Մեկնաբանություն

26.06.2020 16:20


Ծաղրանկարային «ֆաշիզմ»՝ նեոբոլշևիկյան շպարով

Ծաղրանկարային «ֆաշիզմ»՝ նեոբոլշևիկյան շպարով

Հայաստանի ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը «ԱԺ-89» ՍՊԸ-ի վերածված խորհրդարանի ամբիոնից իսկապես և՛ հետաքրքիր էր, և՛ ինքնաբնութագրական, և՛ անկեղծ՝ որոշակի իմաստով: Դա, իհարկե, տիպիկ «ռեվալյուշոնֆյուրերական» ելույթ էր՝ համեմված համապատասխան ինտոնացիայով, կոյուղաջրային բառամթերքով, ժեստիկուլյացիայով ու, չնայած դիմակ-ռեսպիրատորին, նաև՝ միմիկայով:

Սկզբունքորեն, ի՞նչ ասաց, ավելի ճիշտ ի՛նչ «մեսիջներ» ընդգծեց Նիկոլ Փաշինյանն այդ ելույթում, որն, իբր թե, պիտի վերաբերեր բյուջեի կատարողականին: Թեպետ, ի՞նչ բյուջե ու, առավել ևս՝ կատարողական, երբ տնտեսությունն ուղղակիորեն սուզվում է բազմակողմանի ճգնաժամի հորձանուտում: Ըստ այդմ, հիմնական «մեսիջներն» էլ տնտեսության հետ խիստ հեռավոր աղերսներ ունեին:

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանում ներդրվում է միակուսակցական ռեժիմ, այսինքն՝ խոսքի ու որևէ բան անել-չանելու իրավունք ունի միայն իր «բոլշևիկյան» քայլախումբը, գործնականում միայն կամ՝ մի՛միայն ինքը: Իսկ մնացած բոլոր կուսակցությունները, հասարակական-քաղաքական կազմակերպություններն օրենքից դուրս են: Ի դեպ, 1933-ին իշխանության գալուց հետո Հիտլերը, հետևելով Ռուսաստանում բոլշևիկների օրինակին, միակ օրինական հռչակեց իր Նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցությունը:

Փաշինյանին, իհարկե, Հիտլեր չես համարի: Տրամաչափերն են ահավոր տարբեր: Նրան նյունիսկ Դուչեի՝ Բենիտո Մուսոլինի հետ չես համեմատի, որքան էլ որ վերջինս լրագրային մեկնաբան է եղել և քայլելով է հասել Հռոմ, ապաև՝ իշխանության: Ըստ այնմ, եթե կարելի է ասել, որ այժմ Հայաստանում «ֆաշիզմ» է, ապա թերևս միայն՝ ծաղրանկարային: Ավելի շուտ՝ ծաղրանկարային «ֆաշիզմ»՝ նեոբոլշևիկյան շպարով:

Համենայն դեպս, նա անկեղծորեն ցույց տվեց, որ իր երազած «նոր Հայաստանը» միակուսակցական, մեկ անձի քմահաճույքով «նստող-ելնող» երկիրն է, որտեղ չկա որևէ այլ կուսակցություն, այլ լրատվամիջոց, առհասարակ, այլ գործիչ, միայն ինքն է, իսկ բոլոր շենքերից ու պողոտաների վրա կախված են իր մեծադիր դիմանկարները, հնարավոր է, նաև՝ հրեշտակի թևերով կամ լուսապսակով...

Լավ, է՞լ ինչ ասաց Փաշինյանը իր այդ նյարդային ելույթում:

Նա, մի պահ «մոռանալով», որ կորոնավարակի տարածման համար ժողովրդին էր մեղադրում, ինչպես ասենք՝ վատ կառավարություն ունենալու համար էլ, քանզի ժողովուրդն է իրենց կառավարիչ դարձրել (հանճարեղ է, իհարկե), թարմացրեց իր մշտական թշնամանքի թիրախը: Հիմա էլ կամ՝ վերստին ազգի ու ժողովրդի թշնամի հռչակվեց ոչ նիկոլական մամուլը, այսինքն՝ բոլոր լրատվամիջոցները, բացի իր «ՀԺ»-ից ու, հասկանալի է՝ իշխանափոխության ուղղակի շահառու «Ազատությունից» ու էլի մեկ-երկու իշխանական սպասարկուներից:

Հասկանալի է, որ բոլոր կարգի բռնապետերին, բռնապետիկներին, անգամ՝ ծաղրանկարայիններին ամենից շատ խանգարողը ազատ կամ իր վերահսկողության տակ չգտնվող մամուլն է, առհասարակ, ազատ խոսքը, այլ կարծիքն ու միտքը:

Հաջորդը: Երկրում սոցիալական թշնամանքի քարոզն ու տարածումը բավարար չհամարելով՝ Նիկոլ Փաշինյանը սպառնաց սոցիալական հաշվեհարդարներով, ըստ էության մատնելով քիչ թե շատ ունևորների վրա ինչպես իշխանության, այնպես էլ՝ իշխանության հրահրմամբ չունևորների հարձակումներ իրականացնելու մարմաջը, ունեցվածքը խլելու բոլշևիկյան մոտեցումները: Ասել կուզեր, թե՝ պողոսնե՛ր, որ աղքատությունը ձեր գլուխների մեջ է, դուք վատ եք ապրում ոչ թե այն պատճառով, որ կառավարությունը անձեռնահաս է, այլ որովհետև ձեր հարևանը կամ էլի ինչ-որ մեկը լավ է ապրում կամ հարուստ է: Այսինքն, գնացեք ու խլեք ուրիշի ունեցվածքը: Նման բառեր ԱԺ ամբիոնից դեռևս չհնչեցին, բայց մեծ հաշվով, խորքում հենց դա էր ասվածի իմաստը:

Եվ, վերջապես, Նիկոլ Փաշինյանը գործնականում բացահայտեց, որ իր առանցքային ու միակ նպատակն իր ուզուրպատորական իշխանությունը պահպանելն է և, որքան հնարավոր է՝ այն երկարաձգելը, ի՞նչ իմանաս, միգուցե ժառանգական դարձնելը:

Հիմնականը այս «մեսիջներն» էին: Մնացածը նյարդային-հիստերիկ թեփ էր:

Ի դեպ, «սոցիալական բունտով» կամ «հանրահավաքով վախեցնելու» մասին: Ոչ ոք, գոնե մինչև երեկ Նիկոլ Փաշինյանին կարծես՝ չէր վախեցրել բունտերով կամ հանրահավաք անել-չանելու հայտարարություններով: Հանրահավաք անողը՝ կանի: Նույնիսկ՝ եթե իշխանությունները հատուկ դա թույլ չտալու նպատակով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգեն, ասենք, մի 50 տարով:

Նա, ով որոշել է պայքարել, կպայքարի՝ չնայելով ռեակցիոն իշխանության ռեպրեսիաներին և կամայականություններին:

Ինչ վերաբերում է սոցիալական բունտին, ապա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը պիտի դրանից վախենա: Բանն այն է, որ բունտերը, մանավանդ սոցիալական բունտը, հիմնականում բռնկվում է իշխանությունների անգործունակության և կառավարելիությունը կորցնելու հետևանքով, համարյա միշտ՝ ինքնաբուխ, իսկ ընթացքը՝ հախուռն ու վայրիվերո:

Պետական իշխանությունը զավթելու, վարակի հետ կապված երկիրը առողջապահական, ապա նաև՝ սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մեջ գցելու ամենատարբեր «նվաճումների» ու հնարավոր մեղադրանքների փունջ հավաքած իշխանությունն ու իշխանապետը ոչ թե հանրահավաքներից պետք է վախենան կամ դրանով փորձեն վախեցնել, այլ հենց «բունտից», որը կարող է սրբել-տանել ամեն ինչ, ցավոք, պետականությունն էլ հետը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը