Լրահոս

07.07.2020 09:15


Վարդավառին ընդառաջ՝ Սևանի լողափերում վերահսկողությունը խստացվում է

Վարդավառին ընդառաջ՝ Սևանի լողափերում վերահսկողությունը խստացվում է

«Հանրային լողափերում հատկապես շաբաթ, կիրակի օրերին վերահսկողությունը խստացվում է: Պարբերաբար իրազեկում ենք անվտանգության կանոնների հետ կապված, այն է՝ ջրից դուրս դիմակ կրելը, ախտահանիչներ ունենալը, սոցիալական հեռավորությունը պահելը: Սկզբում մարդիկ շատ դժվար էին հարմարվում, բայց հիմա տեսնում ենք, որ շատ դեպքերում նույնիսկ փոքր երեխաներն են դիմակ դնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Համավարակով պայմանավորված այցելուների տեսանկյունից քաղաքում շարժ առայժմ չկա, բայց Սևանա լճի ափին շաբաթ, կիրակի օրերին փոքր-ինչ ակտիվություն է նկատվում: Արմինե Ղուկասյանը կարծում է, որ Վարդավառին ընդառաջ շարժ կլինի, այդ իսկ պատճառով թե՛ տոնին նախորդող, թե՛ հաջորդող օրերին վերահսկողությունը մեծանալու է, արդեն նախապատրաստվում են:

Սևանի քաղաքապետարանի տուրիզմի պատասխանատու Դավիթ Թորոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի Սևան եկած այցելուների շրջանում հանգստի կազմակերպման նախասիրությունների փոփոխություններ են նկատվում:

«Եթե այն ժամանակ մեծամասամբ եկողները գերադասում էին մնալ Սևանում, լինել այն լողափերում որտեղ մարդիկ շատ էին, ակտիվություն կար, ապա այսօր բոլորովին հակառակ պատկերն է: Հիմա մարդիկ նախընտրում են վայրի ափերը, այնպիսի տեղեր, որտեղ ակտիվ այցելություններ չկան»,-ասաց Դավիթ Թորոսյանը: Նրա խոսքով, սկսել են առաջ տանել արշավային տուրիզմի գաղափարը: Մարդիկ այս օրերին ավելի շատ նախընտրում են արշավները:

«Նախկինում, որ առաջարկեինք արշավներ, կասեին, ինչպես ավտոմեքենաս թողնեմ…և այլ պատճառաբանություններ, այսօր նախընտրում են գնալ վայրեր, որոնք շատերի համար անհայտ են»,-ասաց նա:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը