Մեկնաբանություն

04.07.2020 00:10


Ի՞նչն է ահավոր ոգեշնչել Նիկոլի «հատուկ հանձնարարություններով դեսպան» Բաբաջանյան Արմանին

Ի՞նչն է ահավոր ոգեշնչել  Նիկոլի «հատուկ հանձնարարություններով դեսպան» Բաբաջանյան Արմանին

Գործ տվող դասալիք պատգամավոր, տխրահռչակ Բաբաջանյան Արմանը ոչ վաղ անցյալում հարցազրույց է տվել իր նման մեկին և «ինքնախոստովանական ցուցմունք» տվել.

«Ես խորը հարգանք և ակնածանք ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, և ասեմ, որ ամբողջությամբ, անազատությունից սատարել եմ նրան, 2008թ. նրա հայտը, իմ լրատվամիջոցն այն ժամանակ աջակցել է նրան։ Ես նրա գաղափարները, ազատական գաղափարները, հավասարակշռված արտաքին քաղաքականության նրա մոտեցումները... ինչո՞ւ չէ` 1997-ից սկսած, «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը ինձ ահավոր ոգեշնչել է, որովհետև դա ինձ համար քաղաքական մտքի ուղղակի գագաթնակետն է համարվել։ Եվ ես հպարտացել եմ, որ մենք ունենք այդպիսի որակներ, այդպիսի խորը, ուրեմն, իմաստություն պետության, պետականության վերաբերյալ»։

Սա շա՛տ բան է բացատրում։ Օրինակ` պաթոլոգիկ, բառի բուն իմաստով հիվանդագին, ոչնչացնող ատելությունը, որ ոտքից գլուխ արգահատելի այս «երևույթը» տածում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Չէ՞ որ հենց Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի հետ, Վազգեն Սարգսյանի գործուն մասնակցությամբ, դարձավ դիմադրության այն օջախը, որի շուրջ համախմբվեցին տերպետրոսյանական պարտվողական գծի հակառակորդները։ Հենց այդ դիմադրության արդյունքում Տեր-Պետրոսյանը հրաժարականի դիմում գրեց, վայր դրեց նախագահի մանդատը և փակվեց իր սև ամրոցում` ասելով, որ խաղաղության կուսակցությունը հեռանում է և իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը։

Եվ հե՛նց Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց, որ Տեր-Պետրոսյանն սխալ էր, «կոշտ գծի» կողմնակիցները` ճիշտ. 10 տարի շարունակ (վարչապետության մեկ տարին էլ` ձեզ նվեր) զարգացրեց ՀՀՇ-ից ժառանգած կաթվածահար, հոգեվարքի մեջ գտնվող տնտեսությունը, անառիկ պահեց Հայաստանի, Արցախի սահմանները և հերքեց գործ տվողին «ահավոր ոգեշնչած» ի սկզբանե կեղծ և արատավոր թեզը, թե Ղարաբաղը չտալու այլընտրանքը պատերազմն է, աշխարհաքաղաքական վերջնական և լիակատար մեկուսացումը, տնտեսական և քաղաքական պատժամիջոցները։ Եվ ուրեմն` այլ ելք չունենք, քան «մասը» զիջել, այսինքն` Արցախը սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին «ամբողջը», այսինքն` Հայաստանը փրկելու համար։

Հե՛նց Քոչարյանի պաշտոնավարման տարիներին միջազգային հանրությունն՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, մոռացավ Տեր-Պետրոսյանի «ջերմ» հավանությանն արժանացած «փուլային կարգավորման» մասին, և հստակ ամրագրեց արցախահայության ինքնորոշման իրավունքը՝ որպես կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից մեկը, և ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման, այսինքն` հանրաքվեի արդյունքների միջազգային ճանաչումը, որպես կարգավորման 6 տարրերից մեկը։

Նախագահ Քոչարյանի պաշտոնավարմանը հաջորդած 10 տարիները, մեծ հաշվով, հաստատեցին, որ շրջափակման պայմաններում էլ Հայաստանը կարող է զարգանալ կամ առնվազն պահպանել գոյություն ունեցող իրավիճակը` անդառնալի միակողմանի զիջումների չգնալով Արցախի հարցում։ Այս ամենը սվիններով ընդունվեց լևոնասորոսական շրջանակների ու սրանց քարոզչական կցորդների կողմից, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանն էր` իր «Հայկական ժամանակ»-ով, մյուսը`«կլասիկ» դասալիքն՝ իր «Ժամանակ»-ով։

Հենց սրանք էին, մեկ էլ`սրանց ձայնակցող Արամ Աբրահամյանն՝ իր «Առավոտ»-ով, տարիներ շարունակ, մրջյունի համառությամբ, մեթոդաբար և հետևողականորեն քարկոծում Ռոբերտ Քոչարյանից վատ կերպար ստեղծում։ Օր օրի մարդկանց «ականջին» կաթացնում էին 4 միլիարդի բլեֆը։

Բաբաջանյանի «ինքնախոստովանական ցուցմունքը» նաև բացատրում է, թե փաստաթղթեր կեղծելուց, պարտադիր զինծառայությունից «թռնելուց» ու ամերիկաներում «ծվարելուց» հետո ինչու հրաժարվեց իր «փափուկ կյանքից» ու վերադարձավ Հայաստան, ի՞նչ առաքելությամբ. եկավ, որ ի՞նչ անի, ո՞ւմ, մեր «ոխերիմ» հարևան ո՞ր երկրների ջրաղացին ջուր լցնի։

Բացատրում է, թե ինչու դարձավ Փաշինյանի «հատուկ հանձնարարությունների դեսպանը» և գործուղվեց Արցախ` «տրամադրություններ շոշափելու». կարո՞ղ է`«թավշյա խեղափոխությունից» հետո Ստեփանակերտում արդեն այնքան են «հասունացել», որ պատրաստ են «այո» ասել Տեր-Պետրոսյանի «գաղափարախոսության» շրջանակում հակամարտությունը հանգուցալուծելու թուրք-ադրբեջանական մեծ երազանքին։

Ճիշտ այնպես, ինչպես ավելի վաղ գործուղվել էր ԱԱԾ մեկուսարան` շոշափելու «27-ի» ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի տրամադրությունը, համոզելու, որ ցուցմունք տա երկրորդ նախագահի դեմ`վաղաժամկետ ազատ արձակվելու դիմաց։

Միակ բանը, որ անհասկանալի է մնում, այն է, թե ինչո՞ւ էր մուկնուկատու խաղում հասարակական կարծիքի հետ` հերքում իր իսկ «լրատվամիջոցի» տարածած լուրը Արցախի նախագահի հետ ԼՂ հիմնախնդիրը «քննարկելու» և, որպես հարցի միակ և անփոխարինելի լուծում, Տեր-Պետրոսյանի «հանճարի»` «քաղաքական մտքի գագաթնակետը համարվող» «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի «գաղափարախոսությունը» առաջարկելու մասին։

Հերքում է, որ ո՞ւմ խաբի...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը