Մեկնաբանություն

01.07.2020 20:10


Խրոխտ պիղատոսություն՝ նախագահականի բլանկով կամ Արմեն Սարգսյանի շարունակական ինքնաոչնչացումը

Խրոխտ պիղատոսություն՝ նախագահականի բլանկով կամ Արմեն Սարգսյանի շարունակական ինքնաոչնչացումը

Կարելի է անդադար նայել երեք բանի. ինչպես է հոսում ջուրը, այրվում կրակը և... ինչպես է «նախագահ» Արմեն Սարգսյանը լվանում լիազորությունից ինքնազրկած ձեռքերը: Ճիշտ է, ՀՀ «պետության գլուխ» Արմեն Սարգսյանը Պոնտացի Պիղատոսը չէ (նա գոնե անհատականություն էր), առավել ևս, առաջին «ձեռքեր լվացողը» չէ: Ճիշտ է, Արմեն Սարգսյանն, ի տարբերություն բնօրինակի, հաճախակի է «ձեռքերը լվում», ցանկացած հարմար առիթով, նույնիսկ՝ անառիթ: Երևի պարետաց պարետի ցուցումներն են ազդել: Ինչևէ:

Երեկ լրահոսը մի պահ դղրդաց հնչեղ վերնագրից, թե՝ «Արմեն Սարգսյանը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները»: Ոմանք, ոչ այնքան լավատեղյակ լինելով այդ ամենի նրբերանգներին, նույնիսկ մի պահ զարմացան, միգուցե մտքներով անցկացրեցին, թե՝ չլինի՞, նախագահի պաշտոնն զբաղեցնողի մոտ վերջապես արժանապատվության ու զբաղեցրած բարձր պաշտոնին համապատասխանելու միակ բջիջն է վերակենդանացել: Մինչդեռ, իրականում Արմեն Սարգսյանի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հերթական պիղատոսություն:

Ըստ կարգի, ՀՀ նախագահն ԱԺ ընդունած օրենքը կա՛մ պետք է 21 օրվա ընթացքում ստորագրի, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան (եթե խնդիր է տեսնում Սահմանադրությանն այդ օրենքի համապատասխանության հարցում): Բայց եթե նա ո՛չ մեկն է անում, ո՛չ էլ մյուսը (չի ստորագրում, չի դիմում ՍԴ), ապա օրենքը կարող է հնգօրյա ժամկետում ստորագրել ԱԺ նախագահի պաշտոնական կարգավիճակ ունեցողը, տվյալ դեպքում՝ Արարատ Միրզոյանը:

Սրանք այն հանգամանքներն են, որոնք առավել ընդգծում են խրոխտության դիմակով հանրությանը հրամցվող հայտարարությունը, թե բա՝ չեմ ստորագրի: Սա ավելի շուտ նման է հանրահայտ, մորուսակիր անեկդոտային այն իրավիճակին, որ ասում է. «Տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գա»:

Իրականում Արմեն Սարգսյանը, բիսեդկայի «բլոտիստների» հանգույն, «իշմար», նույն ինքը՝ նշան կամ «մեսսիջ» է հաղորդում իր քաղաքացիության տեղեկանքն ստուգելուց հետո իրեն «գործի վերցրած» նոր տերերին, թե՝ կարող եք 21 օր չսպասել ու ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին այդ օրենքը, և այն մտնի ուժի մեջ:

Չմոռանանք հիշեցնել, որ սա այն փոփոխությունն է, որն անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերջապես կարողանա անցնել իր վարդագույն մտասևեռում-կապրիզի իրականացմանը, այն է՝ Սահմանադրական դատարանի կազմը կամայականորեն և հակաօրինական ճանապարհով փոխելուն: Բայց Արմեն Սարգսյանը, հայտարարելով, թե չի ստորագրելու ներկայացված օրենքը, «խոճկոր է դնում» Փաշինյանի «քայլի» տակ, այսինքն՝ ներքաշում է ևս մեկ օրինախախտում կատարելու ծուղակի մեջ:

Բանն այն է, որ չստորագրելու մասին Արմեն Սարգսյանի հայտարարելը դեռ մի կողմ, ամեն դեպքում, պետք է մի 21 օր սպասել, որ հետո ԱԺ նախագահն ստորագրի, և օրենքը գոնե սահմանված ընթացակարգերով ուժի մեջ մտնի: Իսկ այսպես Արմեն Սարգսյանը կարծես «հրավիրում» է «քայլական» մեծամասնությանը, որ 21 օր չսպասեն և ափալ-թափալ ստորագրեն հիշյալ փոփոխությունները:

Հարկավ, ինչ-որ տեղ ծիծաղահարույց է այս «մուկնուկատու» խաղը, քանզի ձի գողացողի ձեռքը ձու գողանալիս չի դողա: Այսինքն, իբր մնացած ամեն ինչը օրենքո՞վ էին արել, որ մի հատ էլ այստեղ ինչ-որ ընթացակարգ-մընթացակարգի հետևեն: Կդնեն ու կստորագրեն: Անգամ կարող է ոչ թե ԱԺ նախագահը, այլ մեր ժամանակների իրավագիտանց իրավագետ, օրենսգիրաց օրենսգիր Հովակիմյան Վահագնը ստորագրել: «Պադումայե՜շ», մեծ բան չէ: Առավել ևս, եթե համարենք, որ Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը մեր երկրում արդեն գետնին են նետված՝ փաշինյանական իշխանության կողմից:

Այս ստորագրելիք փոփոխության մանրամասնություններն էլ են, գիտե՞ք, խիստ խնդալու: Մի ամբողջ իշխանություն՝ իր «քայլապետերով», արդարադատության նախարարով, պարգևավճարվող «քայլական» մեծամասնությամբ, ան-իրավապաշտպաններով-բանով մի ամբողջ տարի վրա են տալիս Սահմանադրական դատարանի վրա, հանրաքվե են նախաձեռնում, հետո՝ հեչ են անում, հետո Սահմանադրություն են «կարկատում»: Բայց այնքան ապաշնորհ ու, կներեք, փնթի են, որ այդ ամենից հետո, այն էլ՝ կողքից ընդդիմախոսների՛ հուշելուց հետո են իմանում, որ իրենց մտածածը չեն կարող անել, մինչև «ՍԴ մասին» օրենքն էլ չկարկատեն կամ չտրորեն:

«Վա՜յ...,-ասում են նրանք ու,-էրեխեե-ե՜ք, շուտ վերադարձեք ԱԺ նիստերի դահլիճ... Չէ, «կլասիկ» չենք չփխելու, էս մի օրենքը մոռացել ենք, դա էլ պիտի ուտե..., էէ՜-հ, փոխենք»:

Լավ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ եթե իրենց ընկալմամբ հույժ կարևոր բաներն են այդպես պլանավորում ու իրականացնում, հապա ի՞նչ կարելի է ակնկալել նման «գործիչների» կողմից պետության կառավարման շատ ավելի բարդ խնդիրների լուծման դեպքում: Ասենք, բոլորս էլ ենք կորոնավարակային այս մղձավանջի մեջ, որը մեծապես փաշինյանական իշխանության հականվաճումն է:

...Իսկ Արմեն Սարգսյա՞նը: Իսկ Արմեն Սարգսյանն՝ ի՞նչ: Ինքն իր հունով, իր կամքով անխռով ինքնաոչնչանում է, էլի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը