Կարծիք

03.07.2020 14:58


Սխալվելու իրավունք չունենք այլևս

Սխալվելու իրավունք չունենք այլևս

Քաղաքագիտական ոչ մի սահմանում չէր բնութագրում հայկական «ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխություն» կոչված օպերացիան, քանի որ դա բոլոր հայտնի սահմանումներից դուրս գտնվող, «էքստրա-օրդինար» երևույթ էր: Բայց հիմա հասել ենք մի հանգրվանի, երբ արդեն երևում է հաստատված հասարակարգի պատկերը: Սա պրիմիտիվ ոստիկանական ցեղապետություն է` երբ կա անձնիշխանություն և նրա հիստերիկ հրահանգներն իրականացնող ոստիկանություն, դասընկերոջ ղեկավարությամբ աշխատող, ինչն ինքնին ճչացող կոռուպցիայի դրսևորում է:

Ոստիկաններն այսօր գնդապետ Հրաչյա Զատիկյանի գլխավորությամբ կանգնել են Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանի ճանապարհին, երբ վերջինս գնալիս է եղել աշխատանքի, և հայտարարել են, որ նրա մուտքը ՍԴ արգելված է, ու ընդ որում չեն ներկայացրել իրենց գործողությունները հիմնավորող որևէ փաստաթուղթ: Այսինքն, կարող ենք արձանագրել` ոստիկանությունը բիրտ ուժով, զոռբայությամբ, իրեն վեր է դասում Սահմանադրությունից, ինչպես նաև վարչապետի ապօրինի կարգադրություններն է վեր դասում օրենքից:

Երեկ ևս ամբողջ ազգը ԶԼՄ-ներով հետևում էր, թե ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ, մարդկանց ձեռքերն ոլորելով, ցավոտ հնարքներ գործադրելով բառիս բուն իմաստով քարշ տալիս մի քանի ցուցարարի, որոնք Կենտրոնական բանկի մոտ պահանջում էին վարկային արձակուրդ: Իսկ այսօր արդեն ոստիկանները խիստ հսկողություն են իրականցնում «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքների մոտ` հսկելով, որ հանկարծ թոշակառուները ներս չմտնեն և տեղում չստանան իրենց հասանելիք այդ մի քանի կոպեկը:

Երբ մենք ժամանակին ահազանգում էինք, որ Փաշինյանը պետությունը դարձնելու է սեփական հողամաս, ամբոխը մեզ չէր լսում: Այժմ շատերը լռելյայն հետևում են իրադարձություններին` մտովի հիշելով մեր զգուշացումները: Սխալվել եք, ժողովուրդ, բայց երկրորդ անգամ սխալվելու իրավունքն չունենք:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը