Մեկնաբանություն

03.07.2020 13:50


Բժիշկ Թորոսյանի ախտորոշումը՝ անբուժելի ցինիզմ

Բժիշկ Թորոսյանի ախտորոշումը՝ անբուժելի ցինիզմ

Առաջին անգամ չէ, իհարկե, որ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ «փայլատակում» են բացահայտ ցինիզմի դրսևորումներով: Բայց այն գրառումը, որով նախօրեին փայլատակեց առողջապահության նախարարի պաշտոնը դեռևս զբաղեցնող Արսեն Թորոսյանը, ավելին է, քան ցինիզմը: Դա արդեն անբուժելի՛ ցինիզմ է:

Որքան էլ վստահ լինենք, որ շատ-շատերը ծանոթ են թե՛ խնդրո առարկա գրառմանը, թե՛ նախապատմությանը, արժե թեթևակի հիշեցնել, թե խոսքն ինչի մասին է: Հանրությունը տեղյակ է օրերս կատարված այն շոկային ու խայտառակ պատմությանը, որ 82-ամյա հանգուցյալ կնոջ մարմինը Աբովյանի անատոմիկից կորել էր: Հանգուցյալի դին հանձնել էին կորուստ ունեցած այլ հայրենակիցների, որոնք էլ հուղարկավորել էին նրան՝ որպես իրենց հարազատի: Իսկ մահացած գյումրեցի տատիկի հարազատներն էլ, բացի մերձավորի կորստի վշտից, նաև նրա դին գտնելու տառապանքների ու ապրումների միջով անցան:

Հանրությունն այս խայտառակության մասին իմացավ հիմնականում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ահազանգ-գրառումից: Տիկին Զոհրաբյանի պաշտոնը հատուկ ենք ընդգծում, այն բացահայտ նկատառմամբ, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն իր պաշտոնական կարգավիճակով բարձր է կառավարության անդամ-նախարարից: Թեկուզ այն պարզ պատճառով, որ նախարարը (կառավարությունն) է հաշվետու խորհրդարանին, այլ ոչ թե՝ հակառակը:

Հայտնի է նաև, որ մեկ օր առաջ, թերևս ոստիկանության ներգրավման արդյունքում, ի վերջո պարզվել է, թե որտեղ է հուղարկավորվել 82-ամյա հանգուցյալ տատիկի կորած մարմինը:

Եվ ահա, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքում է այս ամենին:

Ի՞նչ է անում:

Ներողությո՞ւն է խնդրում հանգուցյալի հարազատներից, որ ոչ միայն անկարող են եղել փրկել նրանց ազգականի կյանքը, այլև իր ղեկավարած համակարգի հաստատություններից մեկից կորել է հանգուցյալի մարմինը:

Ո՛չ, ներողություն չի խնդրում:

Հավաստիացնո՞ւմ է, որ ծառայողական քննություն կկատարվի և տեղի ունեցածի համար բոլոր մեղավորները խիստ պատասխանատվության կենթարկվեն:

Ո՛չ, դա էլ չի ասում:

Հապա ի՞նչ է ասում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որ ուղղակիրեն պատասխանատվության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձ է՝ կորոնավիրուսի վարակի առումով երկրում ստեղծված ծանր իրավիճակի, տասնյակ հազարավոր վարակվածների, հարյուրավոր մահերի համար:

Դրսևորվում է: Անձը, որ առողջապահական սպառնալիքի հենքով արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ իսկ պահին «եթեր է մտնում», ասելու համար, թե… չի կատարելու երկրի խոշոր բուժկենտրոններից մեկի նախկին տնօրենից ներողություն խնդրելու վերաբերյալ դատարանի որոշումը, թերևս ավելիին ընդունակ չէ:

Արսեն Թորոսյանը մի հատ ձևական շնորհակալություն է ասում Նաիրա Զոհրաբյանին՝ «կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար», որից հետո արդեն անցնում է վիրավորելուն՝ կոռեկտությունից դուրս հայտարարություն անելով ԱԺ պատգամավորի, հանձնաժողովի նախագահի ներկայացրած կուսակցության հասցեին:

Արսեն Թորոսյանը մասնավորապես գրում է. «Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»:

Սա հենց այն է, ինչը կարելի է ոչ միայն բնորոշել, այլև ախտորոշել որպես անբուժելի ցինիզմ:

Առհասարակ, առողջապահության նախարարները կա՛մ բժիշկներ են եղել, կա՛մ առնվազն, ոլորտի կառավարման հետ շաղկապված մարդիկ: Բժիշկը թերևս ամենից մարդասիրական մասնագիտությունն է: Համենայն դեպս, այդպես է ընկալվում: Հիմա Արսեն Թորոսյանի խզբզոցը բարձրագույն կրթություն ստացած բժշկի՞ գրած է, թե՞ «դմփ-դմփ-հու» կատեգորիայի «քայլականի», թե՞ քննադատությունից ու մեղադրանքներից խռովածի: Ի՞նչ է, էլի, դա, ինքնաբնութագրակա՞ն:

Ի դեպ, «մեռած» քաղաքական ուժերի և ռեինկառնացիաների մասին: Արսեն Թորոսյանը ավելի լավ է մտածի իր ներկայացրած քաղաքականապես «ինքնասպանված» կազմակերպության և այն մասին, թե ինչ պատասխան է տալու այս կորոնամղձավանջի համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը