Մեկնաբանություն

02.07.2020 13:35


Կդառնա՞ Փաշինյանը հայկական Սահակաշվիլի

Կդառնա՞ Փաշինյանը հայկական Սահակաշվիլի

Հենց սկզբից պատասխանեմ հարցին՝ ո՛չ, չի դառնա։ Չի դառնա ոչ թե այն պատճառով, որ չի ուզում, այլ որ չի կարող։

Ազգային անվտանգության տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարող է կրկնել ու դեռ մի բան էլ անցնել Միխայիլ Սահակաշվիլուն, ով հակառուսականության պատճառով տարածքներ կորցրեց։ Բայց միևնույն է Նիկոլը Միխո չի դառնա։

Միխոյին փողը տվեցին և օգտագործեցին, իսկ Նիկոլին օգտագործում են՝ առանց փողի։ Համաձայնեք, որ դա հսկայական տարբերություն է։

Հիմա ավելի մանրամասն։

«Թավշա» հեղափոխության հակառուսական շարժիչը

«Թավշյա» հեղափոխությունը սկսվեց Փաշինյանի հաճախորդական քայլերթով և ավարտվեց ամբոխավար իշխանության ձևավորմամբ։

«Թավշյա» գործընթացի թիվ մեկ և միակ շահառուն հայ ժողովուրդն էր։ Գոնե առերևույթ այդպես էր։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ էր։

Իրականությունն այն է, որ ժողովուրդն օգտագործվող մատերիալ է, հեղափոխության շահառուն Նիկոլն է՝ իր նեղ շրջապատով, իսկ փայատերը՝ սորոսաթուրքական շրջանակները, որոնք բազմաթիվ ներկայացուցիչներ ունեն խորհրդարանում, կառավարությունում, իրավապահ համակարգում և այլուր։

Նիկոլ Փաշինյանի իշխանության դրսի փայատերերը հետևյալ ակնկալիքներն ունեն «թավշյա» տղաներից ու աղջիկներից՝

1.վարել հակառուսական քաղաքականություն, փչացնել հայ–ռուսական հարաբերությունները, դուրս բերել ռուսական ռազմաբազան Գյումրիից, փլուզել ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն և, ի վերջո, նպաստել այս տարածաշրջանից Ռուսաստանի հեռացմանը,

2.Արցախի հարցը, ավելի ճիշտ՝ հարցերը լուծել Լևոն Տեր–Պետրոսյանի սիրելի փուլային տարբերակով,

3.նպաստել «թավշյա» հեղափոխության արտահանմանը դեպի ԵԱՏՄ տարածք,

4.քարոզել ավանդական ինստիտուտների դեմ (դասական ընտանիք, եկեղեցի) և տեղ տալ գեդոնիստական ու այլասերված արժեքների տարածմանը։

Գլխավորն այս կետերի մեջ հակառուսականությունն է կամ որ նույնն է՝ մեր տարածաշրջանում թուրքական դերի բարձրացում և թուրքական աշխարհի դոմինանտություն, քանզի ՆԱՏՕ–ն այս տարածաշրջանում գործում է բացառապես Թուրքիայի միջոցով։

Իսկ որ ռուսական ազդեցության թուլացումն ավտոմատ նշանակում է թուրքական դերի մեծացում, գործնականում ապացուցվել է Վրաստանի օրինակով։

Փաշինյանը՝ «ֆալշ» Սահակաշվիլի

Սորոսաթուրքական շրջանակներն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեսնում են հայկական Սահակաշվիլու, բայց ի տարբերություն վերջինիս, որն իր նախագահության շրջանում Արևմուտքից ստացավ համախառն 4,5 միլիարդ դոլարի ուղղակի աջակցություն՝ Փաշինյանին փող չեն տալիս և չեն տալու։

Սահակաշվիլին աշխարհաքաղաքական նախագիծ էր, որի իրականացման համար կար նաև որոշակի հանրային հենարան հակառուսականության մասով։ Հայաստանում հակառուսականությունը շատ արհեստական բնույթ է կրում և ունի կոմերցիոն ուղղվածություն, այսինքն՝ գրանտակերները պարզապես փող են աշխատում Պուտինին հայհոյելու դիմաց։

Փաշինյանը դեմ չէր լինի տնաբույծ Սահակաշվիլի դառնալ, բայց չի կարող, թեև փորձում է։

Նիկոլին սորոսաթուրքական շրջանակներն ասում են՝ նախ հակառուսական քայլերը, ապա նոր միայն փողի մասին խոսակցությունները։ Նիկոլը հակառակն է ուզում, բայց ամեն դեպքում հակառուսական վեկտորն առաջ է մղում։

Ամենավտանգավորն այն է, որ հակառուսական տարածքի է փորձ արվում վերածել Արցախը, որտեղ նախագահն ընդունում է սորոսաթուրքական ներկայացուցիչ և հակառուսական քարոզչության առաջամարտիկ Արման Բաբաջանյանին, որտեղ կարևոր պաշտոն են տալիս Ռուսաստան մուտքի թույլտվություն չունեցողին։ Բայց միևնույն է Նիկոլը վախենում է բացվել մինչև վերջ ու «տակից» է խաղեր տալիս։

Փաշինյանը Սահակաշվիլի չի կարող դառնալ, քանզի շատ լավ հասկանում է, որ դա կվնասի իր աթոռին, բայց դրսի փայատերերին հաշվետվություն տալու համար հակառուսական քայլերի գնում է՝ զուգահեռաբար անձնական կոմպլեքսները հաղթահարելու և գեղցիական մուռը հանելու համար։

Փաշինյանը «չինական» Սահակաշվիլի է։ Նա պատճեն է, որը հեռու է օրիգինալից, թեև գժություններով, էքսցենտրիկությամբ և հակապետական մտածողությամբ նույն դասին է պատկանում։

Թե ինչով ավարտվեց Սահակաշվիլու նախագահությունը և հակառուսականությունը, հայտնի է։ Ինչով կավարտվի Փաշինյանի վարչապետությունը և ինչ գին կնստի Հայաստանի վրա նրա սահակաշվիլիությունը, դժվար չէ կռահել։

Սա՞ էր ուզում ՀՀ քաղաքացին, երբ «Նիկո՛լ, վարչապե՛տ» էր գոռում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը