Մեկնաբանություն

01.07.2020 14:55


Լոքդաո՞ւն, լոխ-դաո՞ւն, նոկդաո՞ւն, թե՞ պարզապես նոկաուտ

Լոքդաո՞ւն, լոխ-դաո՞ւն, նոկդաո՞ւն, թե՞ պարզապես նոկաուտ

Փաշինյանական ուզուրպատորիայի ներկայացուցիչները, ասենք, ինքը՝ Փաշինյանն էլ մի քանի օր է, ինչ «արտակարգ դրության» ռեժիմը մի հատ էլ երկարաձգելու ցրցամ են տալիս: Առողջապահության նախարարն անգամ հպարտացավ վարակի հետևանքների ցուցանիշներով, բայց դա քիչ համարելով՝ մի հատ էլ փայլատակեց. «Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն»:

Ասել կուզի՝ կորոնավարակի հետ կապված կարանտինային խիստ պայմաններ են պետք, որ ապահովվեն ոչ թե տուգանքի սպառնալիքով, ոստիկանական կամայականությամբ կամ շրջիկ նյարդաբորբոքիչ-«պատեֆոնով», այլ, որ բոլորը ինքնակամ փակվեն տներում. ոչ մի տեղ չգնան, ոչ մեկի հետ չշփվեն, տնից ելնեն միայն ծայրահեղ անհրաժեշտության (հաց գնելու) նպատակով: Մի խոսքով՝ նորից ամեն ինչ «փակել», ամենայն խստությամբ մեկուսանալ, որին կարճ-կոնկրետ լոքդաուն են ասում:

Անկեղծորեն, սա ամենևին ծիծաղելի չէ: Մանավանդ, այս վարակային իրավիճակի ու դրա ողբերգական հետևանքների խորապատկերում. տասնյակ հազարավոր վարակվածներ ու ավելի քան 500 հայրենակիցների մահ: Սա, դեռ չհաշված տնտեսական անկումն ու սոցիալական տագնապն ու անորոշությունը: Չհաշված խնդիրները, որոնց ամեն օր բախվում են վարակված կամ վարակվելու կասկած ունեցող մարդիկ:

Այժմ՝ Հայաստանում վարակի տարածման 4-րդ ամսվա վերջերում խոսել «գիտակցված լոքդաունի» մասին մոտավորապես նույնն է, եթե որևէ զորավար ճակատամարտում ջախջախվելուց և բացարձակ պարտություն կրելուց հետո միայն սկսի... նախապատրաստվել արդեն տանուլ տված նույն այդ ճակատամարտին: Ըստ որում, կորոնավարակի դեմ պայքարում Արսեն Թորոսյանն ու իր ներկայացրած կառավարությունը պարտվել են բոլոր առումներով. գաղափարաքաղաքական (ռազմավարական), հետախուզական, պլանավորման-նախապատրաստական, մոբիլիզացիոն, ինտենդանտական, մարտավարական:

Ու այս ամենից հետո դեռ խոսում են, կներեք, ինչ-որ «գիտակցված լոքդաունից»: Իբր, պարտադրված մեկուսացման կամ կարանտինի առումով ամեն ինչ արել են, գիմա էլ, ուրեմն՝ գիտակցված տարբերակն է պետք կիրառել:

Արսեն Թորոսյանի այս հայտարարությունը նույն «երգացանկից» է, ինչ Փաշինյանի գլխավոր «հակավարակային» գիծը, այն է՝ կառավարությունն ամեն ինչ ճիշտ է արել, այդ անգիտակից ժողովուրդն է մեղավոր, որ վարակը այսպես ու այսքան տարածվեց: Դա իշխանական քարոզչաճամարտակների սիրած ծամոնն է, նախատեսված ոչինչ չտեսնող, «Ազատությունից» ու Փաշինյանի լայվերից բացի ոչինչ չլսող, փողին փող չասող, ամեն ինչով ապահովված, ամեն ինչ հալած յուղի տեղ ընկալող, ականջները քարոզչական մակարոնեղեն կախելու համար օգտագործող բացառիկ միամիտների համար:

Ներկա իրավիճակում, երբ կորոնավարակի տարածման առումով բանը բանից անցել է, երբ հասարակությունը, «սիրելի ժողովուրդը», ըստ էության մեն-մենակ են մնացել առողջապահական սպառնալիքի, տնտեսական ու սոցիալական խորացող խնդիրների առաջ, այս վիճակի գլխավոր պատասխանատուները այլ բան չեն կարողանում առաջարկել՝ անհեթեթ մեղադրանքներից, պիտակավորումից ու «արտակարգ դրության» ռեզինը ձգելուց բացի:

Ի դեպ, «արտակարգի» ու հատկապես ռեզինի մասին: «Պատգամավորերեն» ասած՝ դա այնպիսի մի բան է, որ եթե շատ ես ձգում ու թողնում, կարող է թռցնել: Մարդ ես, միգուցե երեխա ժամանակ ոչ միայն հեծանիվ, այլև պարսատիկ չեք ունեցել: Իշխանության ղեկին հայտնվածների մոլորությունն այն է, որ կարծում են, թե իրենք առնվազն ռեզինն են: Ոչ, տիարք, դուք պարսատիկի քարի դերում եք:

Լոքդաունի մասին: Արցախի բարբառով, թերևս ավելի տեղին կհնչի «լոխ-դաուն» տարբերակը: Լոխ, այսինքն՝ ամեն ինչ, ամենի, բոլորի «փակում», մեկուսացում: Այսինքն, մի բան, որ պետք էր անել 4, եթե ոչ 5 ամիս առաջ, երբ վարակը դեռ չէր ներթափանցել կամ նոր էր մտել Հայաստան:

Իսկ հիմա, երբ, պատկերավոր ասած՝ Հայաստանը կորոնավարակային նոկդաունի մեջ է, կռվից հետո բռունցքներ ճոճելը ոչ միայն անտեղի է, այլև խղճուկ տպավորություն է թողնում:

Միակ ճիշտ քայլը, որ այս կառավարությունը կարող է դեռևս անել, կլինի ինքնակամ հեռացումը, եթե իհարկե, իրենց գլխավոր ցանկությունը կամ նպատակը Հայաստանի համընդհանուր նոկաուտը չէ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը