Կարծիք

01.04.2011 00:28


«Շախմատային» տեսություն 2.0

«Շախմատային» տեսություն 2.0

Մարտի 31-ին «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» շարժման նախաձեռնող խումբը Գրողների միության մեծ դահլիճում կազմակերպել էր հավաք-սեմինար «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Բանախոսը սիստեմային վերլուծաբան, «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն էր։

Ստորև ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ։

Ներածություն

Այսպես կոչված «Մեծ Մերձավոր Արևելքի»  «շախմատային» տախտակի ապակայունացման ներկա գործընթացը արդեն իսկ ներ է առել մի տարածաշրջան, ուր բնակվում են մոտ 300 միլիոն մարդ: Փոփոխությունների մասշտաբը և արտահայտման բազմազանությունը ակամայից պատմական զուգահեռներ է արթնացնում 1989թ. Բեռլինյան պատի փլուզման, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսված 1950-ականների նասերյան հեղափոխության, և անգամ առաջին համաշխարհային պատերազմին հետևած Մերձավոր Արևելքի վերաձևման բուռն շրջանի հետ:

Իսկ եթե ապակայունացման մասշտաբին և դրսևորման բազմազանությանը գումարենք նաև նրա  սրընթացությունը, ապա կարելի է խոսել երևույթի պատմական աննախադեպության մասին: Վերջինս, կարևորելով հանդերձ տարածաշրջանի նախապատմության արևելագիտական իմացությունը, պահանջում է կարծրատիպերով չսահմանափակված թարմ հայացք, որը թույլ կտար հասկանալ ներկա ապակայունացման յուրահատկությունները, վեր հանել ոչ միայն հին այլ նաև այն նոր գործոնները, որոնք ազդում են իրադարձությունների զարգացման հետագծի վրա և, վերջապես, կանխատեսել այդ հետագծի առավել հավանական տարբերակները:

Չլինելով ոչ արևելագետ, ոչ էլ արաբագետ, ես կփորձեմ անդրադառնալ այսօրվա հավաքի թեմային որպես սիստեմային վերլուծաբան և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ` օգտագործելով մի մեթոդաբանություն, որը հենվում է վերջին տասնամյակներում զարգացում ստացած “Դինամիկ համակարգերի անկայունության տեսության” վրա:

Եվ այսպես ի՞նչ է տեղի ունենում

Որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող քաղաքական համակարգի ապակայունացման` շղթայական և բուռն ռեակցիա են ստեղծում տարածաշրջանում:

Գործող բռնակալությունների ներկա ապամոնտաժման հիմնական գործոններ են դիտվում հետևյալ ուժերը, որոնք հարկ է դիտարկել միաժամանակյա գործողության մեջ:

Մի կողմից, որպես հետևանք համաշխարհային ֆինանսա-տնտեսական և պարենային ճգնաժամի ծավալման, այս երկրների հասարակություններում տասնամյակների ընթացքում կուտակված սոցիալական բողոքի էներգիան քանակապես սկսում է հասնել կրիտիկական ծավալների` ստանալով նոր և իշխանափոխության համար բավարար որակ: Նկատենք, որ այդ որակի առաջացման համար առանձնահատուկ առաքելություն ունի այս երկրների բնակչության մեջ մեծ տոկոս կազմող երիտասարդությունը, որը սոցիալական բողոքի էներգիայի յուրահատուկ և կարևոր բաժնի կրողն է:

Հենց այդ յուրահատկության պատճառով դիտարկվող գործընթացում հատուկ սկսում են կարևորվել ինտերնետային տեխնոլոգիաները, հատկապես սոցիալական ցանցերը` որպես մի կողմից երիտասարդական մշակույթի նոր հարթակներ, իսկ մյուս կողմից բողոքի էներգիայի կազմակերպման և կուտակման նոր արդյունավետ գործիքներ: Վերջիններս իրենց հերթին ունեն ևս մեկ ուշագրավ առանձնահատկություն, այն է իրենց գլոբալ կամ համամոլորակային մատչելիության բնույթը, որը և բողոքի տրամադրություններին հաղորդում է  ներերկրային և տարածաշրջանային վարակիչ, բուռն և բռնակալների կողմից դժվար կառավարելի բնույթ: Այստեղ, անհրաժեշտ է նկատել  սոցիալական հիմնական ցանցերի ամերիկյան ծագումը և մասնավոր ընկերություններին պատկանելու հանգամանքը, որը լրացուցիչ հարցեր է առաջացնում անձնական տվյալների անձեռնմխելիության և հնարավոր մասնավոր և պետական չարաշահումների մասին, որը սակայն դուրս է իմ ելութի հիմնական ծիրից:

Այս շարժումների բաղկացուցիչ երկրորդ ուժը դա իսլամական արմատականությունն է, որը նույնպես տարիներ շարունակ, ինչպես ժողովրդավարությունը, եղել է արևմտամետ բռնակալությունների ճնշման տակ:

Այսինք ժողովրդավարությունը և իսլամական արմատականությունը ձեռք ձեռքի տված են գնում բռնակալների տապալմանը: Այստեղ նշենք, որ Արևմուտքը այս պայքարում սատարում է այս բաղկացուցիչ ուժերից միայն մեկին…

Հաջորդ գործոնը դա արտաքին գործոնն է: Երկրների մեծ մասում դա կապված է տարածաշրջանի համամոլորակային նավթային հիմնական պահեստարան և համամոլորակային տրանսպորտային միջանցք լինելու հանգամանքի հետ, որը իր հերթին կապված է համապատասխան արտաքին գեոտնտեսական և գեոքաղաքական ռազմավարական շահերի հետ: Սա հանգեցնում է համաշխարհային ուժային հիմնական բոլոր կենտրոնների շահերի բախման այնպիսի պոտենցիալ թնջուկի, որի խաղաղ լուծելիության հավանականությունը խնդրի բարդության պատճառով ձգտում է զերոյի…Վկան առաջին ”ծիծեռնակը” ի դեմս Լիբիայում սանձազերձված պատերազմի…

Տարածաշրջանի զգալի երկրներում կարելի է հատուկ առանձնացնել նաև շիա համայքների աշխուժացման գործոնը և համապատասխանաբար իրանական արտաքին գործոնը:

Տարբեր երկրներում ապակայունացման այս բաղադրիչները տարբեր համամասնություններով են հանդես գալիս, որը հանգեցնում է բողոքի ծավալման և համապատասխան իշխանական ռեակցիայի արտահայտման, ուստիև քաղաքական զարգացումների և իշխանախոխության բազմազանության…

Տարբեր վերլուծաբաններ տարբեր կերպ են գնահատում երկրների հնարավոր զարգացումները: Այսպես օրինակ, որոշ վերլուծաբաններ գտնում են, որ իսլամական արմատականության ուժերի դիրքերը շատ ավելի ամուր են, քան քաղաքացիական հասարակության կառույցները: Սա, ըստ վերջինների, հանգեցնելու է իշխանափոխությունից հետո իսլամական կոշտ արմատականության և արևմտյան ժողովրդավարության մրցակցության: Եվ առայժմ անհայտ է մնում թե որ երկրում որ ուժը կհաղթի: Ներշնչման հնարավոր տարբերակներ են առաջարկվում թուրքական իսլամական ժողովրդավարությունը կամ իրանական քաղաքական իսլամի մոդելը:

Այսպիսով տարածաշրջանի` առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսված, հետագայում  նասերյան հեղափոխությունների փուլով անցած և նեոլիբերալիզմի վերջին 30 ամյակի ժամանակ մասնակիորեն ձևափոխված,  ետգաղութատիրական ազգային պետականությունները մտնում են անկայունության երկարատև մի փուլ, ուր քայքայվում է նրանց կառավարման ավտորիտար բռնակալական և կիսաբռնակալական ձևը` իր տեղը զիջելով դեռևս անհայտ, ձևավորման փուլում գտնվող քաղաքական նոր համակարգի…

«Անկայունության տեսությունը» և տարածաշրջանը

Հիմա ես,  ստիպված եմ լինելու փոխառել  “Անկայունության տեսությունից” մի շարք գիտական եզրեր, որոնք դեռևս չունեն իրենց կայուն համարժեքները հայերենում:

Առաջին եզրը դա “տուրբուլենտությունն” է, կամ “փոթորկալիությունը”: Սա հանրահայտ, դասական “քաոս” բառի համարժեք գիտական եզրն է. որը լավագույնս նկարագրում է տարածաշրջանի փլուզվող համակարգի անկայունության որակը: Տուրբուլենտության տակ հասկանում են համակարգի այնպիսի վարքը, որը սկզբունքորեն անկախատեսելի է կամ քաոտիկ:  Վերջինս պայմանավորված է ոչ այնքան գործոնների առատությամբ որքան անկայության ոչ գծային բնույթով:. Սկզբունքորեն անկախատեսելիություն նաև նշանակում է, որ ոչ մի համաշխարհային գեոպոլիտիկ ուժ, ոչ մի սուպերհամակարգիչ, կամ նրանց ցանցը չի կարող հաշվարկել, թե անկայունությունից հատկապես ինչ նոր համակարգ կծնվի … Կարելի է, իհարկե ազդել այս զարգացումների վրա, սակայն այն մանրամասն կառավարել սկզբունքորեն հնարավոր չէ:

Երկրորդ եզրը դա «բիֆուրկացիան» է, կամ «ճյուղավորումը»: Ահա մեկ այլ եզր, որից պետք է օգտվենք նկարագրելու համար Քաոսից նոր Համակարգի հնարավոր տարբերակների ծնման պահը… Այստեղ ես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել ելույթիս թերևս ամենակարևոր կետի վրա: Խոսքը վերաբերում է փլուզվող համակարգերում փոքր, մարգինալ համարվող ուժերի դերին ու նշանակությանը անկայունության շրջանում: Անկայունությունից նոր Համակարգի ծննդյան գործընթացում կարևորվում են ոչ միայն փլուզվող համակարգի հիմնական դերակատարություն ու նշանակություն ունեցող մեծ ուժերը այլև որևէ միկրոուժ, որը ունակ է ինքնուրույն վարքի, և, որը , ինչքան էլ տարօրինակ թվա, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ծնվող նոր համակարգի տարբերակի ընտրության վրա… Վկան Ղարաբաղյան շարժման նշանակությունը Խորհրդային համակարգի փլուզման ժամանակ…Այսպիսով, բիֆուրկացիաների մոտենալուն զուգընթաց մեծանում են այն փոքր, մարգինալ համարվող ուժերի դերն ու նշանակությունը, որոնք ունակ են ինքնուրույն վարք ցուցաբերել…

Ներմուծելով վերը նկարագրված երկու եզրերը, կարելի է անցնել սոցիալական հեղափոխության ժամանակակից տեսությունների նկարագրմանը, որոնք հենվում են «Անկայունության տեսության» մշակումների վրա: Ըստ այդմ “հեղափոխություն” բառը նկարագրում է սոցիալական համակարգի կայունության կորուստը և “տուրբուլենտ” վիճակից և “ճյուղավորման” կետն անցնելուց հետո, նոր կայունության մեջ հայտնվելը:  Սոցիալական համակարգի մի կայուն վիճակից մեկ այլի անցումն այսպիսով տեղի է ունենում ընդհատ` ընդ որում հնարավոր են ինչպես թռիչքներ դեպի ավելի բարձր որակի կայուն և բարդ ինքնություն,  այնպես և փլուզումներ դեպի ավելի ցածր որակի, կայուն և պարզ ինքնություն: Բիֆուրկացիոն անցումների ժամանակ ամենափոքր շեղումներն անգամ կարող են ճակատագրական դեր խաղալ սոցիալական համակարգի ստանալիք նոր որակի համար…

Այս տեսական անհրաժեշտ շեղումից հետո վերադառնանք մեր տարածաշրջան և Հայաստան` մտապահելով բիֆուրկացիաների մոտենալուն զուգընթաց սեփական անկախ վարք ունեցող փոքր համարվող ուժերի դերի ու նշանակության աճի մասին և բիֆուրկացիոն պահերին ինքնության հնարավոր թռիչքների և փլուզումների մասին մեր տեսական նկատառումները …

Հայաստանի և «Սարդարապատ» շարժման մասին

Ինձ ավելորդ տագնապապաշտության կամ “ալարմիզմի” մեջ մեղադրելու փորձերը անմիջապես չեզոքացնելու համար նշեմ, որ մեզ անմիջական հարևան հանդիսացող և քաղաքական շարունակական  “ցունամիի” ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների մասշտաբը, բազմազանությունը, ինչպես նաև սրընթացությունը, ակնհայտ են դարձնում, որ շատ շուտով մենք գործ ենք ունենալու մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների հետ, որը մեզնից պահանջելու է նախ և առաջ քաղաքական հավաքական կամքի դրսևորում: Վերջինս  արտահայտվելու է մի կողմից սեփական ուժերին ապավինելու կամքի և հաստատակամության և նրանց  մեկտեղելու կարգապահության և կազմակերպվածության առկայությամբ, մյուս կողմից սեփական շահի հստակ գիտակցումով, շրջահայացությյամբ, սառը հաշվարկի կարողությամբ, և երրորդ կողմից` քաղաքական նախաձեռնողականության և ստեղծագործականության դրսևորմամբ:

Հայաստանը տարածաշրջանում համարվում է փոքր ուժ: Սակայն համաշխարհային ֆինանսա-տնտեսական և պարենային ճգնաժամի, այժմ նաև տարածաշրջանային ռազմա-քաղաքական ապակայունացմանը զուգընթաց, Հայաստանի աճող ներքին և արտաքին ճակատագրական նշանակություն ունեցող մարտահրավերներին զուգահեռ աճում է նաև Հայաստանի պոտենցիալ կարևորությունը տարածաշրջանում ծնվելիք նոր քաղաքական իրականության համար…

Այդ պոտենցիալ կարևորությունը կախված կլինի նրանից, թե որքանով Հայաստանը կլինի անկախ վարքի ընդունակ քաղաքական միավոր, որքանով այն կգիտակցի իր աճող կարևորությունը գալիք զարգացումների մեջ: Վերջիններս իրենց հերթին կախված են մի կողմից հանրապետության իշխանության լեգիտիմությունից, մյուս կողմից հասարակության  բարոյա-հոգեբանական մթնոլորտից:

“Սարդարապատ” շարժումը գտնում է, որ Հայստանում ներկայացուցչական ժողովրդավարության շարունակական ճգնաժամը թելադրում է իշխանության լեգիտիմության հասնելու և հասարակության  բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացման միակ հնարավոր ճանապարհը, այն է Հայաստանում անմիջական ժողովրդավարության ուղիով իշխանափոխության հասնելը:

Իր 2011 թ. մարտի  1-ի հայտարարության մեջ “Սարդարապատ” շարժումը նշել էր, որ 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից անցած երեք տարիների ընթացքում, գործող իշխանությունները այդպես էլ չցանկացան  գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեին տասը զոհված և հարյուրավոր վիրավորված և ազատազրկված քաղաքացիների համար:

Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում, երբ ապամոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող հանցագործ մեքենան: Հայաստանը, իր անմիջական հարևանությամբ ընթացող սրընթաց ապակայունացման պայմաններում, չի կարող հանդուրժել քաղաքական կամքի ձևավորման համար ևս մեկ բաց թսղնված յոթնամյակի շռայլություն:

Այդ իսկ պատճառով, Սարդարապատ շարժումը պնդել է, և շարունակում է պնդել “Ոչ ընտրություններին” կարգախոսի և անմիջական ժողովրդավարության ճանապարհող իշխանափոխության հասնելու տարբերակի վրա:

Անմիջական ժողովրդավարության (direct democracy) պահանջը:   Քաղաքական ստեղծագործականության հրամայականը Հայաստանում

Եթե երկու տարի առաջ այս կարգախոսը ընկալվում էր, որպես ընդամենը ռոմանտիկ մարդկանց անհնարին ցանկություն, ապա այսօր, մեր անմիջական հարևանությամբ, արաբական երկրներում ծավալված աշխարհաքաղաքական տեկտոնական ընթացքների տրամաբանությունը, ակնհայտ է դարձնում, որ վաղ թե ուշ այս ալիքը հասնելու է Կովկաս, այդ թվում նաև Ադրբեջան, և անչափ կարևոր է, որ Հայստանը օր առաջ պատրաստ լինի այդ` ժամանակային իմաստով անկախատեսելի զարգացումներին: Նույն արաբական երկրների փորձը լավ դաս է Հայաստանի համար, գիտակցելու, որ միայն իշխանափոխությամբ մենք չենք հասնի մեր նպատակին, այն է հասնել անշրջելի համակարգային փոփոխությունների:

Անմիջական ժողովրդավարությունը անհրաժեշտաբար դառնում է Հայաստանում իշխանափոխության միակ գործիքը, սակայն սա իր հետ բերում է նաև մեկ այլ հնարավորություն: Անմիջական ժողովրդավարության շարունակական օգտագործումով Հայասատանը իրեն կարող է դիրքավորել որպես քաղաքական ստեղծագործականության տարածաշրջանային փարոս: Վերջինիս հնարավորությունը պայմանավորված է այն հանքամանքով, որ մենք ապրում ենք  մի ժամանակշրջանում, երբ թե' Արևմուտքում, թե’ Արևելքում ծնվում են այնպիսի քաղաքացիական հասարակություններ, որոնք   ցանկանում են և ի վիճակի են գործող քաղաքական համակարգը անընդհատ վերահարմարեցնել  իրենց կամքին : Ոչ թե ինչ որ ֆիքսված ժամանակը, ասենք չորս կամ հինգ տարին մեկ, և ոչ թե ներկայացուցչական ժողովրդավարության միջոցով, այլ անհրաժեշտաբար և անմիջական`կիրառելով “անմիջական ժողովրդավարության” ժամանակակից հնարավորություները:

Հասունանում է ժողովրդավարության արագության և խորության համամոլորակային փոփոխություն:  Այն ներկայացուցչական ժողովրդավարությունը, որ գոյություն ունի Եվրոպայում կամ Ամերիկայում, մեծ հաշվով, արդեն հնացած է, և արտացոլում է 18 րդ դարի պայմանները: Ներկայացուցչական ժողովրդավարությունը շատ առումներով այլեւս ուժասպառ է, և ոչ արդյունավետ ոչ միայն Հայաստանում, կամ Մերձավոր Արևելքի երկրներում, այլ նաև Արևմուտքի այսպես կոչված զարգացած դեմոկրատիաներում:  Ոչ թե ժողովրդավարության սկզբունքն է հնացել, այլ ներկայացուցչական ժողովրդավարության իշխող իներցիոն տարբերակը:  Խոսքն, հետևաբար, հասարակությունների քաղաքական եւ սոցիալական կայացման մի նոր փուլի մասին է:  Ներկայումս փորձարկման մեջ են սկսվում դրվել մոդելներ, որոնք սպառնում են փոխել անգամ ամենազարգացած երկրների քաղաքական դեմքը:

Այսպես օրինակ, այսօր, աշխարհի թե զարգացած, թե զարգացող երկրների գրեթե ողջ բնակչությունը հագեցել է ձեռքի հեռախոսներով, որոնք մի կողմից դարձել են twitter-յան հեղափոխության ծառայությունների կրիչներ, իսկ մյուս կողմից “անմիջական ժողովրդավարության” արդյունավետ գործիքներ:

Քաղաքական ստեղծագործականության ընդունակ քաղաքական նոր վերնախավի ի հայտ գալը կարևորվում է նաև նրանով, որ դա ինքնին կհանդիսանար  Հայաստանի և Սփյուռքի թե’ տնտեսական  և թե’ մշակութային լավագույն ստեղծագործականությանը զարկ տալու օրինակը և երաշխիքը, ինչպես նաև հին ու նոր Սփյուռքի լավագույն ուժերին դեպի Հայաստան վիրտուալ և ֆիզիկակապես հայրենադարձելու համար:

Այսպիսով, Հայաստանի քաղաքական համակարգի գալիք բիֆուրկացիայից թռիչքաձև զարգացման ապահովման կարևորագույն նախապայմանը հասարակության քաղաքական ստեղծագործականության, հատկապես անմիջական ժողովրդավարության կիրառման անհրաժեշտություն է…

Այս խորագրի վերջին նյութերը