Մեկնաբանություն

08.07.2020 09:25


Ալիևի լեզուն երկարել է, որովհետև «գլխավոր հրամանատա՛րը» գլխավոր հրամանատար չէ

Ալիևի լեզուն երկարել է, որովհետև «գլխավոր հրամանատա՛րը»  գլխավոր հրամանատար չէ

Եվ այսպես, «թավշյա իշխանազավթումից» հետո առաջին անգամ Հեյդարի որդի Իլհամը հրապարակավ բողոքել է բանակցություններից. ամփոփելով Մամեդյարով-Մնացականյան տեսակոնֆերանսի «արդյունքները»` ասել է, որ բանակցային գործընթաց փաստացի չկա, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցող «հեռավար հանդիպումներն» էլ առ ոչինչ են`եղած-չեղած, մի հաշիվ են։

«Սա միայն նշանակում է, որ գործունեություն է ծավալում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Լավ, մինչև ե՞րբ»,-դժգոհել է Ալիևը և պահանջել, որ Մինսկի խմբի համանախագահները շտապ հանդես գան «հստակ հայտարարություններով»։ Այսինքն`իր երգը երգեն, իր թելը թելեն, իր խաղը խաղան։ Որպեսզի ոչ մեկին քիչ չթվա, ներկայացրել է նաև բանակցությունները շարունակելու իր «տեսլականը»։ Այն է` գործընթացն օր առաջ պետք է տեղափոխել «առարկայական բանակցությունների» դաշտ։ Միա՛յն այդ դեպքում և ա՛յդ պայմանով իրենք կմասնակցեն բանակցային գործընթացին. «Հակառակ պարագայում բանակցությունների անհրաժեշտություն չկա: Մենք սպասում ենք դա ԵԱՀԿ Մինսկի խմբից և ամուր կանգնած ենք մեր դիրքորոշման վրա։ Արդարությունը մեր կողմն է»։

Մի կողմից, սա կարելի է դրական ազդակ համարել։ Համաձայնեք`եթե Ալիևը հիասթափված է բանակցություններից, նշանակում է` բանակցային գործընթացն Ադրբեջանի սրտով չի գնում. հայկական կողմը գո՛նե այս հանգրվանում չի անցել ռուբիկոնը` կարմիր գիծը, որից այն կողմ «զենքերը վայր դնելն» ու առանց նախապայմանների կապիտուլյացիայի ենթարկվելն է։

Նշանակում է` արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեզ լավ ծառայություն մատուցեց` գաղտնազերծելով այն, ինչ փորձ էր արվում խնամքով թաքցնել, և ահազանգելով, որ սեղանին դրված է տխրահռչակ փուլային կարգավորումը` Նիկոլն ու իր արտգործնախարարը ստում են, գլխներիս տակ փափուկ բարձ դնելով, վստահեցնելով, որ բանակցություններ չկան, կան միայն հանդիպումներ, և այդ հանդիպումների ընթացքում որևէ կոնկրետ փաստաթուղթ չի քննարկվում։

Արդյունքը եղավ այն, որ հասարակության մտածող մասը` նրանք, ովքեր հասարակական կարծիք են ստեղծում, ում համար Արցախը դատարկ խոսք չէ` հայրենիք է, և ուրեմն`սակարկության առարկա չի կարող լինել, աղմուկով ընդվզեց փակ դռների հետևում Հայաստանի և Արցախի դեմ նյութվող դավադրության դեմ։

Արցախի ղեկավարությունն, ըստ ամենայնի, նույնպես չարդարացրեց մեր վայ-բանակցողների, սրանց անդրօվկիանոսյան հովանավորների և «կիրթ, կառուցողական» Ալիևի սպասելիքները։ Արայիկ Հարությունյանը, ճիշտ է, պատրաստ է հլու-հնազանդ կատարել Նիկոլի ցանկությունները «ներքին քաղաքականության» հարցերում` գործից հանել «թավշյա» գծի մեջ չտեղավորվող պաշտոնատար անձանց, առանցքային պաշտոններում նշանակել Նիկոլի սրտի կադրերին, արհեստական պատճառաբանություններով արգելել Նիկոլի քիմքին ոչ հաճո լրատվամիջոցների, օրինակ, 5-րդ ալիքի հեռարձակումն Արցախում, «բարձր մակարդակի» ընդունելության արժանացնել Նիկոլի «հատուկ հանձնարարությունների դեսպան» Բաբաջանյանին, բայց Արցախի հարցում «սկզբունքային զիջումների» դժվար թե գնա։ Ուզենա էլ` ժողովուրդը թույլ չի տա։

Ստեղծված իրավիճակում Նիկոլն ու իր արտգործնախարարն այլ ելք չունեին, քան հետքայլ անել` վերադառնալ ռացիոնալ դաշտ և մոռանալ միակողմանի զիջումների, Հեյդարի որդի Իլհամին ու իր «ժողովրդին» բավարարող լուծումներ փնտրելու և հողեր հանձնելու շուրջ «բազառ» անելու` «առարկայական» բանակցություններ վարելու մասին։

Մյուս կողմից, շատ խորաթափանց պետք չէ լինել հասկանալու համար, որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Առնվազն` ռազմական նոր արկածախնդրությունը` «ապրիլյան պատերազմի» սցենարով։ Այս պարագայում հարց է առաջանում` բոլոր ուղղություններով ձախողված, ամեն քայլափոխի իր ապիկարությունը և անկարողությունը ապացուցող «նիկոլապետական» անձնիշխնությունը որքանո՞վ է ի զորու դիմակայել Ալիևի «հիասթափության» հնարավոր սրացումներին։

Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի սուլթանը Նիկոլին «ֆորա» էր տվել` երկու տարի ձեռնպահ էր մնում լայնամասշտաբ սահմանային սադրանքներից, որովհետև հույս ուներ կոտրել մեր դիմադրությունը և Նիկոլենցից «առարկայական» զիջումներ կորզել «հողերի վերադարձի», «համատեղ բնակեցման գոտիների» թեմաներով։

Հիմա, ընդվզելով բանակցային ստատուս-քվոյի դեմ, հայտարարելով, որ «բանակցային գործընթաց փաստացի չկա»՝ շանտաժի է ենթարկում թե՛ մեզ, թե՛ Մինսկի խմբի համանախագահներին. իբր` հանձնվեք, թե չէ կկրակենք։

Իսկ ինչի է ընդունակ մեր Զինված ուժերի ոչ բարով «գլխավոր հրամանատարը», ինչպես «անվրեպ» է կողմնորոշվում բարդ իրավիճակներում, ինչպես է ցայտնոտի մեջ ընկնում, գլուխը կորցնում ու պատեպատ զարկվում` փորձելով դիմակայել թշնամու ներխուժմանը, արդեն տեսել ենք «կորոնավիրուսի դեմ պատերազմի» օրինակով։

Մարդը իսկի հայտարարությունների մակարդակով «ռիսկ չի անում» հակադարձել Իլհամին`Հայաստանի նախկին ղեկավարների և անձամբ իր դեմ լեզվավարժանքները թողած, հարձակվում է «կիրթ և կառուցողական գործընկերոջը» հակադարձած Սերժ Սարգսյանի վրա, այն էլ` խոսնակի շուրթերով, ուր մնաց` գործողությունների մակարդակով համարժեք հակահարված տա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը