Մեկնաբանություն

07.07.2020 10:10


Քաղաքական հետապնդումը պոզով-պոչո՞վ է լինում

Քաղաքական հետապնդումը պոզով-պոչո՞վ է լինում

Իր վերջին «կացնային» ելույթներից մեկի ժամանակ (էն, էլի, որ փրփուրը բերանին սպառնում էր, մատ էր թափ տալիս Ծառուկյանի և մյուսների վրա, թե բա` հաջորդ խորհրդարանում լինելու են միայն այն քաղաքական ուժերը, որոնք «անվերապահ աջակցել և աջակցում են հեղափոխությանը»)`Փաշինյանը պոռոտախոսության նոր ռեկորդ սահմանեց` ասելով, որ եթե Ծառուկյանը «քաղաքական հետապնդման» զոհ լիներ, մի՞թե դատարանը կմերժեր «կալանք տալու» միջնորդությունը։

Նույնիսկ «զարմացավ»` «բա ինչի՞ մեր կալանքը տալիս էին»։ Եվ ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Չտային` վզները կոլորեին»։

Հիմա, եթե քաղաքական հետապնդման չափանիշը «կալանքը տալն» է, Հայաստանի երկրորդ նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, դասական քաղբանտարկյալ է անգամ իր` Կացին Նիկոլի չափանիշներով։ Դատեք ինքներդ. այս էլ երրորդ անգամ դատարանն ազատ է արձակում նախագահին, և երրորդ անգամ Նիկոլի սրտի դատախազությունը բողոքարկում է որոշումը` բառի բուն և փոխաբերական իմաստով կենաց-մահվան կռիվ տալով ապօրինաբար` ի հեճուկս Սահմանադրության, Քրեադատավարական օրենսգրքի, ՍԴ հայտնի որոշման, հիմա էլ արդեն` Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքների։

Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2018թ. օգոստոսին, երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը բեկանեց ԱԱԾ տնօրեն-վարչահրամայապետ Փաշինյան-ՀՔԾ-ի Սասուն «համատեղ նատիսկի» արդյունքում «դատավոր Հրաչին» պարտադրված կալանք տալու որոշումը` հղում անելով նախագահի սահմանադրական անձեռնմխելիությանը։ Վճռաբեկ դատարանը կայացրեց Փաշինյանի սրտի որոշումը`«կալանք տալու հարցը» վերադարձրեց ընդհանուր իրավասության դատարան, որն էլ արեց այն, ինչ «պահանջվում» էր` նախագահին նորից բանտ ուղարկեց։

Երկրորդ անգամ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց 2019թ. մարտին` ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ։ Այս անգամ` Արցախի գործող և նախկին նախագահների` Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության հիման վրա։

Դատախազությունը նորից խառնվեց իրար`դիմեց Վերաքննիչ դատարան և պահանջեց «վերականգնել արդարությունը»` «փակել» նախագահին, համակարգչի միջոցով գտավ իր սրտի արմենդանիելյանին և այնպես պատին դեմ տվեց, որ սա առանց պաշտպանական կողմին լսելու՝ գնաց խորհրդակցական սենյակ։ Եվ, իհարկե, կայացրեց Նիկոլի սրտի որոշումը` Քոչարյանին վերադարձրեց բանտախուց, որից հետո, դարձյալ համակարգչի թեթև ձեռքով, «Քոչարյանի և մյուսների» գործը հայտնվեց Նիկոլի սրտի մեկ այլ «վնգստացող» դատավորի` Աննա Դանիբեկյանի վարույթում, որտեղ էլ գտնվում է առ այսօր։

Տիկին Դանիբեկյանն, իրեն «կոտորելով»`հա՜ մերժում էր կալանքը որպես պատժամիջոց օգտագործելու արատավոր պրակտիկային վերջ տալու`խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդությունները, ու «վիզ դրած»`նախագահին պահում էր անազատության մեջ... մինչև ս.թ. հունիսի 18-ը, երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասամբ բավարարեց պաշտպանական կողմի բողոքը և աննախադեպ բարձր` ավելի քան 4 միլիոն դոլար գրավի դիմաց արդեն երրորդ անգամ ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին։

