Լրահոս

07.07.2020 22:49


Կորոնավիրուսից մահացած կնոջ ամուսնական մատանին կորել է, աղջիկը պնդում է, որ հիվանդանոցում են գողացել

Կորոնավիրուսից մահացած կնոջ ամուսնական մատանին կորել է, աղջիկը պնդում է, որ հիվանդանոցում են գողացել

Երևանի բնակիչ Նազելի Բուռնազյանը, որի մայրը մահացել է կորոնավիրուսից Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում Tert.am-ին ահազանգել է, որ հիվանդանոցից մայրիկի մատանին են գողացել:

«Մայրիկին հունիսի 4-ին շտապօգնության մեքենայով են տարել Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոց, նրա մոտ հայտնաբերվել էր երկկողմանի թոքաբորբ, նա մահացել է հունիսի 5-ի լուսադեմին: Այդ ընթացքում, ճիշտ է, իրեն թույլ էր զգում, բայց անընդհատ կապի մեջ էինք, ինչքան հնարավոր էր հեռախոսով խոսել ենք կամ հաղորդագրություններ ուղարկել: Ասում էր՝ բժիշկներն ասում են, որ վիճակը դեպի լավն է գնում: Հետո զանգում էի՝ տեսնեմ ինպես է, չէր պատասխանում: Առավոտյան զանգեցի հիվանդանոց, մայրիկիս տվյալները նշեցի, ասացին՝ մայրս մահացել է»,-պատմեց նա:

Նա տեղեկարեց որ ասել են՝ գիշերը միանգամից կտրուկ վիճակը վատացել է ու մահացել է: «Ճիշտն ասած՝ չեմ էլ հավատում, որ մայրս կորոնավիրուսից է մահացել, որվհետև մենք իր հետ առնչվել ու մենք վարակակիր չենք։ Անգամ գնացինք բժշկի, ստուգվեցինք, մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք առողջական ոչ մի խնդիր չունենք: Անցած տարի էլ է մայրս թոքաբորբով հիվանդացել»,-ասաց նա:

Նազելի Բուռնազյանը հավելեց. «Մայրս հիվանդանոց գնալուց կրել է ականջօղեր և ամուսնական մատանի, երբ իմացանք մահացել է գնացինք հիվանդանոց, երբ վերակենդանացման բաժնի աշխատողն իրերը բերեց, անմիջապես պայուսակը նայեցի, ամեն բան տեղում էր դրամապանակը, հեռախոսը, այն ինչ-որ հետը տարել էր հիվանդանոց, բացի ականջօղերից ու մատանուց: Ես չհավատացի, որ մայրս է մահացել, պահանջեցի դիահերձարանում տեսնեմ: Գնացի դիահրեձարան, այնտեղի աշխատողն ինձ ականջօղերը վերադարձրեց, խնդրեցի մայրիկիս ձեռքերը բարձրացնի, նայեցի մատանին չկար մատը: Փաստորեն, որ հիվանդանոցում մահացել է, այնտեղ էլ գողությունը կատարվել է, և տեղափոխել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների դիահերձարան»:

Ըստ նրա՝ դրանից հետո գնացել է հիվանդանոց, պահանջել, որ տեսախցիկներով գտնեն, ով է գողացել մատանին, սակայն այնտեղ ասել են, որ 5 օրվա տվյալներն են միայն պահվում, հիշողությունը թույլ է․ «Ինձ ասացին՝ գնամ հարցնեմ շտապօգնության այն աշխատակցիներին, որոնք տեղափոխել են մայրիկիս դին: Կոպիտ ասած՝ մեկը մյուսի վրա է գցում: Շտապօգնությունից ինձ ասացին, որ հաստատ իրենց աշխատակիցները չէին կարող գողանալ, քանի որ դիակը հիվանդանոցում հերմետիկ փաթեթավորել են: Ես համոզված եմ, որ հիվանդանոցում են գողացել, տարբեր տեղեր եմ դիմել, դեռ արձագանք չկա»:

Նազելի Բուռնազյանը նշեց, որ ոստիկանություն էլ է դիմել: «Ես անընդհատ զանգահարում եմ, փորձում եմ գնալ ոստիկանություն էլ, բայց իրենք ասում են՝ չէ մի մոտեցեք, մի շաբաթից Ձեզ կզանգահաենք, բայց մեկ շաբաթն արդեն դարձել է երկու շաբաթ ու ոչ մի արձագանք չկա»,-նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը