Մեկնաբանություն

07.07.2020 15:05


Ուզուրպատորի դիմակավարակը կամ տուգանքակրատիա

Ուզուրպատորի դիմակավարակը կամ տուգանքակրատիա

Դիմակը Հայաստանում հաստատված ուզուրպատորական կառավարչապետության խորհրդանիշն է այլևս:

Ի դեպ, թե՛ ուղղակի իմաստով, թե՛ նաև՝ փոխաբերական: Ուղղակին, պարզ է ու տեսանելի: Փոխաբերականն էլ այն է, որ ազատությունների, իրավունքների, ժողովրդավարության դիմակներով անարյուն հեղաշրջմամբ իշխանության եկածները դիմակազերծվել են, լիարժեք բացահայտել իրենց իրական նկարագիրն ու բնութագիրը: Փաշինյանի գերլծակավորված անձնիշխանությունը մառ ու գաղջից էլ բեթար բռնակալություն է ձևավորել: Ամբոխը կարող է համարել, որ հասել է իր մղձավանջաբաղձ նպատակին: Իրենց ուզածը հենց այս նողկալի «բոլոլան» էր, և այն, որ իրենց ամեն քայլափոխի տուգանեն, ոստիկանական համազգեստ հագածները գետնին տապալեն, իրենց ուսերի վրա երկրի ղակավարության ղեկի մոտ հայտնվածները ծաղրեն, ծանակեն, վիրավորեն ու մեղադրեն: Մի՞թե հենց սրա համար չէր փողոցփակոցին, կաթսազարկոցին, վուվուզելփչոցին...

Տուգանքների մասին: Դիմակային, իհարկե: Ուզուրպատորի իշխանությունը որոշել է կրկնապատկել տուգանքի «սակագինը». Առաջարկվում է բաց տարածքներում անդիմակության համար տուգանել 20 հազար դրամով, փակ տարածքներում՝ 50 հազարով: Փաշինյանական ԱԺ-ն կամ «քայլարանը», բնականաբար, կդակի նաև այդ առաջարկությունը:

Հանդիպակաց առաջարկ կարելի է անել, որ մի 10 հազար դրամի տուգանք էլ անդիմակ քնելու համար սահմանեն: Չնայած, սրանք սարկազմը կարող են լիովին լուրջ խորհրդի տեղ ընդունել, և որքան էլ անհեթեթ թվա, կյանքի կկոչեն:

Դե ինչ, եթե տուգանվողները փաշինյանապաշտներն են լինելու, կարելի է միայն ողջունել հերթական վիշապաքայլը:

Ի դեպ, էլի տուգանքների մասին: Արդեն արձանագրված: Դիմակային տուգանքը, եթե մոռացել եք, ներդրվեց մայիսի վերջերին, ավելի ստույգ՝ մայիսի 19-20-ին (նախագիծն ընդունվեց): Եվ ահա, ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն, մինչև հուլիսի 6-ը, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 71111 արձանագրություն: Հասկանալի է, որ դրանց մի մասը վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին (ինչը ավելի խոշոր չափով տուգանքի է ենթակա): Բայց մի պահ համարենք, որ դրանք բոլորը ավելի «էժան», այսինքն՝ «դիմակային» տուգանքներ են: Դժվար չէ արձանագրությունների ոստիկանական փայլուն, ես կասեի՝ շողշողուն ցուցանիշը բազմապատկել 10 հազարանոցով: Հանրագումարում ստացվում է, որ ընդամենը ոչ լրիվ 2 ամսվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը ՀՀ քաղաքացիներից կլպել կամ քերել է 711 միլիոն 110 հազար դրամ, այսինքն՝ մոտ 1,5 միլիոն դոլար:

Մեկուկես միլիոն դոլար: Իսկ դա նշանակում է, որ գործազրկված, բայց երջանիկ հայրենակիցները, առնվազն 71 հազար հոգի, վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեկուկես միլիոնով քիչ գումար են ծախվել կամ խնայել: Իրանց սիրելի կառավարությունը, ոստիկանական մահակով իրենց գլխներին դըմփ-դըմփ-հու անելով կամ դրա սպառնալիքով, իրենցից խլել է 1 միլիոն 500 հազար դոլարին համարժեք գումար: Մարդկանց երեխայի հացի փողն է խլել, մարդկանց ծնողի դեղորայքի փողն է խլել այդ տուգանքներով:

Տուգանքակրատիա է, իսկ հասարակությունն էլ Փաշինյանի անձնական տուգանքի մատերիալն է: Նկատենք՝ անձայն հնազանդությա՛մբ տուգանքի մատերիալը:

Ու քանի որ այդ 71 հազարի օրինակով Փաշինյանը տեսնում է, որ հլու-հնազանդ տուգանվում են, մտածում է, իսկ ինչո՞ւ չբռնել ու չկրկնապատկել տուգանքի «սակագինը»: Ավել փողը միայն չտեսի աչքն է ծակում, փորը չի ծակում:

Եվ հետո, դեռ որքա՜ն կուսակցություններ, կազմակերպություններ, խմբագրություններ կան, որտեղ կարելի է ներխուժել ու տրցակներով տուգանային արձանագրություններ գրել, փողերը կլպել:

Օրինականացված գրպանահատություն:

Բնականաբար, «հաճույքը» պետք է երկարաձգել: Եվ, բնականաբար, Փաշինյանն արդեն խոսում է արտակարգ դրությունը մի հատ էլ երկարաձգելու մասին: Կառավարչապետը, որ տապալվել է վարակի սպառնալիքին դիմագրավելու նախապատրաստական շրջանում, որ չի կարողացել իրական կարանտին ապահովել վարակի ներթափանցման առաջին շրջանում, որ իր ու իր նախարարների կաբինետի հետ լիովին պարտվել է այդ ճակատում, որ անձնապես և ուղղակի պատասխանատվության է ենթակա ստեղծված վիճակի ու հարյուրավոր անմեղ մարդկանց մահվան համար, իր անձնիշխանությունը պահպանելու «լավ» ձև է գտել. պերմանենտ արտակարգ դրության ռեժիմ:

Իրեն երևի թվում է, թե դա լուծում է: Միգուցե: Բայց դա կարճաժամկետ ու դիպվածային լուծում է: Արտակարգ դրությունը այս դեպքում մի այնպիսի զսպանակ է, որը անընդհատ սեղմվում է: Մինչդեռ մինչև վերջ սեղմված զսպանակները ինչ-որ պահի անխուսափելիորեն «բացվում» են: Համարենք այդ դիտարկումը լավատեսական նոտա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը