Կարծիք

27.06.2020 12:40


Համավարակի գերեվարած տնտեսությունը

Համավարակի գերեվարած տնտեսությունը

Վերջին տասնօրյակում համաշխարհային տնտեսական մամուլը քափուքրտինք կտրած տնտեսական կանխատեսումներ էր հրապարակում: Բոլորը փորձում էին սեփական կանխատեսումներ հրապարակել Արժույթի միջազգային հիմնադրամից առաջ: ԱՄՀ-ն նախորդ կանխատեսումը հրապարակել էր ապրիլի 14-ին: Այնտեղ ասվում էր, որ սկսված կրճատում-ռեցեսիան ամենախորն է Մեծ ճգնաժամից (1929-39թթ․) հետո: Ենթադրվում էր, որ աշխարհի քանակով 157 երկրում տնտեսական անկում կարձանագրվի: Համաշխարհային տնտեսության անկումը այն ժամանակ գնահատվում էր 3 տոկոս:

Հունիսի 24-ին հրապարակված կանխատեսումն ավելի խոր ռեցեսիա է ենթադրում` 4.9 տոկոս: Միանգամից ասենք, որ տնտեսական հեղինակավոր պարբերականների կանխատեսումները լայն իմաստով համընկան ԱՄՀ գնահատականների հետ: Ռեցեսիայից հետո 2021-ին տնտեսության վերականգնումը, ըստ նոր կանխատեսման, ավելի դանդաղ կընթանա և առնվազն 0.4 տոկոսով պակաս կլինի (կկազմի 5.4 տոկոս), քան ենթադրվում էր: Աշխարհի խոշոր տնտեսություններից ամենամեծ անկումը կարձանագրի ԵՄ-ն` 10.2 տոկոս (նախորդ հաշվարկի համեմատ ավելացել է 2.7 տոկոսային կետ):

ԵՄ անդամ երկրները, ըստ կանխատեսման, կրճատման տարբեր ծավալներ կունենան: Խոշորներից «ամենահաջողակը» Գերմանիան է` տնտեսությունը կկրճատվի 7.8 տոկոսով: Ամենախոր ռեցեսիան կարձանագրվի Իտալիայում և Իսպանիայում՝ 12.8-ական տոկոս: Ֆրանսիայի ցուցանիշը մի փոքր մեղմ է` 12.5 տոկոս: Մեծ Բրիտանական տնտեսության կրճատումը, ըստ ԱՄՀ-ի կազմելու է 10.2 տոկոս: ԱՄՆ-ի համար կանխատեսվում է 8 տոկոսանոց անկում, Կանադայի համար` 8.7: Հարավային Ամերիկայի ընդհանուր անկումը կանխատեսվում է 9.4 տոկոս:

Ընդգծենք` ԱՄՀ կանխատեսման մեջ նշվում է ընդհամենը մեկ երկիր, որի տնտեսությունը չի կրճատվելու: Ավելին, համեստ` մեկ տոկոսի չափով աճ է արձանագրելու: Խոսքը Չինաստանի մասին է: Մեր հարազատ Մերձավոր արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրների ռեցեսիայի միացյալ ցուցանիշ հաշվարկված է 4.7 տոկոս (2021թ․ համար կանխատեսվում է 3.3 տոկոսանոց աճ): Ցավոք, ԱՄՀ կայքում ավելի մանրամասներ չգտանք (առայժմ): Պարզապես հիշեցնենք, որ նախորդ` ապրիլյան կանխատեսման համաձայն մեր տնտեսական անկումը ենթադրվում էր 1.5 տոկոս, Ադրբեջանինը` 2.2 տոկոս, իսկ Վրաստանինը՝ 4: Այդ հրապարակումները պաշտոնական տարբեր արձագանքներ գտան: Մեր իշխանությունները հպարտացան, որ ամենացածր ռեցեսիան մեզ է «բաժին հասել»: Չնայած այն փաստին, որ մեր` հայաստանյան փորձագիտական տվյալներով, տնտեսության անկումը անհամեմատ ավելի մեծ է լինելու: Օրինակ, Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի կարծիքով՝ ճգնաժամի արդյունքում այս տարի ՀՆԱ-ի մինչև 15 տոկոսանոց անկում կարող է գրանցվել:

ԱՄՀ փորձագետների կարծիքի մեկ համընկման մասին էլ կարելի է արձանագրել: Ըստ նրանց՝ համավարակի հաղթահարումից հետո էլ առևտուրը երկար ժամանակ չի վերադառնա նախկին ցուցանիշներին: Մեր պաշտոնական վիճակագրությունը դա հաստատում է՝ առևտուրը մեր ներքին շուկայում 2020թ․ հունվար-մայիսին կրճատվել է 10.8 տոկոսով: Ադրբեջանական իշխանությունները ԱՄՀ-ի գնահատականը, ժողովրդական բառուբանով ասած, «չուզողություն» գնահատեցին: Վրաց պարագան տրամագծորեն հակառակն էր: Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ «ցավոք, տնտեսական անկումն իրենց հաշվարկով ավելի մեծ է լինելու, քան ենթադրել են ԱՄՀ մասնագետները և կազմելու է 5 տոկոս»: Իմաստ ունի նաև ուշադրություն դարձնել այս թվին՝ Ռուսաստանի համար կանխատեսվել է 6.6 տոկոսանոց անկում (ապրիլյան փաստաթղթում այս թիվը պակաս էր` 5.5 տոկոս): ԱՄՀ կանխատեսումը որոշակի իմաստով համընկավ Ռուսաստանի ԿԲ նախագահի գնահատականի հետ, որ իրենց տնտեսությունը եվրոպականից պակաս է տուժելու (հիշեցնենք, որ տրանսֆերների հիմնական ծավալը մեր երկիր փոխանցվում է հենց Ռուսաստանից):

Սպասենք ԱՄՀ զեկույցի ամբողջական տարբերակի հրապարակմանը, ուր կգտնենք մեր ու մեր տարածաշրջանի համար արված կանխատեսումների հասցեական տվյալները:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը