Կարծիք

03.07.2020 11:05


Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին

Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին

Երկրի քաղաքական օրակարգի` վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանին և դրա վերաբերյալ ընդունված օրենքը Հանրապետության նախագահի կողմից չստորագրվելու հայտարարությանը։

Այլ հրապարակմամբ կանդրադառնամ փոփոխությունների բովանդակությանը։ Սրանով փորձեմ կարճ անդրադառնալ Ազգային ժողովի կողմից արագընթաց կարգով հունիսի 30-ին ընդունված` Սահմանադրական դատարանի վերաբերյալ օրենքի կարգավիճակին։ Արդեն շատ է նշվել, որ ընդունված օրենքի ստորագրումն ու հրապարակումը, որից էլ բխում է դրա ուժի մեջ մտնելու հարցը, սահմանված է Սահմանադրության 129-րդ հոդվածով։ Որոշակիորեն կոնկրետացնելով այս հոդվածը` Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրել է, որ Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, ով, ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Հետևաբար, առանձնացնենք հետևյալ հարցադրումներն ու պնդումները.

1. Ազգային ժողովի նախագահը ուղարկե՞լ է, արդյոք, ընդունված օրենքը Հանրապետության նախագահին և ե՞րբ, քանի որ Հանրապետության նախագահի կողմից ձեռնարկման ենթակա գործողության ժամկետի հաշվարկը սկսվում է միայն ԱԺ նախագահի գրությունը ստանալուց հետո։ Տակավին հրապարակված չէ այս տեղեկատվությունը։ Նշվում է միայն, որ Հանրապետության նախագահը տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ օրենքը չստորագրելու իր մտադրության մասին։

2. Ի՞նչ իրավական հետևանք ունի Հանրապետության նախագահի կողմից ԱԺ նախագահին ուղղված այս տեղեկացումը։ Բացարձակապես ոչ մի իրավական հետևանք, քանի որ Հանրապետության նախագահի համար սահմանված է երկու լիազորություն՝ ստանալուց հետո 21-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը կամ դիմել Սահմանադրական դատարան։ Թե՛ Սահմանադրությամբ և թե՛ օրենքով այս ժամկետում Հանրապետության նախագահը չունի որևէ այլ լիազորություն, որը կոնկրետ իրավական հետևանք կունենա։ Իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը` որպես պետական մարմին ու պաշտոնատար անձ, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություն, որի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով։ Ուստի Հանրապետության նախագահի կողմից 21-օրյա ժամկետում ցանկացած հայտարարություն, տեղեկացում, գրություն, որն ուղղված չէ այս կոնկրետ գործողություններից որևէ մեկի իրականացմանը, այլ ոչ թե չիրականացմանը (անգործությանը), չի կարող հիմք հանդիսանալ Ազգային ժողովի նախագահի կողմից Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հնգօրյա ժամկետում օրենքը ստորագրելու և հրապարակելու իր լիազորությունը իրականացնելու համար։ Այլ խոսքով` ԱԺ նախագահի այս լիազորությունը առաջանում է որպես հետևանք Հանրապետության նախագահի կողմից սահմանադրական լիազորությունը (այս դեպքում՝ 21-օրյա ժամկետում օրենքը չստորագրելու, Սահմանադրական դատարան չդիմելու կամ սահմանադրական դատարան դիմելու պարագայում վերջինիս դրական որոշման առկայությամբ՝ հնգօրյա ժամկետում օրենքը չստորագրելու պարտականությունը) չիրականացնելու դեպքում։ Այս առումով ԱԺ նախագահը Սահմանադրության 6-րդ հոդվածի վերը նշված հիմքով չունի այլ լիազորություն։

Նաև նշենք, որ, ըստ էության, Հանրապետության նախագահի կողմից 21-օրյա ժամկետում օրենքը չստորագրելը կամ Սահմանադրական դատարան չդիմելը նշանակում է, որ նա չի կատարում սահմանադրական իր պարտականությունը, որի համար իրավական հետևանքները մի քանիսն են, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի՝ օրենքը ստորագրելու և հրապարակելու լիազորության առաջացումը, ինչպես նաև Հանրապետության նախագահին Սահմանադրությունը խախտելու համար օրինական պատասխանատվության կանչելը։

3. Անկախ վերը բերված ընթացակարգերից` Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության` օրինական ուժի մեջ չլինելը, ինչպես նաև դրանից բխող այլ իրավական ակտերի ընդունված չլինելը, արձանագրենք՝ նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը փոփոխված չէ և պարտավոր է աշխատել։ Սա նաև նշանակում է, որ ցանկացած ոտնձգություն կամ խոչընդոտ, որոնք ներկայումս ստեղծվում են Սահմանադրական դատարանի դատավորների, նրա նախագահի կամ փոխնախագահի համար, անհապաղ ենթակա են իրավապահ մարմինների միջամտությանը։ Այսինքն` ներկայումս դատարանի այն անդամները, որոնք չեն կարողանում ներկայանալ աշխատանքի, պետք է պահանջեն պետական մարմիններից, այդ թվում` իրավապահ, ապահովել իրենց` աշխատանքի ներկայանալու պատշաճ հնարավորությունները։ Սա նաև նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի, ինչպես նաև դատարանի մյուս 7 դատավորների մասնակցությամբ, պարտավոր է շարունակել իր աշխատանքը։ Այս իրավունքն ու պարտականությունը ամրագրված է թե՛ հայաստանյան օրենսդրությամբ և թե՛ միջազգային պարտավորություններով։

Այս իրավունքների խախտումը հիմք է նաև միջազգային կազմակերպությունների ուղղակի միջամտության համար, ներառյալ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ

Արծվիկ Մինասյան ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը