Մեկնաբանություն

03.07.2020 09:15


«Դոնը» բացում է խաղաքարտերը

«Դոնը» բացում է խաղաքարտերը

Տևական ժամանակ «ծյոմնի (тёмно) գնալուց» հետո Փաշինյանը վերջապես որոշել է բացել խաղաքարտերը և արդեն «ափաշքյարա» ձեռնոց է նետում Կրեմլին` Հ1-ի եթերը տրամադրելով նախագահ Պուտինի հակառակորդ, համոզված հայատյաց Նավալնիի հակապուտինյան քարոզին և հող ստեղծելով Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու համար։

Վերջնականապես հասկացել է, որ Մոսկվան չի հավատում իր արցունքներին, ու է՛լ չի պատրաստվում թաքցնել աշխարհաքաղաքական նախասիրությունները` ձևացնել, թե վարչապետ «գրվելուց» հետո խելքը գլուխն է հավաքել և կտրուկ փոխել «կողմնորոշումը»` թունդ արևմտամետից դարձել է թունդ ռուսամետ, և միակ բանը որի մասին երազում է` հայ-ռուսական հարաբերություններն ավելի քան երբևէ «փայլուն» դարձնելն է։

Որ դա պարզունակ սուտ էր և ճչացող երեսպաշտություն`աչք ունեցողը տեսնում էր, և ոչ միայն Հայաստանում` Մոսկվայում, Ստրասբուրգում, Բրյուսելում, Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանում. բոլոր մայրաքաղաքներում, որտեղ թեկուզ աչքի պոչով հետևում են մեծ աշխարհի մեր անկյունում 2018-ին սկսված և գլխապտույտ արագությամբ զարգացող «թավշյա ձևախեղափոխական բոլոլաներին»։ Բոլորի համար պարզ էր` ովքեր են իշխող քաղաքական աղանդի կադրերը, սորոսականներն ինչո՞ւ են նշանակվում առանցքային պաշտոններում, նշանակվում են, որ ի՞նչ անեն, ուժային ո՞ր կենտրոնների շահերն են սպասարկում։

Կրեմլում շատ հստակ գիտակցում էին` ուր է տանում Փաշինյանը երկիրը «հավերժական սիրո, բարեկամության և ռազմավարական գործընկերության» կարգախոսների ներքո, ու չէին վստահում ԵՏՄ-ից Հայաստանի «պորտը կտրելու» երբեմնի ջատագովի հավատարմության երդումներին։ Չէին կարող չհասկանալ` եթե մի գիշերում կտրուկ շրջադարձ արեց համընդհանուր «սիրո և համերաշխության», «ատելության և թշնամանքի էջը փակելու», «վենդետաներ չանելու» խոստումներից և երկիրը դարձրեց համատարած ատելության և թշնամանքի, քաղաքական ինքնադատաստանների, վենդետաների պատանդ, նույնը անելու է հայ-ռուսական հարաբերությունների հետ`դա ընդամենը ժամանակի հարց է։

Արևմուտքում էլ կույր չեն` գնահատում են և արժանին մատուցում Ռուսաստանից տարանջատվելու «թավշյա» նկրտումներին։ Դրա համար էլ մատների արանքով են նայում մարդու իրավունքների, ժողովրդավարության դեմ կոպտագույն ոտնձգություններին` աչքը չեն թարթում, երբ քայլարածները բոլշևիկյան «միաձայնությամբ»` 88-ից 88 ձայնով քվեարկում են (հակա)սահմանադրական հեղաշրջման` ՍԴ լիազորություններն ուզուրպացնելու միջոցով սահմանադրական կարգը տապալելու օգտին. շան տղա են, բայց իրե՛նց շան տղան են...

Իրանում էլ են հասկացել` ինչ երևույթի հետ գործ ունեն, և ցույց են տալիս` ինչ են մտածում այդ մասին։ Վկա` Իրանում Հայաստանի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ցույցը և Բաքվում ԻՀ դեսպանի «պաշտոնական» հանդիպումը «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ընտրյալ ներկայացուցչի» հետ։ Դե, իսկ Թուրքիայում և Ադրբեջանում գոհունակությամբ շփում են ձեռքերը` սպասելով իրենց ժամին։

