Մեկնաբանություն

03.07.2020 21:00


Հիշելով «Լադիմիր Լադիմիրիչին» ու պառադը... Կրեմլը ցնցված է Փաշինյանի ուղերձից

Հիշելով «Լադիմիր Լադիմիրիչին» ու պառադը... Կրեմլը ցնցված է Փաշինյանի ուղերձից

Թող ներվի «տակից» (թեպետ, ինչո՞ւ միայն «տակից») փաշինյանական իշխանության գովերգությամբ զբաղվող որոշ կայքերի ոճին թեկուզ պարոդիայով ընդօրինակելը, բայց՝ Կրեմլը ցնցված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից:

Ասենք, ի՜նչ Կրեմլ: Պուտի՛նն է ցնցված: Այնպես, որ ցնցումները, ասում են, փոխանցվել են Կրեմլի Սպասյան աշտարակին (Спасская башня): Դե այն, որ Պիետրո Սոլարին կառուցել է, իսկ Քրիստաֆոր Գալովեյն էլ ավարտուն տեսքի է բերել: Դե, էն էլի, սուտակե մեծ աստղով Կրեմլի աշտարակը:

Այդ աշտարակին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները շշնջում են, որ ցնցումները եղել են ուրախության՝ քահ-քահ ծիծաղի բռնկմամբ պայմանավորված:

Հարցնում եք, թե՝ առի՞թ կար: Իհարկե՛, կար:

Մեր անզուգական, անկրկնելի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել հարգելի Վլադիմիր Վլադիմիրին՝ շնորհավորելով «Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ»:

Տպավորիչ է, չէ՞: Հիրավի, ցնցվելու բան է: Դիմանալու չէ, մի խոսքով:

Եվ ահա այսպիսի՝ «ի խորոց սրտի», ես կասեի՝ հոգեբուխ շնորհավորանք Վլադիմիր Պուտինին... հազիվ մեկ-երկու օր անց այն դեմարշից, երբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը եթեր է տրամադրում Պուտինի ամենից սուր քննադատությամբ զբաղվող (այսպես ասենք), եթե ոչ ՌԴ իշխանությանը պախարակող այնպիսի մի օդիոզ սուբյեկտի, ինչպիսին է Նավալնին: Դա, իբր քիչ է, փաշինյանական ֆեյքագվարդիան մի այլ կարգի հակառուսական հիստերիա է նախաձեռնում, այնպես, որ ֆեյքենֆեյդֆեբելները հազիվ են հասցնում գրառումների «կարուսելը» պտտել:

Իսկ հիմա, ահա, այսպիսի սրտառուչ շնորհավորանք Փաշինյանից՝ Պուտինին և «ՌԴ եղբայրական ժողովրդին»

Ցանկացած համեմատություն է կաղում, բայց այս պատկերը հիշեցրեց այն պատմությունը, որ երբ անցյալ տարվա հոկտեմբերին Պուտինն այցելել էր Հայաստան, Փաշինյանն ամեն ինչ անում էր՝ ցույց տալու համար, որ կարող է նաև նրան նեղը գցել, ասենք, անախորժություն պատճառել: Անգամ Վրաստանից «գատրալյոր» էին կարծեմ հրավիրել այդ նպատակով:

Բայց մի քանի ժամ անց, կհիշեք, Վլադիմիր Պուտինը հանդիպել էր այդ ժամանակ կալանքի տակ գտնվող իր ընկեր և գործընկեր Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին և կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին: Այդ մասին տեղեկանալուն պես, Նիկոլ Փաշինյանը բառի բուն իմաստով սլացել էր «Զվարթնոց» օդանավակայան, զոռով-շառով «աբգոն արել» Պուտինի ավտոշարասյունը, որպեսզի մի հատ էլ «հաջող ասի», ինչպես սկզբում ինքն էր արտասանում՝ «Լադիմիր Լադիմիրիչին»:

Դե, եթե այդ արտասանությունը հիշեցիք, «պառադն» էլ կհիշեք: Չէ, այս մեկը չէ, որին Նիկոլ Փաշինյանը ձևական պատճառաբանությամբ ներկա չգտնվեց, այլ առհասարակ, այն, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ ասում էր՝ ակնհայտորեն ցանկանալով սիրաշահել Ռուսաստանի ղեկավարին:

Այս կոմեդիկ, եթե չասվի՝ ֆարսային չհորինված սցենարը թողնենք և սահուն կենտրոնանանք բուն խնդրի վրա:

Իսկ բուն խնդիրն այն է, որ ներկայում հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են առավել վատ վիճակում: Ավելի ճիշտ, վատ վիճակում են Հայաստանի այժմյան իշխանության և Ռուսաստանի ղեկավարության հարաբերությունները: Իր հերթին, Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա «թիմը», ուղեկից սատելիտները ամեն ինչ անում են, որպեսզի է՜լ ավելի վատացնեն այդ հարաբերությունների վիճակը: Վերջին նավալնիությունը միայն ինչ ասես՝ արժեր այդ իմաստով: Եվ ահա, այդ ամենի խորապատկերում արագ-արագ շնորհավորանք Պուտինին՝ սահմանադրական փոփոխության հանրաքվեի կապակցությամբ, որի տեսանելի արդյունքը լինելու է Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանի երկարաձգումը:

Գիտե՞ք, պետք է իրապես արկածախնդիր բնույթ ունենալ կարծելու համար, թե նման «գավառական խորամանկություններով» կարելի է Ռուսաստանի քաղաքական վերնախավի, առավել ևս Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններ կարգավորել: Չենք ասում՝ փոխվստահելի հարաբերություններ կառուցել, քանզի դա գործնականում անհնար է՝ մի ամբողջ շարք իրողությունների պատճառով:

Ի դեպ, տեսնես Վլադիմիր Պուտինը փոխադարձ կշնորհավորի՞ Նիկոլ Փաշինյանին՝ Սահմանադրությունն առանց որևէ հանրաքվեի փոփոխելու և ՍԴ-ն «իրենով անելու» կապակցությամբ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը