«Քայլական» պատգամավորներն օրենքից դուրս են, բայց օրենքից վեր չեն
Արդեն հայտնի է, որ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ վարակված են նոր կորոնավիրուսով: Մեկը չի, երկուսը չեն: Ըստ որում, ոչ միայն իշխանության հայտնված «քայլական» մեծամասնությունից են, այլ նաև այլ խմբակցությունների ներկայացուցիչներ կան վարակվածների շարքերում: Բոլոր վարակվածներին, անձնապես, իհարկե, շուտափույթ առողջացում ենք մաղթում:
Ի վերջո, հաշված օրերի ընթացքում կորոնավիրուսից ազատվելու Փաշինյանի «հրաշագործ բուժման» օրինակը կա: Գուցե դա նաև իշխանական մյուս «սրբերի» դեպքո՞ւմ էլ աշխատի:
Ամեն դեպքում բավականին հիմնավոր կասկածներ կան, որ ԱԺ պատգամավորները, հատկապես «քայլական» մեծամասնության ներկայացուցիչները կարող են վարակված լինել կամ վարակվել են Սահմանադրական դատարանի վրա հարձակման վերջին արարի՝ արտահերթ նիստով Սահմանադրությունն անշնորհք կտրտել-կարկատելու ընթացքում: Ավելին, դժվար է համոզված լինել, որ վարակվածները չեն իմացել վարակված լինելու մասին, սակայն իրենց քաղաքական (կուսակցական) ղեկավարության պահանջով ստիպված են եղել մասնակցել ԱԺ այդ նիստերին՝ դառնալով նաև այլոց վարակելու պատճառ կամ առնվազն ստեղծելով նման լուրջ վտանգ:
Ի՞նչ է հուշում այս ամենը:
Իսկ այս ամենը հուշում է, որ երկիրը վարակային մղձավանջի մատնած, ու չնայած դրան՝ աներեսաբար ու անամոթաբար շարունակ վարակի սպառնալիքից ճամարտակող, տուգանքով դիմակ պարտադրող, շրջիկ բարձրախոսով բնակելի թաղամասերի բնակչության նյարդերի ու անդորրի վրա ազդող Փաշինյանն իրականում թքած ունի առողջապահական կամ վարակի տարածման հետ կապված խնդիրների վրա: Այնքան, որ հանուն անհրաժեշտ 89 ձայնն ապահովելու՝ կարող է վտանգի տակ դնել խորհրդարանի մանտավորների, նույնիսկ իրենը համարվող «քայլական» թիմի ներկայացուցիչների առողջությունը:
Սա, իհարկե, մի առանձնահատուկ նորություն չէ: Կառավարչապետը, որ երկիրը վերածել է հիվանդանոցի՝ բաց երկնքի տակ, որ վարակի ներթափանցման օրերին միտինգներ էր անում, դեռ մնացածը չհաշված, հազիվ թե նման «մանրուքներ» նկատի ունենա, ինչպիսին է մարդու առողջությունը: Մանավանդ, եթե սեղանին դրված է իր մտասևեռման՝ Սահմանադրական դատարանն ամեն գնով «գրավելու» հարցը:
Բայց այս ամենի հետ կապված նաև այլ հարցեր են ծագում:
Այն, որ «քայլական» պատգամավորներն ու առհասարակ իշխանության կողմնակիցներն ու «Նիկոլի վկաները» իրենց օրենքից դուրս են կարծում, այնքան ակնհայտ է, որ երևի միայն անդառնալիորեն «պողոսացածները» չեն տեսնում, մեկ էլ՝ «թավշանորացված» գլխավոր դատախազը:
Սակայն ամեն դեպքում, նաև՝ անկախ այն բանից, թե իրենք ինչ են կարծում, նրանք օրենքից վեր չեն: Մանավանդ, եթե դա իրենց իսկ ընդունած օրենքն է: Խոսքը կոնկրետ ՀՀ Քրեական օրենսգրքի 124.1 և 277.1 հոդվածների մասին է՝ կորոնավիրուսով վարակելը և արտակարգ դրության պայմանները, ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելը:
Վերջերս հենց «քայլականների» նախաձեռնությամբ Քրեական օրենսգրքում կատարված այս լրացումները, ավելի ճիշտ դրանցով նախատեսված արարքների հատկանիշները կարծես թե առկա են: Համենայն դեպս, կան հիմնավոր կասկածներ:
Դրանից հետևում է, որ Հատուկ քննչական ծառայությունը, անկախ ամեն ինչից, պարտավոր է քննության գործընթաց սկսել: Մասնավորապես, պետք է պարզել. վարակված պատգամավորները ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են վարակվել, արդյոք նրանք չե՞ն իմացել վարակված լինելու մասին և միտումնավո՞ր չեն թաքցրել այդ տեղեկությունն ԱԺ մյուս պատգամավորներից, նաև՝ աշխատակազմի անդամներից, մարդկանցից, ում հետ շփվում են:
Հիմնավոր կասկածներն է՛լ ավելի են խորանում նաև այն պատճառով, որ չնայած հաստատվել է, որ ԱԺ պատգամավորների շրջանում վարակ կա (ըստ որում, վարակվածների հետ նույն դահլիճում նիստի մասնակցածներն առնվազն կոնտակտավոր են և պետք է ստուգվեն), Փաշինյանը նրանց «քշում» է նոր նիստերի՝ Սահմանադրության փնթի ու զըռ-կարմիր լաթերով արած «կարկատանները» շպարելու, պետական իշխանության ուզուրպացումն ամբողջացնելու նպատակով:
Ու ընդհանրապես, եթե ինչ-որ տաքսու վարորդի դեմ գործ են հարուցում վարակված վիճակում աշխատելու համար, ապա վարակված պատգամավորների նկատմամբ առնվազն քննություն պետք է իրականացվի, իսկ հիմնավոր կասկածները հաստատվելու դեպքում՝ օրենքը կիրառվի ամբողջ խստությամբ, դեռ մի բան էլ ավելին: Այսինքն, ոչ թե տուգանքի սանկցիան կիրառվի, այլ կալանքի: Թող գնան ու մեկուսանան: Ավելի ճիշտ՝ մեկուսացվեն:
Եվ, մարդասիրական նկատառումներից ելնելով, հատկապես «քայլական» մանդատակիրներին ուղղված հուշում. հիշե՛ք, որքան էլ դուք կոխկրտեք օրենքները, ձեզ համարեք օրենքից դուրս (քրեական, թե՝ բարոյական), դուք օրենքից վեր չեք: Որքան էլ ոտքի տակ գցեք օրենքները, դուք ոչ թե օրենքից վեր եք, այլ ուղղակիորեն պատասխանատվության տակ: Ու որքան շարունակեք օրենքները տրորել, այնքան միայն ավելացնելու եք պատասխանատվության բեռը: Չնայած, արդեն այնքան եք ավելացրել, որ բարոյաքաղաքական ճողվածք եք ստացել:

Արմեն Հակոբյան