Սահակաշվիլու դափնիները Նիկոլին հանգիստ չեն տալիս

Գինը, որ ազգովի վճարում ենք և դեռ վճարելու ենք Արևմուտքի «լոյալության» համար` աշխարհաքաղաքական այս «սալտո-մորտալեների» դիմաց, մեր անվտանգությունն է և Արցախի անկախությունը։ Հեռանկարում` Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն, լինել-չլինելու խնդիրը։

Սուտ-արևմտամետների նախասիրած պրոպագանդիստական թեզը, ինչպես գիտեք, հետևյալն է. Արցախի հարցի կարգավորման և տարածաշրջանային խաղաղության միակ խոչընդոտը Ռուսաստանն է։ Ռուսաստա՛նը չի ուզում` հարցը լուծվի, որովհետև Արցախյան թնջուկն է նրա միակ լծակը` պահպանելու իր ազդեցությունը տարածաշրջանում, ճնշում գործադրելու Ադրբեջանի և Հայաստանի վրա և պահելու իր «կրնկի տակ». բավակա՛ն է լուծել Արցախի հարցը, և Ռուսաստանն այլ ելք չի ունենա, քան «հավաքել իրերն» ու հեռանալ տարածաշրջանից։ Եվ այս «սևեռուն գաղափարի» առաջամարտիկը Նիկոլն էր` իր թերթով։

Հիմա, երբ «իրենից չկախված դժբախտ հանգամանքների բերումով» հայտնվել է իշխանության գագաթին, քայլ առ քայլ, սկզբում` «թաքուն», այժմ արդեն` բացահայտ, փորձում է կյանքի կոչել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ծրագիրը և... տարածաշրջանի «նայողի» դերը սահուն կերպով փոխանցելու Արևմուտքի «տեղապահ», ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային (որ ասում ենք` Թուրքիա, նկատի ունենք նաև Ադրեջանը. իրենք են, չէ՞, պատեհ-անպատեհ հիշեցնում «մեկ ազգ, երկու պետություն» անփոփոխ կարգախոսը)։

Այ, հենց այս «հովվերգական» հեռանկարն աչքի առաջ ունենալով էլ` Արևմուտքը, անգամ եթե շատ փող չի տալիս «հայկական Սահակաշվիլուն», ապա «քաղաքական և բարոյական» հզոր աջակցություն է ցուցաբերում` «այո» ասելով սրա բոլոր ամենաեղկելի` հակասահմանադրական, հակապետական, հակազգային ձեռնարկներին։

Սա է պատճառը, որ Միացյալ Նահանգների դեսպանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին` ինչպես հասկանանք ձեր քար լռությունն ու անտարբերությունը ՍԴ-Փաշինյան «հակամարտության» նկատմամբ, անվրդով ասում է. «Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության ջանքերին` գործել հայաստանցիների սպասումներին համապատասխան, որոնք կոչ են արել վերջ դնել կոռուպցիային, ունենալ թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության վրա հիմնված արդարադատության ոլորտ և նվիրվածություն մարդու իրավունքներին»։

Իսկ երբ լրագրողը համառում է, թե`լավ, մինչև ե՞րբ է քաղաքակիրթ աշխարհը հանդուրժելու Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ամենաբարձր մակարդակով իրականացվող քարոզչական, քաղաքական և քրեական հետապնդումները, շատ հանգիստ պատասխանում է. «Դեսպանատունը Հայաստանի ներկա քաղաքական մթնոլորտն այդ կերպ չի բնութագրում, հետևաբար, այս հարցի առնչությամբ հետագա մեկնաբանություն չունի»։

Այսքանից հետո պարզ է, չէ՞, թե Հայաստանի մեխի գլուխ նախագահն ինչու է ձեռքերը լվացել ՍԴ-ի «սեփականաշնորհման» գործընթացից, ինչ թուղթ դեմ են տալիս`ստորագրում է. չի դիմանում լույսը բացվի` գիշերվա կեսին «կնիքը դնում է», քաշվում «ղրաղ»։ «Լավագույն դեպքում» հրաժարվում է օրենքները և սահմանադրական փոփոխությունները ստորագրելու լիազորությունից` իր սահմանադրական պարտականություններն «ինքնակամ» զիջելով Նիկոլի մոտ Աժ խոսնակ աշխատող Արարատին։

Սա դավադրություն է Հայաստանի և Արցախի դեմ։ Եթե համակերպվենք այս իրավիճակի հետ և կորցնենք ամեն ինչ` մեղավորը մենք ենք լինելու...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը