Լրահոս

06.07.2020 16:04


Նորքի տուն-ինտերնատում մահացել է կորոնավիրուսով վարակված 10 տարեց

Նորքի տուն-ինտերնատում մահացել է կորոնավիրուսով վարակված 10 տարեց

Նորքի տուն-ինտերնատում մահացել է կորոնավիրուս ունեցող տասը տարեց: Այս մասին Tert.am-ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

Նա նշեց, թե վարակակիրների ամբողջական թվի մասին հստակ տվյալ այս պահին չկա: Մայիսին արձանագրված առաջին 17 դեպքից հետո գրեթե ամենօրյա պարբերականությամբ թեստավորում է իրականացվել:

Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տուն-ինտերնատի բոլոր 28 աշխատակիցները, որոնք վարակակիր են եղել, այժմ առողջացել են: Նրանք հոսպիտալացված չեն եղել, քանի որ անհրաժեշտություն չի եղել: «Շուրջ մեկ ամիս է՝ նրանք վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին»,-հավելեց Մարտիրոսյանը:

Այս պահին, Մարտիրոսյանի տեղեկացմամբ, տուն-ինտերնատում կորոնավիրուսի դեպքեր չկան ո՛չ աշխատակիցների, ո՛չ տարեցների մոտ:

Հիշեցնենք, որ Նորքի տուն-ինտերնատում վարակակիրների մասին հայտնի դարձավ մայիսի 18-ին: Մահվան առաջին երկու դեպքերը գրանցվել էին մայիսի 20-ին:

Այս խորագրի վերջին նյութերը