Դատախազությունը, դատական ակտի թանաքը չչորացած`չսպասելով, որ որոշումը հրապարակվի, նույն օրը հայտարարեց` աշխարհն էլ շուռ գա, բողոքարկելու ենք որոշումը. որովհետև «հանցագործը զինված է և հույժ վտանգավոր»` Քոչարյանի ազատության մեջ գտնվելու «ռիսկերն» այնքա՛ն անհաղթահարելի են, այնպիսի՛ անմարդկային տառապանքներ են պատճառում «ամենայն հայոց վարչահրամայապետին», որ ոչ մի գրավով, ոչ մի երաշխավորությամբ, ոչ մի կորոնավիրուսային սպառնալիքով հնարավոր չէ չեզոքացնել այդ ռիսկերը` կմեռնեն, կծամեն սեփական փողկապները, բայց նման «ճչացող անարդարություն» երբեք թույլ չեն տա։ Մնացին, մնացին` բողոքարկման ժամկետի սպառվելուց 5 պակաս բողոքարկեցին որոշումը։

Վճռաբեկ դատարանում, անշուշտ, կգտնվի մեկը` համակարգչին վստահություն ներշնչող մի վնգստացող «սրտի դատավոր», որ կկայացնի սեփական ստվերից վախեցած մերօրյա քաջնազարի և իր սրտի դատախազության սրտի որոշումը` թքած ունենալով նույն Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքների վրա, ու կտա նախագահի «կալանքը տալու» նոր շրջափուլի մեկնարկը։ Դե, գիտեք, էլի`քանի Քոչարյանն ազատության մեջ է, Նիկոլի վախը չի չափվի։ Նույնիսկ կոոպերատիվ Գելափի ստահոդ հարցումներով։ Ծանր դեպք է, ինչպես ասում են։

Ինչ վերաբերում է իր` Փաշինյանի «կալանքը տալ-չտալու» պատմությանը, 2000թ., Վերաքննիչ դատարանը վերանայեց առաջին ատյանի դատարանի որոշումը նրան Արտաշես Գեղամյանի կնոջը զրպարտելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ, ու Փաշինյանն ազատ արձակվեց`չկրեց պատիժը։ Դատախազությունը ոչ միայն չբողոքարկեց այդ որոշումը, այլև, կարծեմ հենց ինքն էր վերաորակել մեղադրանքը և ավելի թեթև հոդված դրել վրան։

2009-ին էլ, երբ զանգվածային անկարգություններ հրահրելու համար «արժանացավ» 7 տարի ազատազրկման, էլի նույն դատախազությունը, և էլի սեփական նախաձեռնությամբ, հրաժարվեց նրան ու «հրաշալի յոթնյակի» մյուս անդամներին 300.1 հոդվածով առաջադրված (սահմանադրական կարգը տապալելու) մեղադրանքից`հանցագործության պահին գոյություն չունեցող հոդվածին հետադարձ ուժ տալը համարելով ոչ իրավաչափ։ Արդյունքում ինքն էլ, մյուսներն էլ համաներմամբ ազատ արձակվեցին, քանզի իշխանությունն իր կյանքի գործը չէր դարձրել այդ մեղադրանքը թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով պաշտպանելը, ինչպես սրանք` Քոչարյանի դեպքում։

Եթե դա քաղաքական հետապնդում էր, ինչպես ինքն է «ենթադրում», իսկ այն, ինչ անում է իր սրտի դատախազությունը Քոչարյանի (և ոչ միայն նրա) նկատմամբ` երկու ոտը մի մաշիկի մեջ դրած, «դոշ տալով» կալանք տալու համար, քաղաքական հետապնդում չէ, ապա ի՞նչ է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը