Մեկնաբանություն

01.07.2020 08:00


Արուսիկը` «հրաշքների աշխարհում»

Արուսիկը` «հրաշքների աշխարհում»

Քայլարած երեսփոխան(ուհի)ներից մեկը, որին չեմ ճանաչում (չեմ էլ ուզում ճանաչել` ինկուբատորի ճտերի պես նման են իրար. «все на одно лицо», ինչպես ասում են) ծանր է տարել, որ «տեղից վեր կացողն» իրենց մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու` Սահմանադրական դատարանի իշխանությունը յուրացնելու միջոցով հակասահմանադրական հեղաշրջում իրականացնելու մեջ, ու որոշել է հակադարձել ընդդիմախոսներին։

Շեֆի ոճով հաթաթայախառն մի գրառում է շրխկացրել իր ֆեյսբուքյան էջի «ճակատին», թե բա` «Ամեն անգամ, երբ կորոշեք խոսել սահմանադրական կարգի տապալումից, հարգելի սիրելիներ և սիրելի հարգելիներ, հիշե՛ք այս ցուցակը։ Այս ցուցակը և 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա ձեր դիրքորոշումը, որով նախ հավանության արժանացրեցիք ներկայումս ամբաստանյալ` այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյանի Արտակարգ դրություն հայտարարելու մասին մեղմ ասած վիճելի հրամանագիրը, և ապա քվեարկեցիք Ազգային ժողովի անունից մի խայտառակ հայտարարության օգտին, որը դատապարտում էր «Մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից», ինչպես նաև «անհրաժեշտ եւ իրավաչափ» էր համարում արտակարգ դրության հայտարարումը։ Եվ ուրեմն, ով խոսա սահմանադրական կարգի տապալումից, դուք խոսեք տանձից ու խնձորից։

Մի բան լավ է։ Վերջապես հասկացել եք, որ այսուհետ օրենքի առաջ բոլորն են հավասար, ու որ բոլորն են պատասխան տալու իրենց ԲՈԼՈՐ արածների համար։

Իսկ պատասխան տալու ժամանակը նոր չէ, որ գալու է։ Այն արդեն եկել է, դիմավորե՛ք»։

Կից ներկայացված ՑՈՒՑԱԿՆ էլ, ինչպես կռահում եք, ինչ-որ գաղտնի արխիվներից պեղած-հանած հույժ կոնֆիդենցիալ մի բան չէ. 2008թ. մարտի 1-ի գիշերը Երևանում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին նախագծին կողմ քվեարկած պատգամավորների ցանկն է, որոնց մեջ, բնականաբար, կան նաև ԲՀԿ-ականներ։

Խեղճ աղջիկը երևի չի լսել անմեղության կանխավարկածի մասին։ Չգիտի, որ մարդը անմեղ է համարվում, քանի նրա մեղքը չի ապացուցվել և չի «ամրագրվել» մեղադրական դատավճռով։ Մտքով անգամ չի անցկացնում, որ որևէ մեկը, հատկապես բարձրաստիճան պաշտոնյան, ինչպիսին ինքն է և քայլո-չալոների «երգչախմբի» մյուս սոպրանոներն ու տենորները, իրավունք չունի ուղղորդել դատավորին`հրապարակային գնահատականներ տալով «ամբաստանյալի կարգավիճակում գտնվող» անձին վերագրված «հանցավոր գործողություններին» (նկատե՞լ եք` ի՜նչ էնտուզիազմով, խանդավառությամբ, խանդաղատանքով են «արձանագրում» Ռոբերտ Քոչարյանի՝ ամբաստանյալի աթոռին նստած լինելու հանգամանքը. Ալիևն այնքան ոգևորված չէ այդ դարակազմիկ «փաստից», ինչքան իրենք)։

Ինքն է ասում, չէ՞, հրամանագիրը, որով նախագահը կանխեց Նիկոլ Տապոռիչի թեթև ձեռքով սկսված բռնի հեղաշրջումը և թույլ չտվեց, որ զանգվածային խժդժությունները վերաճեն քաղաքացիական պատերազմի, «վիճելի» է։ Այսինքն` հիմնավորված չէ դատարանում հաստատված առարկայական փաստերով ու հիմնավոր փաստարկներով։ Եվ ուրեմն, ով ինչի մասին խոսի, ինքը լավ կանի` տանձից ու խնձորից խոսի։

Վատ չի լինի, որ մեկ-մեկ էլ Սահմանադրություն կարդա, թերթի 2005թ. ընդունված Սահմանադրությունը, ծանոթանա նախագահի լիազորություններին և արտակարգ դրություն հայտարարելու ընթացակարգին։ Մեկ էլ տեսար` ուղեղին տեղ արեց, որ նախագահն ինչ արել է, Սահմանադրության և օրենքի տառին համապատասխան է արել` իր սահմանադրական իրավասությունների և պարտականությունների շրջանակներում։

Ազգային ժողովն էլ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով քննարկել է և քվեարկությամբ հավանություն տվել փաստաթղթին, որի մեջ ինքն ու քաղաքական հավկուրությամբ տառապող իր խմբապետիկները «սահմանադրական կարգի տապալման» հատկանիշներ են տեսնում։ Ոչ թե «կացինն» առած` ընկել են Սահմանադրության, օրենքների «ջանին», ու տո՛ւր թե կտա՛ս. արնակալած աչքերով` ոչինչ չտեսնելով, ո՛չ մի բանի առաջ չկանգնելով`և՛ աջ են կտրում, և՛ ձախ, հա՛մ վերևից, հա՛մ ներքևից, կատաղորեն ոտքի տակ տալիս Սահմանադրությունն ու տրորում` ինչպես կարող են։

Իհարկե, հավանականությունը, թե կարող են սթափվել, դուրս գալ խեղափոխական էյֆորիայից ու բաց աչքերով նայել իրականությանը` հասկանալ, որ «ոտքից գլուխ շուռ տված» աշխարհը, որտեղ մածունը սև է, սևը`սպիտակ, սպիտակը` սև, դասալիքը` հերոս, հերոսը` դավաճան, դավաճանը` հայրենասեր, պարկեշտ մարդը` սրիկա, խաբեբան` օրինականության և արդարության էտալոն, խուլիգանը` «հեղափոխության պահապան», արդարադատություն իրականացնող դատավորը` «վնգստացող», վնգստացողը` «սրտի դատավոր», սահմանադրական կարգ պաշտպանելը` սահմանադրական կարգի տապալում, սահմանադրական կարգ տապալելը` խաղուպար, Բաբկեն Թունյանի հարևան անգրագետ Պողոսն ու նրան հավասարեցված սահմանադրախախտ պատգամավորը` սահմանադրագետ, խելացնոր ինքնակոչ «առաջնորդն»` ազգի փրկիչ, կապ չունի իրականության հետ...

Մի բանում պետք է համաձայնեմ գործընկերների վրա մատ թափ տվող քայլարածուհու հետ։ Այո, «բոլո՛րն են պատասխան տալու իրենց ԲՈԼՈՐ արածների համար», և պատասխան տալու ժամանակը գալիս է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը