Մեկնաբանություն

04.04.2011 00:05


Սերժա–լևոնական համագործակցության որոշ նրբերանգների մասին

Սերժա–լևոնական համագործակցության որոշ նրբերանգների մասին

Այժմ շատ պարադոքսալ վիճակ է ստեղծվել. որքան շատ մարդ է հավաքվում լևոնական հանրահավաքներին, այնքան ամրանում է Սերժ Սարգսյանի դիրքերը, քանի որ Տեր–Պետրոսյանի ու Սարգսյանի խնդիրը հասարակական դժգոհությունը մեկի ձեռքում կուտակելն ու նպատակամղված ձևով չեզոքացնելն է, ինչը «միաբանը» փայլուն կատարում է։ Այսինքն՝ սերժա–լևոնական գործակցության հիմնական խնդիրը բողոքական շերտերին մեկ կետում հավաքելն ու տուն ուղարկելն է, կամ էլ այնպես անելը, որ եթե մարդիկ անգամ տուն չուզենան գնալ, ապա դա ինքնաբերեբար չբերի բողոքի այնպիսի գործողությունների, որը կհանգեցնի իշխանական համակարգի փլուզմանը։

Տեսե՛ք. այս տարվա մարտի 1–ի հանրահավաքում Տեր–Պետրոսյանը մի շարք սոցիալ–տնտեսական վերջնագրային բնույթի պահանջներ ներկայացրեց Սերժ Սարգսյանին ու դրանով հանդերձ մոբիլիզացրեց մարտի 17–ի հանրահավաքի մասնակիցների ավելի մեծ քանակ, բայց նրանց, մի քիչ Ազատության հրապարակում պարային համարներ ցույց տալուց հետո, ուղարկեց տուն՝ հայտարարելով, թե իր ներկայացրած պահանջները ժամկետ չունեն։ Այսինքն՝ ՀԱԿ առաջնորդի խնդիրը բողոքական ձայները սեփականաշնորհելն ու Սարգսյանի համար դրանք անվտանգ դարձնելն է։ Դա է պատճառը, որ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր համարվող մամուլը, որոնք վաղուց կառավարվում են նախագահական նստավայրից, այժմ կատաղի հակաքարոզչություն են սկսել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ, ով ցույց տվեց, որ կարող է նպաստել ընդդիմադիր զանգվածի համախմբմանը, բայց արդեն ոչ թե Սարգսյանին ծառայելու, այլ ճիշտ հակառակ նպատակով։

«Ժառանգության» առաջնորդը, բնականաբար, չկա սերժա–լևոնական համագործակցության փաթեթում, և նրա կեցվածքը ջարդեց «Եղիազարի» ու «միաբանի» միջև ձեռքբերված ներքաղաքական «ստատուս քվոն»։ Իշխանությունները տեսան, որ չեն կարողացել մենաշնորհային դարձնել ընդդիմադիր դաշտն ու կառավարելիության շրջանակներում պահել հանրային տրամադրությունները։

Եվ այսպես, Րաֆֆին, անկախ նրանից, թե ինչ կերպ կպիտակավորեն նրա հացադուլը, խառնեց իշխանության ու «փողոցային» մենաշնորհատիրոջ խաղաքարտերը։ Այստեղից էլ այն վայնասունն ու ոռնոցը, որը բարձրացրել են իշխանական գրչակները, ովքեր իրենց իրական դեմքը թաքցնելու համար լևոնական կոչված մամուլում են «գռդոն» անում։ Թերթեք «լևոնական» մամուլը և կհամոզվեք, որ սրանց բանուգործը դարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ գրելը։

Հարց է առաջանում. եթե նոր ուժ չի կարող ձևավորվել ու Րաֆֆին էլ գործոն չէ քաղաքական դաշտում, ապա ինչու՞ եք առավոտից–երեկո նրա մասին գրում, ինչու՞ եք խառնվել իրար, ինչու՞ եք Սերժ Սարգսյանին մոռացել ու հարձակվել «Ժառանգության» վրա։

Պատասխանն ակնհայտ է. իրենց վայնասունով «լևոնականները» փաստում են, որ Րաֆֆին գործոն է և, բացի այդ, իշխանական ու լևոնական շրջանակների համատեղ ծղրտոցը ցույց է տալիս, որ Սերժի հետ Լևոնի գործարքը «փոզմիշ» է եղել կամ էլ «միաբանի» գինը Բաղրամյան 26–ում մի «զրո» ընկել է ու դա էլ պատճառ է դարձել ոմանց համար լաչառանալու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը