Մեկնաբանություն

30.06.2020 17:20


Իսկ քանի՞ հիվանդ կբուժվեր Վահե Գրիգորյանին բյուջեից վճարված միջոցների հաշվին

Իսկ քանի՞ հիվանդ կբուժվեր Վահե Գրիգորյանին բյուջեից վճարված միջոցների հաշվին

Երկրի ներկայիս քաղաքական իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի և «իրքայլի» կողմից Սահմանադրական դատարանի վրա իրականացրած հարձակման երևի միակ դրական կողմը (մեծ վերապահումով, իհարկե), այն է լինելու թերևս, որ 2019թ. մայիսի վերջին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը վերջապես կսկսի կանոնավոր հաճախել աշխատավայր, նաև ՍԴ դատավորի գործառույթներին համապատասխանող գործերով կզբաղվի: Կարճ ասած՝ գործի կգնա, գործ կանի: Մի բան, որ հազարավոր հրապարակումների ու վկայությունների համաձայն, չի արել ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, անցած մեկ տարի և 1 ամիս ժամանակահատվածում:

Սա հանրահայտ և բազմիցս արծարծված թեմա է նաև այն պատճառով, որ այդ 1 տարի և 1 ամսվա ընթացքում Վահե Գրիգորյանը՝ Փաշինյանի իշխանության կողմից, ըստ էության ՍԴ դատավոր նշանակված անձը, կանոնավոր շարունակել է աշխատավարձ ստանալ: Ասենք, ինչո՞ւ միայն աշխատավարձ: Նա նաև բազմիցս պարգևատրումներ է ստացել, ավելին՝ պետական միջոցների հաշվին ծառայողական մեքենա և դրա շարժի համար անհրաժեշտ ավելի քան 1000 լիտրի կամ ավելի քան 1 տոննա բենզինի կտրոնով է ապահովվել:

Թե առհասարակ ինչպես են մարդիկ անվանում անձանց, որ աշխատունակ, գործունակ լինելով ոչինչ չեն անում, բայց աշխատավարձ են ստանում, գիտեք: Այդ տեսակի անձանց, սովորաբար, անվանում են ձրիակեր: Ի դեպ, Խորհրդային Միությունում դա քրեորեն հետապնդելի արարք էր: Եվ հետապնդում էլ էին:

Դե, մենք ոչ թե խորհրդային ժամանակներում ու երկրում ենք ապրում, այլ «թավշյա» ժամանակների «նոր Հայաստանում»: Այստեղ նման վարքը նաև խրախուսվում է, կարելի է ասել, վկա՝ ահռելի չափերի հասնող պարգևավճարումները:

Համենայն դեպս, Փաշինյանի իշխանությունը որքան ագրեսիվ է տրամադրված ՍԴ դատավորների դեմ, նույնքան սիրալիր է իր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի նկատմամբ: Բայց դա դեռ դնենք մի կողմ:

Որքա՞ն աշխատավարձ է ստացել Վահե Գրիգորյանը այս մեկ տարի ու մեկ ամսում: Որքան հայտնի է, ՍԴ դատավորի աշխատավարձի չափը 790 հազար դրամ է: Դա, այսպես ասած՝ «կեղտոտ» դրույքաչափն է, այսինքն՝ չհարկված: Բայց մենք այն կվերցնենք, քանզի հենց այդքանն է հատկացվում պետբյուջեից (այսինքն, այն, ինչ հատկացվել է, այլ ոչ թե միայն այն, ինչ Վահե Գրիգորյանն ստացել է` որպես աշխատավարձ, հարկերը պահելուց հետո):

Դիտարկվող ժամանակահատվածում (13 ամիս) ստացվում է, որ ՍԴ «թավշյա» դատավոր-ներկայացուցչի աշխատավարձի համար պետբյուջեից հատկացվել է մոտ 10 միլիոն 300 հազար դրամ, որը նա, հարկերի հաշվարկումից հետո, ինչպես ասվեց, ստացել է: Բացի այդ, 2019 թվականի ընթացքում, ըստ բաց աղբյուրներում եղած տեղեկատվության, Վահե Գրիգորյանին նաև մի քանի անգամ պարգևավճար է տրամադրվել` ընդհանուր մոտ 1 միլիոն 750 հազար դրամի չափով: Այստեղ կարելի է ավելացնել 1000 և ավելի լիտր բենզինի համար պահանջվող ծախը, ասենք, մի 400 հազար դրամ էլ դրա համար: Հանրագումարում ստացվում է բավականին տպավորիչ գումար, մոտավորապես 12,5 միլիոն դրամի կարգի: Կես միլիոնը կլորացնենք նվազման ուղղությամբ, թող լինի՝ 12 միլիոն դրամ:

Այսինքն, այդ կարգի ծախս է 1 տարվա ընթացքում պետական միջոցներից արվել՝ ՍԴ կոնկրետ այդ՝ ըստ էության չաշխատած դատավորին պահելու նպատակով:
Հարց է ծագում, իսկ որքա՞ն գումար է նույն պետական միջոցներից ծախսվում կորոնավիրուսով վարակված 1 հիվանդի բուժման, բուժհիմնարկում պահելու և բուժօգնություն ցուցաբերելու համար, ներառյալ, իհարկե, թեստավորումները:
Նման կոնկրետ թվային տվյալ չկա:

Ի դեպ, սա էլ է, գիտե՞ք, շատ հետաքրքիր: Անհայտ ու անհասկանալի է, թե պետությունն ի՞նչ գնով է ձեռք բերում կորոնավարակի թեստերը, բյուջեից որքա՞ն գումար է ծախսվում այդ նպատակով: Ինչո՞ւ նման բաց-թափանցիկ, հրապարակային պաշտոնական տվյալներ չեն հրապարակվում: Ինչո՞ւ է թեստավորումը վճարովի, կոնկրետ մասնավոր բուժհիմնարկներում որքան հայտնի է, 20 հազար դրամ է թեստավորման գինը: Առհասարակ, Հայաստանում, որ ամենաբարձր վարակվածության ցուցանիշներին է հասել, ինչո՞ւ պիտի այդ թեստավորումն անվճար, այսինքն՝ պետպատվերով չլինի ընդհանրապես: Ինչևէ:

Մինչ այժմ շրջանառված տեղեկությունները թույլ են տալիս նշել, որ կորոնավարակով 1 հիվանդի բուժման և բուժսպասարկման համար ծախսը տատանվում է 150-350 հազար դրամի միջակայքում: Խոսքը հիվանդանոցային պայմաններ պահանջող ոչ շատ ծանր դեպքերի մասին է: Ծանր վիճակում գտնվող հիվանդի համար պահանջվող ծախսն, իհարկե ավելի բարձր է, մոտ 1 մլն դրամ:

Դժվար չէ վերցնել հաշվիչն ու թեթևակի գումարում-հանում-բազմապատկում-բաժանում անել:

Ըստ այդմ, միայն Վահե Գրիգորյանի «պահպանման» համար պետբյուջեից կատարված մոտ 12 մլն դրամ ծախսի հաշվին հնարավոր կլիներ ապահովել կորոնավիրուսով 35-ից մինչև 80 վարակված հայրենակցի բուժման ու բուժսպասարկման կամ էլ ծանր վիճակում գտնվող 12 հիվանդ հայրենակցի բուժսպասարկման ծախսերը:

Նույնիսկ, եթե 5 կամ 6 վարակակրի բուժման համար այդ գումարը բավարար լիներ, էլի դա շատ ավելի կարևոր է, քան բովանդակային առումով ձրիակերության խթանումը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը