյանի անունն է տալիս, «Արմենիայի» եթերն անջատում են, սկսում ես հասկանալ, որ Հայաստանում և Սփյուռքում կա էլիտայի մի հատված, որի բարոյահոգեբանական մթնոլորտը ռուսերեն ասած՝ «пир во время чумы»։

–Մարդը սեփական փողը ոնց ուզում է, թող ծախսի։ Բայց եթե այդ ծախսելը դրվում է հայ ազգի վրա, ես կատեգորիկ դեմ եմ,–ավելացրեց Արամ Կարապետյանը,–պետք է հասկանալ, որ այլ երկրի տարածքում են գործում, երկիր, որ ունի շատ մեծ քանակությամբ սքինհեդներ, երկիր, որը վերջիվերջո կարող է ասել, որ այսքան այստեղ բոլորին բաժանում եք այդ սենյակները, էլ մեզանից 500մլն գալիս եք, ինչի՞ եք վարկ ուզում։

Ի դեպ նշենք, որ դեռ երեկվանից սոցիալական ցանցերում ակտիվորեն սկսել են քննադատել «Տաշիր–2011»–ը։ «Facebook»–ում նույնիսկ նախաձեռնություն է սկսվել, որի անդամներն առաջարկում են մեր աստղերին(ովքեր տան կարիք չունեն) «Տաշիր–2011»–ում նվեր ստացած բնակարանները նվիրել անտուն ընտանիքներին։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը